copy image url
Միտք Ներքին 4 շաբաթ առաջ - 09:00 29-03-2024

Անեկդոտի «գայիշնիկին» նմանվող ՔՊ-ն նախընտրում է կանգնել խաչմերուկում

Խորհրդային բռնազավթման տարիների մի հին անեկդոտում «գայիշնիկը» ցանկություն է հայտնում կանգնել դրախտ-դժոխք խաչմերուկում։ ՔՊ-ական իշխանության համար նույնպես խաչմերուկը ներդաշնակ միջավայր է։ Պատմությունը վկայում է, որ խաչմերուկային երկրները ավելի հաճախ են անվտանգային ռիսկերի բախվել։ Սակայն սա չի կաշկանդում իշխանություններին, որոնք հետևողական խրախուսում են խաչմերուկային խոսույթը։

Հերթական խաչմերուկային բեմադրված քննարկումն է կազմակերպվել մարտի 28-ին։ ԳԱԱ-ում բացվել է «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի նպատակն է նոր ելքեր ու հայեցակարգեր գտնել աշխարհաքաղաքական բարդ ժամանակներում մեր երկրի դերի կարևորման առումով: Մասնակիցներին ներկայացվել է նաև կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի նպատակն է բացել տարածաշրջանային հաղորդակցությունները։ Գիտնականները կարող են չհասկանալ խաչմերուկային քաղաքականության ռիսկերը, բայց իշխանությունը դրանք չհասկանալու և պատասխանատվությունից փախչելու իրավունք չունի։

Տեսակետ կա, թե ՔՊ-ական իշխանությունը պարզապես վախենում է քաղաքակրթական ընտրություն կատարելուց։ Կասկած կա նաև, թե Փաշինյանի իշխանությունը ոչ թե չի ուզում, այլ չի կարող քաղաքակրթական ընտրություն կատարել, քանի որ կաշկանդված է ռուսներին տված խոստումներով։ Սա է խաչմերուկային կուրս վարելու իրական պատճառը։

Նկատենք, որ երբեմնի բախտակից բազմաթիվ երկրներ քաղաքակրթական ընտրություն կատարել են, դարձել ազատ, ժողովրդավարական պետություն, քաղաքակիրթ աշխարհի մաս։ Հայ ժողովուրդը նույնպես Սեպտեմբերի 21-ին կատարել է ընտրություն, հոգուտ անկախ, ժողովրդավարական պետության։ Սակայն հետագայում որոշ հարցերում հետընթաց է եղել։ Այսօր կրկին հայտնվել ենք ընտրության առաջ։ Բայց ինչպես հայտնի անեկդոտի «գայիշնիկը», ՔՊ-ական իշխանությունը նախընտրում է կանգնել խաչմերուկում։

Ակնարկում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու մտադրության մասին, սակայն այդ ուղղությամբ գործուն քայլեր չկան։ Խոսում են ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին, սակայն մնում են սառեցված։ Հասկանում են, որ պատերազմների, պարտությունների պատճառները ռուսամետ կուրսն է եղել, սակայն չեն փոխում այն։ Բազմաթիվ փաստարկներով ապացուցում են, որ ռուսական ռազմական ներկայությունը անվտանգային սպառնալիք է, իսկ ռուս-ադրբեջանական ռազմաքաղաքական գործակցությունն ուղղված է ՀՀ-ի դեմ, բայց ոչ միայն ռուսներին դուրս չեն հրավիրում, այլև ռուս սահմանապահներ են տեղակայում հայ ադրբեջանական սահմանի այն հատվածներում, որտեղից կանխատեսվում է ադրբեջանական ներխուժում։

Այս իրարամերժ, հակասական մոտեցումների ներդաշնակությունը հենց այն խաչմերուկն է, որի մասին խոսում են ՔՊ-ական մեծ և փոքր գործիչները։ Ասում են՝ ՀՀ-ն ոչ մի տեղ չի գնում, կամգնած է մնում խաչմերուկում։ Սա, իրականում, նշանակում է, որ ՀՀ-ն չի պատրաստվում վերանայել արտաքին, անվտանգային հայեցակարգերը։ Այս առումով՝ խաչմերուկը ոչ թե հեղափոխական, այլ ռեակցիոն դիրքորոշում է։ Ուստի՝ սին են այն հույսերը, թե ՔՊ-ական իշխանությունը կարող է ՀՀ անկախությունն ամրացնելու և ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ քայլեր անել ու առաջընթաց արձանագրել։

Պարզ ասած՝ քաղաքակրթությունների խաչմերուկի գաղափարը վտանգավոր է։ Երբ քաղաքակրթությունները թշնամաբար են տրամադրված միմյանց նկատմամբ, ապա խաչմերուկը կարող է դառնալ պատերազմի դաշտ։ Ներկայում ՀՀ-ում բախվում են արևմտյան քաղաքակրթության հավակնոտ հետաքրքրությունները և ռուսական հակաքաղաքակրթության իներցիոն շահերը։ Այստեղ ՔՊ-ի խաչմերուկային կեցվածքը վտանգավոր է, քանի որ բախվող շահերը համատեղելու փորձերի հետևանքով հնարավոր է հասունանա իրական բախում։ Եթե ՔՊ-ական իշխանությունը խաչմերուկային պասիվություն է ցուցաբերում և հետաձգում քաղաքակրթական ընտրություն կատարելու միջոցով անկախությունն ամրացնելու իրական քայլերն, ապա այդպիսով հասունացնում է անկախությանն ու ժողովրդավարությանն ուղղված ռիսկեր։ Հետևաբար՝ խաչմերուկային ներկայացումները ոչ միայն ծիծաղելի են, անեկդոտային, խուսափողական, այլև հակաժողովրդավարական։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
01:25 Ոտքի կանգնեք՝ քշելու այս նախիրը․ քաղաքացին կոչ է անում արցախցիներին՝ միանալ պայքարին
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
09:27 Ալեն Սիմոնյանը տարրական գիտելիքների չի տիրապետում, հրավիրում եմ դասընթացի. Կարին Տոնոյան
12:12 Մեզ հետ ուլտիմատումով չխոսաս, այ տղա. քաշքշուկ` Երեւան-Գյումրի ճանապարհին
18:23 «Կեռան թագուհու Ավետարանը»․ տեղի ունեցավ Էմմա Չուգասզյանի գրքի շնորհանդեսը