copy image url
Միտք Ներքին 1 ամիս առաջ - 09:00 18-03-2024

Սատանա կա ակադեմիական քաղաքում

ՔՊ-ական իշխանությունը վաղուց է որդեգրել բուհերի շենքերը ծախելու ու բուհական կրթությունն արժեզրկելու քաղաքականությունը։ Այս նպատակով նախընթաց տարիներին Երևանի որոշ մեծ բուհերի ղեկավարներ են նշանակվել ՔՊ-ամերձ, գիտական աշխարհից հեռու մարդիկ։ Վերջիններս նաև բարոյականության և քրեական օրենսգրքի հետ խնդիրներ են ունեցել, որոնց մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում։ Այսպիսի թուլակամ, ապագիտական, խոցելի ղեկավարները, բնականաբար, չեն կարող բողոքել իշխանությունների՝ բուհերը Երևանից դուրս հանելու հակաբուհական, հակակրթական նախագծի դեմ։ Պարզ ասած՝ ՔՊ-ի նշանակած այս թույլ ղեկավարների հիմնական առաքելությունը ակադեմիական քաղաքի նախագծի շրջանակում բուհերի շենքերը ծախելն է։ Կրթության փորձագետների կարծիքով՝ այս նախաձեռնությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ գիտության, բուհական համակարգի վրա, երիտասարդների մեծ մասը պարզապես չեն ցանկանա սովորել։

Ակադեմիական քաղաքի նախագծային աշխատանքները պետք է ավարտվեն 2025-ին։ Ճանապարհների, շենքերի, ենթակառուցվածքների շինարարությունը՝ 2029-ին։ 2030-ից բուհերն ու գիտական հիմնարկները կսկսվեն տեղափոխվել։ Շինարարության մասնագետների գնահատմամբ՝ այս ժամկետներում քաղաքի կառուցումն իրատեսական չէ։ ՔՊ-ական իշխանությունը սահմանամերձ դարձած գյուղերում 3 տարուց ավելի է չի կարողանում մի քանի տուն կառուցել գյուղացիների համար։ Ուստի՝ չի կարող մի քանի տարում կառուցել մի քանի տասնյակ բուհական շենքեր, հարակից ենթակառուցվածքներով հանդերձ։

ՔՊ-ական իշխանությունն արդեն լուրջ խնդրի է բախվել, որովհետև նրան հավատացող, խածը կլլող չկա, ներդրումների հոտ չի գալիս։ Տեղական գործարարները չեն ուզում միլիարդավոր դոլարներ ներդնել և արժանանալ գիտական համայնքի և ուսանողների բացասական վերաբերմունքին։ Միջազգային ներդրողները, հավանաբար, նույնպես ռիսկային են համարում։

«Մենք ի՞նչ ենք ասում։ Ասում ենք, որ ի վերջո՝ Երևան քաղաքում երկարաժամկետում պետք է ոչ մի բուհ չլինի, և Ակադեմիական քաղաքից դուրս պետք է ոչ մի բուհ չլինի։ Հանրապետության բոլոր բուհերը, հայաստանյան, թե օտարերկրյա, մասնավոր, թե պետական պետք է գործեն միայն Ակադեմիական քաղաքում»,- մարտի 16-ին Դիլիջանում կազմակերպված քննարկման ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը, ապա հավելել, որ մտադիր են Երևան քաղաքի բուհերի շենքերը համախմբել մի կազմակերպության մեջ և որպես տարածքներ կառավարման հանձնել միջազգային ընկերությանը, գեներացվող ամբողջ գումարն ուղղել Ակադեմիական քաղաքի և բուհական համակարգի ֆինանսավորմանը։

Փաշինյանի խոսքից ենթադրելի է, որ առաջիկայում ՔՊ-ամերձ օլիգարխները իրենց Դերոյի անունով կգրանցեն ընկերություն, որը 99 տարով կվարձակալի արդեն մեկ կազմակերպության մեջ խմբավորված Երևանի բուհերի շենքերի տարածքները, որոնք առանձին-առանձին վերավարձակալության կհանձնի իրական գնորդներին։

Թեև՝ բուհերի շենքերը ծախելու կամ վարձակալության են հանձնելու նախագծի վերջին փուլում՝ 2030-ին, սակայն խնդիրն առաջնային է։ ՔՊ-ական իշխանությունը ժամկետից շուտ ազդարարում է, որ այդ շենքերը ծախելու են կամ տալու են վարձով, որպեսզի գրավի իրական գնորդների ուշադրությունը, նրանց հետ կնքի նախնական պայմանագրեր, ակնկալվող եկամուտների սահմաններում կազմի ակադեմիական քաղաքում շինարարական աշխատանքներ կատարելու նախահաշվարկ։

Իհարկե՝ հանրությունն անտարբեր չի կարող մնալ բուհերի շենքերը վաճառելու թեմային։ Սակայն ցույցերն ու քննադատությունները նաև մեծացնում են բուհերի շենքերը գնելու կամ վարձակալելու հետաքրքրությունը։ Եթե իրական գնորդը կարող էր կասկածել ստախոսությամբ հայտնի ՔՊ-ական իշխանության խոսքին, տվյալ դեպքում՝ այս նախագծի ռեալությանը, ապա բուհերի կազմակերպած ցույցերն ու հուզական արձագանքներն ակամա ցրում են այդ թերահավատությունը։

Ենթադրելի է, որ բուհերը Երևանում թողնելու և կրթական ավանդույթները պահպանելու ջատագովները պայքարի այլ միջոցներ կընտրեն առաջիկայում։ Օրինակ՝ կարող են փորձեն քաղաքականացնել թեման, ԱԺ 2026-ի ընտրություններում հասնել իշխանափոխության։ Եթե պարտվեն ընտրապայքարում, ապա կարող են դատական կարգով պաշտպանել իրենց ավանդական տեղում մնալու իրավունքները։ Եթե դատարանում պարտվեն, ապա կարող են պոպուլիստական հնարքներ կիրառել, վանել բուհերի շենքերի իրական գնորդներին։ Իսկ եթե դա էլ չօգնի, ապա չի բացառվում, որ չհանձնվող որոշ ուսանողներ մի կողմ կդնեն գիտական սկզբունքայնությունը և սարսափելի պատմություններ կտարածեն, իբր բուհերի շենքերում ուրվականներ կան, որոնք հալածելու են նոր գնորդներին, իսկ ակադեմիական քաղաքում սատանա կա, որը խելագարության է հասցնելու այնտեղ տեղափոխված գիտնականերին և ուսանողներին։

Թաթուլ Մկրտչյան