copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:23 18-08-2022

Հիշեք, որ խոսքը սատանա փնտրելու հանձնարարություն տվող մարդու մասին է․ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը Նիկոլ Փաշինյանի խոսքերի մեջ տրամաբանություն փնտրելն անիմաստ է համարում։

Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, թե տարբեր տեսագրությունների ուսումնասիրություններից կարելի է ենթադրել, որ «Սուրմալու»-ում ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսանյութերում ծուխ կա, փախչող մարդիկ կան։

Վարոսյանին հարցրինք, թե կառավարության ղեկավարը իրավունք ունի՞ նախաքննության վարկածներից մեկը բացառել՝ հիմնվելով իր ուսումնասիրությունների վրա։ Արդյո՞ք սա քննության ուղղորդում չի կարող դիտվել, նախաքննության վրա ազդեցություն չի կարող համարվել, և արդյոք նորմալ է, որ կառավարության ղեկավարը կարծիք է հայտնում մի բանի մասին, որից ոչ մի գաղափար չունի, մինչդեռ այդ աղետի հետևանքով 16 զոհ կա, 2 օր է՝ Հայաստանում սուգ է հայտարարվել։

Այս հարցերին փաստաբանը պատասխանեց․ «Նախ, ինչ վերաբերում է բուն մտքին, ապա Փաշինյանի խոսքի մեջ տրամաբանություն փնտրելը անիմաստ զբաղմունք է, նա շատ դեպքերում խոսում է՝ խոսելու ու հանրությանը զբաղեցնելու համար։ Իրավիճակը մի փոքր այլ է դառնում, երբ տեսնում ենք նրա դիմաց նստած, համակ ուշադրությամբ նրա շուրթերին նայող իրավապահ մարմինների ղեկավարներին։ Ցավոք, Հայաստանում երբեք իրավապահները անկախ չեն գործել, ու նրանց համար վճռորոշ է եղել կառավարման բուրգի վերևում գտնվող անձի կարծիքը։

Քննության սիզբնական փուլում, երբ դեռ նոր է նշանակվել պայթունատեխնիկական փորձաքննություն, որևէ պաշտոնյա չպետք է կարծիք հայտնի տեղի ունեցածի մասին։ Իսկ եթե խոսքը վարչապետի աթոռին նստած անձի մասին է, ապա առավել ևս։ Բայց եթե հիշենք, որ խոսքը սատանա փնտրելու հանձնարարություն տվող մարդու մասին է գնում, ցավով պիտի արձանագրենք, որ նա ինչ հանձնարարություն մտքին փչի, կարող է տալ, իսկ նրա մոտ աշխատելու համաձայնվածներն էլ պիտի կատարեն»։