Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:00 04-03-2023

Հավերը գողացա ու դրեցի ծոցս, որ տղերքը սոված չմնան․ Սատանա Անոն անկեղծացավ

Մեկ որդի ուներ Անահիտ Գրիգորյանը (Սատանա Անո), երբ որոշեց կամավորագրվել։ Ամուսինն արդեն առաջին գծում էր, ու ինքը, երեխային թողնելով հարազատների հույսին, միացավ ՀԱԲ-ին։ Այդ ժամանակ Անահիտը 28 տարեկան էր, բայց հասկացել էր, որ պետք է կյանքը նվիրի իր երեխայի և մյուս երեխաների ապագային։ Առաջին անգամ դիրքեր է բարձրացել 1990 թվականին․ «Թորգոմյան Արամոյենք գնում էին։ Ես ու ազատամարտիկներից Նոնան ուզեցինք իրենց միանալ։ Արամոն ասաց՝ ոչ մի աղջիկ չեմ տանելու։ Այդ ժամանակ ՀԱԲ-ի շտաբը կինոթատրոն Երևանի հետնմասում էր։ Շտաբից դուրս եկանք ու կտրեցինք մեր մազերը, բարձրացանք «66»-ի կուզովը, գլխարկները դրել էինք ու էնպես, որ չճանաչեն մեզ։ Այդ օրը Կարմիրի շրջան՝ Վահան գյուղ էին գնում։ Արամոն մեր ծիծաղից հասկացավ, թե ինչ է կատարվել։ Հետո Արամոն ասեց՝ երդվեք, որ էստեղ բոլորդ հավասար՝ քույր ու եղբոր նման եք լինելու։ Ավելորդ բան չնկատեմ, թե չէ բոլորդ պատասխան կտաք»,- Օրագիր․News-ի հետ զրույցում անկեղծացավ Անահիտ Գրիգորյանը։
Անահիտը այդպես դարձավ ազատամարտիկ։ Հոգում պայքար կար, ցավ, ու շատ էր ուզում իր ուժերը օգտագործել հանուն հայ ժողովրդի, հանուն Արցախի։



«Զենքին տիրապետել եմ Շռամ Արմենի շնորհիվ։ Տղաներից հետ չեմ մնացել։ Կազարմայի մեջ ուտելու բան չկար, ու ես որոշեցի, որ սոված չենք մնալու։ Գիշերով գյուղ մտա, ուտելիք, կոմպոտներ բերեցի, հավ գողացա (լր․ ժպտում է)։ Փորիս մեջ դրած հավերը բերեցի։ Վզերը քաշել էի, ու շորերս արյունոտ էին, տղերքը սկբում մտածեցին, թե վիրավոր եմ։ Շորերս քաշեցի ու հավերը տեսան։ Արամոն ընկերական խփեց գլխիս ու ասեց՝ էս ինչ ես անում այ սատանա։ Դրանից հետո բոլորը ինձ ճանաչում են այդ անունով՝ Սատանա Անո։ Տղաները քնում էին, ու մենք նասկիները տանում էինք գետում լվանում, բերում, որ Չապաևի նասկի չդառնան։ Ես էի, Նոնան էր, Վրեժի քույրը՝ Ալոն էր, Կառան էր, մեր արդեն զոհված Սուսանն էր»,-պատմում է։
44-օրյա պատերազմը անցավ ԵԿՄ-ի հետ։ Սեպտեմբերի 30-ին արդեն առաջնագծում էր։
«Հոկտեմբերի 5-ին ռմբակոծման տակ էինք, որից հետո Մխիթարյան Ռոմիկի ջոկատի հետ միասին շրջափակման մեջ ընկանք։ Չորս օր ծանր վիճակ էր, հետո շրջափակումից դուրս եկանք ու եկանք Հադրութ, մյուս օրը դուրս եկանք ու իմացանք, որ Լաչինի մոստը տրաքացրել են, Շուշիի եկեղեցու գմբեթը խփեցին։ Մենք անցանք ու իմացանք, որ արդեն Շուշին է վտանգված»։

Ցավ է ապրում, որ երկրի ղեկավարության կողմից պատշաճ վերաբերմունքի չեն արժանանում ազատամարտիկները, շեշտում է, որ մանավանդ կին ազատամարտիկները, ովքեր քիչ են, պետք է գնահատվեին։

«Ամուսինս ևս ազատամարտիկ է․ պատերազմական գործողություններին մասնակցել է «Արաբո» ջոկատի կազմում։ Ես չեմ զղջում, որ կյանքս նվիրել եմ հայրենիքին։ Այսօր զավակներս հպարտանում են ինձնով, թոռնիկներ ունեմ։ Եթե Աստված չանի պատերազմ լինի, կգնամ, որովհետև ես այլ կերպ ապրել չեմ կարող»,-ասում է Անահիտ Գրիգորյանը։



Կին ազատամարտիկը ասում է՝ վերջին պատերազմը էականորեն տարբերվել է արցախյան առաջին պատերազմից․ «Մենք թուրք կանանց ենք խղճացել, թուրք տղամարդկանց ենք լացացրել, ինչ ասես արել ենք, բայց հիմա կնոպկա սեղմեցին ու արկերը թափվեցին գլխներիս»։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
15:20 Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի. Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ