Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:47 05-10-2023

ԼՂ-ից տեղահանված սիրելի՛ ուսուցիչներ, մենք ձեզ սպասում ենք մեր դպրոցներում. ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Մենք ապրում ենք օրեր, երբ Ուսուցչի տոնը ոչ թե միմյանց ջերմորեն շնորհավորելու և բարեմաղթանքներ հղելու առիթ է, այլ ձեր դերն ու առաքելությունը վերաիմաստավորելու, պատասխանատվությունը կրկնապատկելու ևս մեկ անհրաժեշտություն: Վերջին տարիներին դուք ցուցաբերել եք միահամուռ ջանքերով մարտահրավերները հաղթահարելու կամք ու վճռականություն՝ անցնելով համավարակն ու պատերազմը: Այսօր, առավել քան երբևէ, պետք է բազմապատկել բոլորիս վճռականությունն ու հետևողականությունը՝ ի նպաստ մեր հայրենազրկված երեխաների կրթության շարունակականության ապահովման:

Սիրելի՛ մանկավարժներ, բոլորիս ուշադրության կենտրոնում այսօր Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներն են, նրանց ամեն կերպ աջակցելու և ինտեգրելու առաջնային գործընթացները: Դուք պետության վստահելի գործընկերն եք, և ձեր անմիջական ջանքերով ենք հաղթահարելու այս բարդ ու ճակատագրական փորձությունը: Սիրե՛ք և փայփայե՛ք մեր դպրոցականներին, հայրենիքի պատերը թող ձեզնով ավելի ջերմանան նրանց համար: Շնորհակալ եմ այն նվիրվածության և սրտացավության համար, որով թե՛ կրթության գործընթացն եք ապահովում, թե՛ հասցնում մասնակցել կամավորական աշխատանքներին ու աջակցել մեր հայրենակիցներին։ Այս օրերին ձեր դրսևորած վարքն ավելին է, քան անցկացրած դասը։ Հավատացա՛ծ եղեք՝ ձեր թե՛ նախկին, թե՛ ներկա աշակերտները նորովի են արժևորել իրենց ուսուցչին ու շատ բան սովորել այս ընթացքում։

Ձեզնից շատերը հենց այս շրջանում մասնակցել և մասնակցում են նաև կամավոր ատեստավորման գործընթացին։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բարդ իրավիճակում պլանավորած անելիքn իրականացնելու կամքի համար։ Վստա՛հ եղեք` յուրաքանչյուրիդ որոշումն ու մասնակցությունը նպաստում են պետական բարեփոխումների կայացմանը, որը մեր կրթական համակարգի, հետևաբար նաև պետության զարգացմանն ուղղված կարևոր քայլ է:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սիրելի՛ ուսուցիչներ, մենք ձեզ սպասում ենք մեր դպրոցներում՝ ամեն կերպ աջակցելու և աշխատանքով ապահովելու: Միացե՛ք մեր մեծ թիմին՝ ընդհանուր դժվարություններն ու հաջողությունները կիսելու, միասին այս փորձությունները պատվով անցնելու, մեր երեխաների կրթությունn ավելի որակյալ դարձնելու բարձր նպատակն իրականացնելու ճանապարհին։

Սիրելի՛ ուսուցիչներ, մաղթում եմ ձեզ ուժ ու եռանդ, աշխատելու և արարելու կամք և լավատեսություն»,- նշված է ուղերձում:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում