Ներքին 2 տարի առաջ - 12:00 21-02-2024

Մեծախոսությունը երբեք մեծագործության չի վերածվում

Առանց անցյալի չկա ապագա, ասել են շատ վաղուց և ճիշտ։

Ինտերնետի դարում, երբ ամեն տեղեկատվություն պահպանվում է շտեմարաններում և հասանելի է համացանցով, դժվար չէ թերթել պատմության էջերը և, ինչպես ընդունված է ասել տվյալ դեպքերում, վերաիմաստավորել տեղի ունեցածը։

Հատկապես այն դեպքերը, որոնց մասնակից ես եղել, տարիներ անց երևում են այլ լույսի ներքո։ Որոշ պարագաներ թվում են նշանակությունը կորցրած, այլ դեպքերում, սակայն, մի քանի անգամ մեծանում է տեսածի նշանակությունը։

Որպես օրինակ դիտարկենք 2020 թվականի մայիսին Արցախի նախագահի պաշտոնը ստանձնած Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում նույն ամռանն արված գրառումները, հրապարակված տեսանյութերը։ Հետհայացքով նայելով այդ նյութերին, որոնք պաթոսի, ոգևորության պակաս չունեին, ակամայից մտածում ես՝ մի՞թե չէր զգացվում մոտալուտ պատերազմն իր ամբողջ արհավիրքով։ Չէ՞ որ հայկական պետությունների միջև գործակցությունը թե՛ այդ ժամանակ, և թե՛ դրանից առաջ, կոչվում էր համակցված ու սերտ։

Ասֆալտապատման, զվարճանքի օբյեկտների բացման, ոռոգման համակարգերի ներդրման ու ընդլայնման, Covid-ի տարածման դեմ ձեռնարկվող քայլերի և այսուայլ անխռով, ընթացիկ միջոցառումների լուսաբանման ֆոնին ժամանակ առ ժամանակ երևում էին վտանգավոր հաղորդագրություններ, ինչպես, օրինակ՝ «ադրբեջանական զինուժը հայտնում է հայկական ԱԹՍ ոչնչացնելու մասին»։ Թե ինչու էր հայկական անօդաչուն հայտնվել հակառակորդի ՀՕՊ թիրախում՝ դա չէր հայտնվում, բայց անօրինակ ուրախությամբ խոսվում էր հուլիսյան մարտերում թշնամուն հասցված պարտության և զինվորների պարգևատրման մասին։
Իշխանական քարոզչամեքենան, այսպիսով, ամբողջովին բթացնում էր հասարակության ուշադրությունը։ Եվ դա՝ պատերազմը սկսելուց 1 ամիս առաջ։

Նմանօրինակ, մեղմ ասած, «շեղող» տեղեկատվական քարոզչությունն իր գագաթնակետին հասավ հենց 44-օրյայի օրերին։ «Հաղթելու ենք» լոզունգն իշխում էր պատերազմի գրեթե ամբողջ ընթացքում, մինչև նույն Արայիկ Հարությունյանի՝ Շուշի քաղաքից հղված տեսաուղերձը, որտեղ նա օրհասական վիճակն այլևս չկարողացավ թաքցնել։ Այդ ուղերձը սառը ցնցուղ էր բոլորիս համար, սակայն արդեն ուշ էր՝ անխորտակելի արծրունիզմն արել էր իր սև գործը։

Այլևս չկա Արցախը․ հիմա մենք ՀՀ տարածքում ենք, բայց տեղեկատվական «կերակուրը», որը հրամցնում են՝ նույնն է։ Պարոնյանի անմահ կերպարը դիպուկ ախտորոշում է․ «հառաջիմություն կը պոռանք և ետ ետ կերթանք, լույս կը պոռանք և դեպի խավար կերթանք, աջ կը կոչենք և դեպի ձախ կերթանք, ապագա կըսենք և դեպի անցյալը կը վազենք։ Ո՜հ, մեծ մեծ խոսքեր, իսկ մեծ գո՞րծ․․․»։

Եվ, ինչպես նախկինում էին հնչում մեծ-մեծ, բայց իրականության հետ աղերս չունեցող կոչեր, հիմա էլ շարունակվում են «բարի ավանդույթները», որոնք մեզ տանում են դեպի ապագայի նորանոր փորձություններ՝ առանց ասելու, թե դրանք ինչպես ենք հաղթահարելու։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին