Ներքին 2 տարի առաջ - 15:38 24-01-2024

ԼՂ-ից տեղահանված 250 ուսուցիչ արդեն գործուղվել է մարզեր՝ դպրոցներում աշխատելու

Վերջին տվյալներով ԼՂ-ից բռնի տեղահանված 17 հազար սովորող ընդգրկված է հանրակրթական ուսումնական հաստատությունում։

Այս մասին, «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում, հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը:

«Սկզբնական փուլում երեխաները դպրոցներում տեղավորվեցին անկախ անհրաժեշտ փաստաթղթերից։ Դրանից հետ կատարվեց նրանց կարիքի գնահատումը, շատ արագ փորձեցինք վեր հանել եղած խնդիրները, ըստ դրա էլ մշակվեցին աջակցության ծրագրերը։ Աջակցություն ցուցաբերվեց ոչ միայն հոգեբանական, այլև կրթական ծառայությունների առումով, հատկապես բարձր ավարտական դասարաններում սովորողների համար՝ մասնագիտական կողմնորոշման հարցում։ Բոլոր աշակերտներն ապահովվեցին նաև անհրաժեշտ դասագրքերով»,-ասաց Ստալ Սարդարյանը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանի խոսքով՝ կարիքների գնահատումը ցույց տվեց, որ հիմնական բացերից մեկը գրենական պիտույքների, դպրոցական պայուսակների, այլ պարագաների բացակայությունն էր։ Նախարարությունը, համայնքները, միջազգային ու տեղական կազմակերպությունները լծվեցին այդ պարագաների ձեռքբերման ու տրամադրման գործին։

«Այդ փուլում կարևոր էր հյուրընկալող դպրոցների հետ աշխատանքը, որպեսզի կարողանային ինտեգրումը սահուն ապահովել։ Շատ ցցուն էին երեխաների հոգեբանական, սոցիալական խնդիրները, հաղորդակցման դժվարությունները։ Այստեղ մեծ աշխատանք էր տարվում դպրոցների հոգեբանների հետ։

Սկզբնական շրջանում դժվարություն կար այս երեխաներին դպրոց բերելու հարցում, որովհետև անորոշ վիճակ էր, թվում էր, թե ինչ-որ փուլից հնարավոր է վերադառնան իրենց տներ։ Մեծ աշխատանք պահանջվեց, որ այդ երեխաները գան դպրոց»,-ասաց Ալվարդ Պողոսյանը։ Մյուս խնդիրն այն էր, որ ԼՂ-ում եղած ժամանակ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, նրանցից շատերը բաց էին թողել կրթական ծրագրեր։ Անհրաժեշտություն կար այս ուղղությամբ ևս հավելյալ աշխատելու։

Այս ընթացքում մշակվեց և իրագործվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագիրը։ Կառավարության որոշմամբ հաստատվեց գործուղման կարգ, որով հնարավորություն տրվեց արցախցի ուսուցիչներին գործուղել մարզեր և աշխատել այնտեղ գտնվող ուսումնական հաստատություններում։ Նրանց տրամադրվում է մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով լրավճար։

Սյունիքի, Վայոց ձորի մարզերի ուսումնական հաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքի դպրոցներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Բերդ համայնքների ուսումնական հաստատություններում բացի աշխատավարձի 30 տոկոսի չափով լրավճարից, հավելյալ ֆիքսված 50 հազար դրամ լրավճար է նախատեսվում։ Վերջին տվյալներով ստացվել է 300 դիմում, արդեն 250 ուսուցիչ գործուղվել է և աշխատում է մարզային ուսումնական հաստատություններում։ Սա կօգնի նաև մարզային դպրոցներում ուսուցիչների թափուր հաստիքները լրացնել։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
13:40 Ի՞նչ անել, որ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելն ինֆարկտի բուն չդառնան. Աննա Հակոբյան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան