Երևան +18°
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 17:50 30-08-2023

Սեպտեմբերից բոլոր դպրոցներին ֆինանսավորումը կտրվի ոչ թե ըստ աշակերտների, այլ ըստ դասարանների թվի. Սվաջյան

Սեպտեմբերից բոլոր դպրոցները գործելու են ֆինանսավորման նոր մոդելով. ֆինանսավորումը կտրվի ըստ դասարանների թվի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«Եթե նախկինում դպրոցների ֆինանսավորում իրականացվում էր ըստ աշակերտների թվի, ապա այժմ իրականացվելու է ըստ դասարանների թվի, որը հատկապես էական ազդեցություն է ունենալու փոքրաթիվ սովորողներ ունեցող դպրոցների ֆինանսավորման առումով: Նման հաստատությունները մշտապես խնդիրներ էին ունենում աշակերտների փոքր համակազմի պատճառով, այժմ նրանք բարելավում կունենան:

Նոր չափորոշչի ներդրվող դասարաններում լինելու է ուսուցիչների դրույքաչափի բեռնաթափում. գործող 22 ժամվա փոխարեն 2-րդ դասարանում շաբաթական 18 ժամ են դասավանդելու, իսկ 5 և 7-րդ դասարաններում՝ 20-ական ժամ: Աշխատավարձը պահպանվելու է 22 ժամ դրույքաչափի համամասնությամբ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Իսկ մինչև 100 սովորող ունեցող դպրոցներում, որտեղ չկար մեկ դրույքաչափով աշխատելու հնարավորություն, քանի որ առարկաների դասաժամերը քիչ էին, ուսուցիչների աշխատավարձը կկլորացվի մինչև մեկ դրույք, բայց ոչ ավելի, քան կես դրույքի չափով: «Այս ծրագիրը կկանխի այն հնարավոր ռիսկը՝ ըստ որի ամբողջական դրույք չունեցող ուսուցիչները կարող են հեռանալ դպրոցից»,- նշել է փոխնախարարը:

Մեկ այլ փոփոխությամբ դպրոցների բյուջեները կազմվելու են ավտոմատացված համակարգով: Ծրագիրը և բանաձևերը հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում: Տնօրեններից միայն պահանջվելու է տեղադրել ամբողջ տեղեկատվությունը:
Ֆինանսավորման նոր մոդելով՝ դպրոցներն ունենալու են հոգեբանական ծառայության հնարավորություն՝ հոգեբանի հաստիքի ներդրմամբ:

«Այս ծառայության կայացումը շատ ենք կարևորում, քանի որ դպրոցն այն միջավայրն է, որը ոչ միայն գիտելիք, կարողություն ու հմտություն է փոխանցում, այլև պետք է ձևավորի աշակերտին որպես անձ, տա արժեքային համակարգ, և պետք է լինի այն ապահով ու անվտանգ միջավայրը, որտեղ կիրականցվի որակյալ և արդյունավետ ուսումնական գործընթաց»,- ներկայացրել է Արաքսիա Սվաջյանը:

Ֆինանսավորման նոր մոդելը փոփոխություն կմտցնի նաև ներառական կրթության ոլորտում: «Նախկին գործող մոտեցմամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար տրամադրվում էր բարձրացված չափաքանակը, որը ուղղվում էր նրանց համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, ինչը ոչ այնքան արդյունավետ էր: Այս նոր ֆինանսավորման բանաձևում ունենք 2 նպատակային տող: Առաջինը վերաբերում է միջավայրի հարմարեցումներին՝ ապահովելու առնվազն նվազագույն հարմարեցումներ ԿԱՊԿՈւ երեխաների համար: Կան նաև մեթոդական ուղեցույցներ, որոնք կօգնեն դպրոցի ղեկավարությանը այդ հարմարեցումների ստեղծման գործընթացում: Երկրորդ տողը խելամիտ հարմարեցումներն են, որոնք ուղղված են կոնկրետ երեխայի այս կամ այն կրթական կարիքի ապահովմանը, ինչը հնարավորություն կտա երեխային լինել առավել մասնակցային և արդյունավետ կրթություն ստանալ»,- իրազեկել է Արաքսիա Սվաջյանը:

Ամենից շատ դիտված