copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:03 21-02-2024

Բժշկական կրթության ոլորտում կներդրվի փորձարարական հետբուհական կրթական ծրագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր համատեղ հրաման են ստորագրել՝ բժշկական կրթության ոլորտում կլինիկական օրդինատուրայի հենքի վրա փորձարարական հետբուհական մասնագիտական կրթական ծրագիր ներդնելու վերաբերյալ:

Բժշկական կրթության ոլորտում փորձարարական հետբուհական մասնագիտական ծրագիրը ստեղծվել է «Հենար» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով միավորելու երկրում առկա լավագույն ակադեմիական և կլինիկական ռեսուրսները հետբուհական բժշկական կրթության ոլորտում, ինչպես նաև համագործակցելու միջազգային գործընկերների հետ՝ ստանալու նորարարական, ռեզիդենտակենտրոն ծրագիր՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա: Ծրագիրը ռեզիդենտներին տալու է ընդգրկուն, բազմազան և համապարփակ կրթություն։

Համատեղ հրամանի ստորագրման միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Առողջապահության ազգային ինստիտուտի ռեկտոր Ալեքսանդր Բազարչյանը, ներկայացուցիչներ «Հենար» բարեգործական հիմնադրամից և շահագրգիռ այլ կառույցներից:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է կարևոր ծրագրի մեկնարկի առիթով և ընդգծել՝ իրականացվող փոփոխությունները սպասված են թե՛ կրթության, թե՛ առողջապահության ոլորտներում: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև միջգերատեսչական արդյունավետ համագործակցությունն ու ջանքերի մեկտեղումը:

«Մենք գտնվում ենք բարձրագույն կրթության բարեփոխումների կարևոր փուլում՝ թե՛ կրթական ծրագրերի բովանդակության, թե՛ կառուցվածքային փոփոխությունների տեսանկյունից: Կարևոր է, որ այս ծրագիրը լինի համահունչ և իրականացվի այդ բարեփոխումների համատեքստում: Մասնավորապես՝ խոսքն ակադեմիական քաղաքի, բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի մասին է: Բժշկական կրթությունը լինելու է այս ամբողջ կրթական տարածքի մի կարևոր մասը: Այսօր էլ բժշկական կրթությունը յուրահատուկ տեղ ունի մեր երկրում. այն կրթության ամենապահանջված ուղղությունն է միջազգային իմաստով»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու նշել՝ օտարերկրյա ուսանողների ամենամեծ թիվն առկա է հենց բժշկական կրթության ուղղությամբ, ինչը հավելյալ պատասխանատվություն է առաջացնում՝ որակի ապահովման տեսանկյունից:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ Երևանի պետական բժշկական համալսարանը վերջերս նաև միջազգային հավատարմագրում է անցել՝ վերահաստատելով որակական այն պահանջները, որոնք պետք է գործեն բժշկական կրթության կազմակերպման առումով:

«Այս ուղղությամբ առավել քան հետևողական ենք լինելու նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի մշակման շրջանակում՝ հատուկ ուշադրության դարձնելով լիցենզավորման, հավատարմագրման և մյուս ուղղություններին: Կարծում եմ՝ այս ծրագիրն ուղենշային ու շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ ցույց է տալիս մեր հանձնառությունը՝ գնալ որակյալ կրթական ծրագրեր իրականացնելու ճանապարհով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ այս աշխատանքները կնպաստեն նաև պետության կողմից կրթաթոշակային տեղերի բաշխման գործընթացն ավելի նպատակային ու թիրախային դարձնելուն՝ ծառայեցնելով մեր երկրի իրական կարիքներին և զարգացման սկզբունքներին:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս բարձր է գնահատել երկու գերատեսչությունների միջև համագործակցությունը.

«Շնորհավորում եմ ոչ միայն այն արդյունքի համար, որն այսօր գրանցում ենք և որը հետագայում հիմք է ծառայելու թե՛ կրթական, թե՛ առողջապահական ոլորտներում լուրջ բարեփոխումների, այլև նմանօրինակ կարևոր համագործակցության համար: ԿԳՄՍ նախարարության հետ վերջին տարիներին մի շարք ծրագրերում կարողացել ենք բեկումնային փոփոխություններ բերել»:

Բժշկական կրթության ոլորտում փորձարարական հետբուհական մասնագիտական ծրագիրն իրականացվելու է «Մանկաբուժություն» մասնագիտությամբ կազմակերպվելիք սովորողների ընդունելության արդյունքներով: Ծրագիրը գործում է Առողջապահության նախարարության նպատակային օրդինատուրայի ծրագրի շրջանակում: Այն մեկնարկել է 2023 թվականի հոկտեմբերին և ունի մրցութային կարգով ընդգրկված 8 սովորող՝ ընդունված և՛ ԵՊԲՀ-ի, և՛ ԱԱԻ-ի միջոցով:

Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ և Առողջապահության նախարարները նաև զրուցել են ծրագրում ընդգրկված սովորողների հետ, հետաքրքրվել փորձարարական ծրագրի կիրառումից և ընձեռած հնարավորություններից:

Ծրագրի ակադեմիական գործընկերներն են Առողջապահության ազգային ինստիտուտը և Երևանի պետական բժշկական համալսարանը, իսկ միջազգային գործընկերը՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը: Ծրագրի հիմնական կլինիկական գործընկերներն են «Արաբկիր» բժշկական համալիրը, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրն ու «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցը:

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
21:44 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
21:13 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 30-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել գազատար խողովակին
20:59 Գործող վարչախումբը գաղափարապես սնանկ է, ռեսուրսով՝ հարուստ, բայց ռեպրեսիվ, հուսահատվել չկա՛, պետք է անել ավելին
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
22:49 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
22:30 ՔՊ-ին Վաղարշապատը պետք էր, որ Վեհարանի դեմ գրոհն արդարացնի․ հարցում
21:56 Մենք չենք հանձնվում, ամեն ինչ առջևում է. Սպերցյանը մեկնաբանել է խոշոր հաշվով պարտությունը
22:13 Ընդդիմադիր այն ուժերը, որոնք չեն հաղթահարում անցողիկ շեմը, փոշիացնում են ընդդիմության ձայները և նպաստում իշխանության վերարտադրությանը