copy image url
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 12:00 02-03-2024

Ինչ են քննարկել ՔՊ ծածուկ հանդիպմանը. 4 վարկած

Մարտի 1-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ։ Հանդիպմանը մասնակցել են կառավարության անդամներ, Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը։ Ի՞նչ են քննարկել հանրությունից ծածուկ, և ի՞նչ է սպասվում առաջիկայում։ Այս առումով շրջանառվում է 4 վարկած։

Առաջին վարկածով՝ ՔՊ-ում քննարկվել են հավանական պատերազմին դիմագրավելու հետ կապված հարցեր։

Պատերազմի հավանականության մասին կանխատեսումներ են արել գրեթե բոլորը՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն, ԵՄ-ն, փորձագետները, նույնիսկ Freedom House-ը։ Ասում են, թե պատերազմի վտանգ կա ապրիլ-մայիս ամիսներին։ Այդ վտանգի հետ են կապում նաև 2024-ի ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը Հայաստանում անցկացվելիք պահեստազորայինների վարժական հավաքները։ Այս մասին որոշումն ընդունվել է Կառավարության փետրվարի 29-ի նիստում։ Մեկ ամիս առաջ էլ՝ հունվարի 31-ին, ՊՆ-ն էր տեղեկացրել, որ 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Ու եթե ՔՊ փակ քննարկմանը ներկա են եղել կառավարության անդամները, ապա ենթադրելի է, որ քննարկել են, թե ով ինչ ու ինչպես է անելու, եթե պատերազմ սկսվի։

Երկրորդ վարկածն առնչվում է ՀՀ սահմաններից ռուս զինվորներին դուրս հրավիրելու թեմային։

Նախ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորի հարցին ի պատասխան, ասաց, որ ՀՀ-ում ռուս սահմանապահների գտնվելու և գործառույթների վերաբերյալ պայմանագիր գոյություն չունի։ Իսկ մարտի 1-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ խմբակցության քարտուղարն ասաց, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուսական զորքերի դուրս հրավիրման հարցը ՔՊ օրակարգում է, քննարկումներ են տեղի ունենում։ Սակայն բաց է մնում հարցը, թե ռուսներին դուրս հրավիրելուց հետո ովքե՞ր են կանգնելու սահմաններին, և ինչպե՞ս են դրանք պաշտպանվելու։ ԵԿՄ նախագահի ներկայությունը նշանակում է, որ ռուսներին դուրս հրավիրելուց հետո սահմանների պաշտպանության հարցում ներդրում է ունենալու նաև ԵԿՄ-ն։ Հիշեցնենք, որ Ներքին Հանդում վերջին սադրանքի ժամանակ մեր 4 զոհվածները ԵԿՄ անդամներ էին։ Այսինքն՝ ԵԿՄ-ն արդեն մեծ դերակատարում ունի սահմանների պաշտպանության հարցում։

Երրորդ վարկածով՝ ՔՊ փակ հանդիպմանը քննարկվել են եվրաինտեգրացիայի ուղին ընտրելու հետ կաված հարցեր։ ՀԱՊԿ անդամությունը սառեցնելու, ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ մտածելու մասին խոսող ՔՊ-ական իշխանությունը բազմիցս է հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է հարաբերությունները խորացնել ԵՄ-ի հետ այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Ուստի՝ Եվրախորհրդարանի փետրվարի 28-ի հայանպաստ բանաձևերից հետո ՀՀ-ն համապատասխանաբար պիտի խորացնի ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Եվրաինտեգրացիայի խորացումը, ենթադրաբար, հանգեցնելու է ռուսական հակազդեցության, որը չեզոքացնելու համար կպահանջվի ուժերի մոբիլիզացում։

Չի բացառվում, որ ՔՊ փակ հանդիպմանը քննարկվել են այս երեք թեմաներն էլ։ Հարցն այն է, թե աղետալի պարտություններով հայտնի ՔՊ-ական իշխանությունն ունա՞կ է դիմագրավել պատերազմը, որի հավանականության մասին զգուշացնում են ամեն կողմից։ Կամ կարո՞ղ է դիմագրավել ռուսական հակազդեցությանը, երբ մի քանի ամիս առաջ խոսում էին 5-րդ շարասյան գոյության մասին, բայց ոչ մի լյուստրացիա տեղի չունեցավ։ Եվ արդյո՞ք ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կհավատան Նիկոլ Փաշինյանին, որը 2018-ին իշխանություն է ստացել ռուսների միջնորդությամբ, իսկ ներկայում հանդես է գալիս որպես տարածաշրջանացման ջատագով։ Հավանաբար՝ ոչ։ Հետևաբար՝ ՔՊ-ն փորձելու է, թիմում վերադասավորումներ անելով, չեզոքացնել հիբրիդային սպառնալիքները։ Ամենայն հավանականությամբ ՔՊ ծածուկ հանդիպմանը քննարկվել է ներքին վերադասավորումների հարցը։ Այսինքն՝ չի բացառվում, որ խորհրդարանական ընդդիմության որոշ գործիչներ առաջիկայում գործնական առաջարկներ կստանան։

Թաթուլ Մկրտչյան