Երևան +12°
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 22:32 27-02-2024

Տոպրակը՝ ուսին, ֆոտոապարատը՝ ձեռքին ամիսներով շրջում էր Արցախում. Սամվել Կարապետյանի հիշատակի օրն է

Այսօր՝ փետրվարի 27-ին, հայ հուշարձանագետ, պատմաբան, քարտեզագիր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախկին նախագահ Սամվել Կարապետյանի հիշատակի օրն է։

Երջանկահիշատակ Սամվել Կարապետյանի՝ հայ ժողովրդի պատմության մեջ ունեցած կարևորության, ոլորտում ունեցած ավանդի և նշանակության շուրջ Oragir.News-ը զրուցել է քարտեզագետ-քարտեզաբան, աշխարհագրագետ Ռուբեն Գալչյանի հետ, որի խոսքով` Սամվել Կարապետյանը հայ մշակույթի ամենամեծ պահապաններից մեկն է։

«Առաջին բանը, որ կարող եմ ասել իր մասին, այն է, որ նա մեր մշակույթի ամենամեծ պահապաններից մեկն է։ Ես զարմանում եմ՝ ինչպես կարող է մի մարդ այդքան մեծ գործ արած լինել՝ այդքան անձնուրաց ու իր անձը մոռացած կերպով լծվելով իր գործին, միայն թե տեսնի՝ ինչեր կան, որ գոնե նկարներով փրկի դրանք»։

Գալչյանի խոսքով` Սամվել Կարապետյանը հայ պատմական հուշարձանների ամենախոր ուսումնասիրողներից մեկն էր։

«Սամվելը այն պրպտողներից էր, որը ամեն քար շուռ էր տալիս, որ տեսներ՝ տակը ինչ կա։ Նա մեր պատմական հուշարձանների ամենախոր, ամենալայն կերպով ուսումնասիրողն ու պրպտողն էր, որ ուսումնասիրել, նկարել, չափագրել է այն, ինչ որ տեսել է աչքի առաջ։

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում այն, որ գործունեություն է ծավալել նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ մեր հարևան երկրներում։ Ուսանողության տարիներին ինքը, ոչինչ չունենալով, հաճախ ոտքով, ֆոտոապարատը՝ ձեռքին, մի տոպրակ ուսին՝ գնում, օրերով, ամիսներով ման էր գալիս Արցախի շրջաններով ու նկարում բոլոր այն հուշարձանները, որ տեսնում էր։ Հետո՝ իր բոլոր լուսանկարները հատ-հատ նայում, չափագրում էր՝ որտեղ է, ինչ է։ Արդյունքում՝ հսկայական արխիվ է հավաքել, որոնք ուսումնասիրելու համար տարիներ են անհրաժեշտ, որպեսզի լինի այն մեկը, որ կարգի կբերի և կդասավորի դրանք։

Վերջերս մի մեծ գիրք էր հրատարակվել Արցախի մանրատեղանունների քարտեզներով և հարյուրավոր լուսանկարներով, որոնք, ևս, Սամվել Կարապետյանն էր հավաքել։ Եթե նա դրանք արած չլիներ, ոչ ոք դրանից տեղյակ չէր լինի հատկապես այսօր, երբ Ադրբեջանն աշխատում է ամեն բան, որ առնչվում է Հայաստանի հետ, վերացնել իր կողմից զավթված տարածքներում»։

Oragir.News-ի հետ զրույցում Գալչյանը նշեց, որ Սամվել Կարապետյանին՝ իր կենդանության օրոք չէին սիրում անգամ հոգևոր դասի ներկայացուցիչները․

«Մեր ներկա կղերականների հետ շատ լավ հարաբերություններ չուներ, քանի որ ինքը մտածում էր, որ եկեղեցիներն ու վանքերը պիտի վերանորոգվեն, ինչպես եղել են, այլ ոչ թե դառնան եկամտի աղբյուրներ»։

Սամվել Կարապետյանի կարևորագույն նախաձեռնություններից մեկն էր իր կողմից ղեկավարվող կառույցի այն աշխատանքը, որով ճարտարապետական կոթողների մնացորդները ձեռք էին բերում անձնագրեր։

«Սամվելի առաջարկով և նախաձեռնությամբ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հայկական ճարտարապետության կոթողների մնացորդների համար նախարարության հետ համատեղ անձնագրեր պատրաստեց, որտեղ կոթողի լուսանկարը, նախկինում ինչպիսին լինելը, որտեղ գտնվելը և նույնիսկ աշխարհաքաղաքական կոորդինատները»։

Զրույցի վերջում Գալչյանը բարձր գնահատեց այսօր հիմնադրամի իրականացրած աշխատանքը։

«Իր կազմակերպությունը աշխատանքը տանում է լավագույն կերպով․ ամեն տարի 100 կոթողի անձնագիր են պատրաստում, հանձնում Կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը, արխիվին։ Սա հասարակությանը հետաքրքրող բան չէ, քանի որ շատ մանրակրկիտ է։ Այսօր իր ֆիզիկական բացակայությունից հետո էլ իր կազմակերպությունը այդ գործը լավ շարունակում է»։

Հավելենք, որ հուշարձանագետ, պատմաբան, քարտեզագիր Սամվել Կարապետյանը տարբեր երկրներում մանրամասն ուսումնասիրել, չափագրել, լուսանկարել է հայկական հազարավոր հուշարձաններ և հայկական հետքեր։ Հեղինակել և համահեղինակել է հայկական հուշարձանների, հայկական ճարտարապետության և հայոց պատմությանն առնչվող տասնյակ գրքեր, գիտական հարյուրավոր հոդվածներ, բազմաթիվ քարտեզագրքեր։

Վախճանվել է 2020 թվականին՝ 58 տարեկան հասակում, Երևանում։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com

Ձեզ գուցե հետաքրքրի