Սե՞ր, թե՞ ատելություն. ինչ է խորհրդանշում Փաշինյանի վրա նետված խնձորը. 3 վարկած
copy image url

Սե՞ր, թե՞ ատելություն. ինչ է խորհրդանշում Փաշինյանի վրա նետված խնձորը. 3 վարկած

Միտք Ներքին 7 ամիս առաջ - 22:15 26-08-2024
Իհարկե, պետության բարձրաստիճան պաշտոնյայի ուղղությամբ իր նետելը անհարգալից վերաբերմունք է և պատժելի արարք, բացառությամբ երկնային շնորհ, առատություն, սեր խորհրդանշող իրերի։ Ըստ ավադույթի՝ թագավոր և թագուհի համարվող նորապսակների գլխին ցորեն և վարդի թերթեր շաղ տվող հարսանքավորներն ուզում են, որ ամուսինները սիրո և առատության մեջ լինեն։ Այս նմանությամբ՝ 2021-ի հունիսի 8-ին, ԱԺ ընտրություններից մի քանի օր առաջ Արագածոտնում Նիկոլ Փաշինյանի գլխին վարդի թերթեր են շաղ տվել՝ ի նշան սիրո։

Իսկ ի՞նչ է խորհրդանշում օգոստոսի 23-ին, Երևանում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ նետված խնձորը։ Հանրային խոսույթում քննարկվող հիմնական վարկածները երեքն են։

Հոգեբանների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոչ բոլորն են ատելությամբ պատասխանում իրենց ատողներին։ Բացառություն են կազմում մազոխիստ, անափ ներողամիտ, իրականությանը ոչ համարժեք վարք դրսևորող մարդիկ, որոնք միասին կազմում են հասարակության մոտ 9 տոկոսը։ Իսկ հանրության մեծ մասը համարժեք է արձագանքում և փոխադարձ ատելությամբ պատասխանում իրեն ատողին։ Հայտնի է, որ ՔՊ-ն և նրա ղեկավարները 2018-ից ի վեր իրենց խոսույթը կառուցում են ատելության հողի վրա։ Նրանք ատելությամբ են վերաբերվում նախկինների, ավանդույթների, հոգևորականության, «պատերի տակ վնգստացող» դատավորների, ընդդիմախոսների, երբեմն՝ ամբողջ ժողովրդի նկատմամբ։ Հետևաբար՝ մարդիկ ենթադրում են, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ժողովրդի ուղղությամբ տևական ժամանակ թափվող ատելությունը օգոստոսի 23-ին պտուղ տվեց։ Այսինքն՝ 9-րդ հարկից նետվածը խորհրդանշում է հանրային փոխադարձ վերաբերմունքը։

Երկրորդ վարկածը բեմադրությունների շարքից է։ Վարչապետի անվտանգության համար հանրային մեծ միջոցներ են ուղղվում։ Հարկատուների մի մասը կարծիք է հայտնում, որ կառավարությունը չարդարացված ծախսեր է անում այս ուղղությամբ, քանի որ Հայաստանում Փաշինյանի կյանքին ոչինչ և ոչ ոք չի սպառնում։ Հետևաբար՝ հակառակը ցույց տալու համար է Փաշինյանին հարազատ երևանյան մի բակում բեմադրվել տեսարան, որից հետո կասկածվողին կներկայացվի մեղադրանք, և նա կպատժվի՝ ի խրատ ժողովրդի, որ ոչ ոք նման արարք չկրկնի և չդժգոհի, որ Փաշինյանի պահպանության համար մեծ փողեր են ծախսում։ Իսկ եթե կասկածյալը չընդունի մեղադրանքը, և դատարանը վճիռ կայացնի՝ առանց հիմնավոր ապացույցների, միայն թիկնապահների վկայությունների հիման վրա, ապա լիարժեք կհիմնավորվի վարկածը, որ սա բեմադրություն է։ Չի բացառվում, որ սրանից հետո բարձրաստիճան պաշտոնյայի պաշտպանությանն ուղղվող ծախսերը կավելանան, ներառելով հակաօդային պաշտպանության հատուկ սարքեր, որոնք օդում կոչնչացնեն նետվող առարկաները։

Ամենաշատ շրջանառվող վարկածը, սակայն, սևեռվում է նետվող առարկայի խորհրդանշական իմաստի վրա։ Հայտնի է, որ խնձորը սիրո արտահայտություն է։ Սիրային ստեղծագործություններ կան, որտեղ սիրելիին խնձոր են նվիրում ի նշան սիրո։ Օրինակ՝ «Տեսնեմ կսեի, ձեռքիս վարդը տամ, Վարդը որ չառնե, ոսկի խնձոր տամ...»։ Որոշ գյուղերում, որտեղ վարդը թանկ է, կարմիր խնձոր են նետում նորապսակների ուղղությամբ։ Այս առումով՝ Փաշինյանի ուղղությամբ նետված խնձորը խորհրդանշում է սեր։ Եվ ինչպես 2021-ին վարդի թերթեր շաղ տվողն էր ցուցադրում իր սերը Փաշինյանի հանդեպ, այնպես էլ օրեր առաջ մարդն, ի նշան սիրո՝ խնձոր է նետել նրա ուղղությամբ։ Այլ կերպ ասած՝ խնձոր նետելը վարդի թերթեր շաղ տալու նման մի բան է։ Ճիշտ է, նետված խնձորը վախեցրել է Փաշինյանի թիկնապահներին, սակայն այն սիրո արտահայտություն է եղել։

Պարզ ասած՝ խնձորային պատմությունը լուրջ փորձություն է Փաշինյանի համար։ Եթե դատարանն ապացուցի, որ խնձորը նետվել է սիրուց դրդված, ապա չի բացառվում, որ ենթադրյալ նետողը առավելագույնը՝ պայմանական պատիժ կստանա։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը թիկնապահների ճնշման տակ ստիպի դատարանին ազատազրկել նրանց վախեցրած քաղաքացուն, ապա կապացուցվի, որ Փաշինյանն ատում է ժողովրդին, և նետված խնձորն, իրոք, ՔՊ-ի սերմանած ատելության պտուղն է։ Ավելին՝ Փաշինյանի նկատմամբ ժողովրդի ատելության փաստը կապացուցի, որ ՔՊ-ն լեգիտիմության պակաս ունի, որի պարագայում ՔՊ-ն գալիք ընտրություններում հնարավոր է՝ առանց լուրջ դիմադրության պարտվի և զիջի իշխանությունը ժողովրդին սիրող ու նրա վստահությունը վայելող կուսակցություններին։

Թաթուլ Մկրտչյան