copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 23:13 17-01-2024

«Գոյ»-ի կոմունալները Սունդուկյան թատրոնը հոր գրպանից չի մուծում. Կառավարման խորհրդի նախագահ

Ինչպես ժամեր առաջվա ԱԺ նիստի հարց-պատասխանի ընթացքում հայտարարել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Գոյ» թատրոնին առնչվող գործընթացը պարզ վերակազմակերպում է:

«Սա այն պարզ ճշմարտություն է, որը մենք փորձում ենք փոխանցել և անընդհատ հանդիպում ենք տարբեր մանիպուլյացիաների, որոնց հիմքն ու իմաստը, անկեղծ ասած, շատ հասկանալի չէ»,- հայտարարեց Ժաննա Անդրեասյանը:

Հայտարարության շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Oragir.News-ը զրուցել է «Գոյ» թատրոնի նախկին տնօրեն Սարգիս Արզումանյանի հետ, որ նախարարի հնչեցրած «մանիպուլյացիային» նման կերպ արձագանքեց.

«Ժաննա Անդրեասյանը մեր պահանջը չի ընկալում այն տրամաբանական պարզ պատճառով, որովհետև ուզում է, որ նշանակված տնօրենը գործն ավարտին հասցնի, ինչպես ինքն էր հայտարարել իր տարեվերջյան ասուլիսի ընթացքում:

Սա է պատճառը, որ չեն ուզում ընկալել մեր պայքարը, իսկ մեր արդար պահանջը, որով ուզում ենք աշխատել, իրենց համար մանիպուլյացիա է ընկալվում:

Դատական ընթացք կա, որը նույնիսկ հաշվի չառնելով՝ իրենք ուզում են այդ գործը ավարտին հասցնել:

Մանիպուլյացիան ո՞րն է. ինձ համար անհասկանալի է»:

Oragir.News-ը փորձեց պարզել, թե այս օրերին թատրոնի շուրջ ծավալվող բուռն գործողությունների արդյունքում ստացվե՞լ է արդյոք որևէ պատասխան դատարանից, ինչին ի պատասխան Արզումանյանն ասաց, որ նախարարության կողմից կազմակերպվող գործընթացը օրենքի խախտումներով է.

«Ինչպես ժողովրդական խոսքում է ասվում, ամենը «զոռբայությամբ» է փորձում կատարվել: Իրենք ասում էին՝ քանի որ գործը վարչականից քաղաքացիական դատարան է տեղափոխվել, հետևաբար՝ պիտի լինի ընդունում-հանձնումը:

Մեզ էլ փորձում էին համոզել, որ քաղաքացիական դատարանը վերցրել է վարույթը:

Այստեղ մի պահ էլ կա, որ քիչ է՝ քաղաքացիական դատարանը չի վերցրել վարույթը, դեռ մի բան էլ հետ է ուղարկել վճռաբեկ դատարան՝ ասելով, որ սա իր գործը չէ:

Նախարարությունը, սակայն, իր ջանքերով տարածելով տեղեկատվություն, թե «Գոյ» թատրոնը միացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, ժողովրդին մոլորության մեջ է դնում և փորձում ապացուցել, որ գործընթացը տեղի է ունեցել»:

Հարցին՝ ինչով է զբաղված թատրոնն այս ընթացքում, նախկին տնօրենն ասաց.

«Թատրոնն աշխատում է իր բնականոն ընթացքում՝ առանց ղեկավարի, որին մենք անվստահություն ենք հայտնել:

Նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանը, որ, ըստ օրենքի, դառնում է Սարգիս Չոլոյանի իրավահաջորդը, մեր իրավաբան Կարո Ասատրյանին լիազորությունից զրկեց, որ պիտի պաշտպաներ «Գոյ» թատրոնի շահերը:

Մենք էլ որոշեցինք Կարեն Սիմոնյանին իր այդ լիազորությունից զրկել. անվստահություն հայտնելով՝ ստեղծեցինք կառավարման խորհուրդը, որով կղեկավարենք մեր թատրոնը:

Այսինքն՝ մենք չենք ունենա տնօրեն, կունենանք խորհուրդ, որի միջոցով թատրոնը կկառավարվի»:

Արզումանյանի խոսքով՝ նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանից տեղեկություն չունեն, քանի որ աշխատանքի չի ներկայանում:

«Նա «երես չունի», որ ներկայանա աշխատանքի: Ոչ մի տեղեկություն չունենք:

Նույնիսկ ամսի 15-ին զանգահարել ենք իրեն, ինքը չի պատասխանել:

Երևի թե ավելի շատ զբաղված է խնջույքներ վարելով: Հակված ենք մտածելու այն մասին, որ միջոցառումներ ունի ու չի հասցնում ՊՈԱԿ-ը կառավարել. երևի թամադայություն է անում, կամ էլ գործով է զբաղված, քանի որ նրա մականունը «թուրք» է, դրա համար էլ, երևի, դավաճանական գործարքների մեջ է»:

ԱԺ ամբիոնից նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց նաև այն մասին, որ «Գոյ»-ի կոմունալները Սունդուկյան թատրոնի կողմից էր վճարվում, և այդ իմաստով նաև ամբողջապես անկախ և ինքնավար իրավիճակ չկար:

Այս հայտարարությանը ի պատասխան՝ ստացանք հետևյալ մեկնաբանությունը.

«Մենք ասել ենք, նորից կասենք, որ այդ կոմունալները Սունդուկյան թատրոնը իր հոր տնից չի տալիս, ոչ էլ Վարդան Մկրտչյանն է իր գրպանից տալիս. դա պետությունն է տալիս:

Եթե այս շենքում չլիներ «Գոյ» թատրոնը, լիներ այն շենքում, պետությունը այդ գումարը տալու էր «Գոյ» թատրոնին: Բայց քանի որ ջրաչափը, մյուս հաշվիչները ներքևում՝ Սունդուկյան թատրոնում են տեղադրված, բոլոր միացումները իրենց մոտից են, պետությունը իրենց է տրամադրում գումարը, որը մեր բոլորիս հարկերով է ձևավորվում»:

Oragir.News-ը փորձեց ճշտել նաև, թե որոշումը «Գոյ»-ի պահանջին ու պայքարին հակառակ կայացնելուց հետո որ բեմն է խոստացվել տրամադրել թատերախմբին:

«Իրենք ասում են, բայց մենք ոչ էլ ուզում ենք հետաքրքրվել, որովհետև եթե այդպես լինի, մենք չենք մնալու այստեղ, դրա համար դա մեզ չի էլ հետաքրքրում:

Բազմիցս ենք ասել, որ միացնելու դեպքում մենք չենք աշ-խա-տե-լու»:

Անդրեասյանի ելույթի վերջում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խնդրանքով դիմեց նախարարին.

«Տիկին Անդրեասյան, ես, առիթից օգտվելով, մի խնդրանքով դիմեմ Ձեզ: Այնուամենայնիվ, մեր գործընկերներին հանդիպենք ևս մեկ անգամ, կամ ինչ-որ կերպ բացատրենք, զրուցենք, որպեսզի այնպիսի իրավիճակ չլինի, որ մի կողմը մյուսին չհասկանա, դրա պատճառով էլ ստեղծվի տպավորություն, որ վատ բան է արվում»:

ԿԳՄՍ նախարարը խնդրանքին այսպես արձագանքեց.

«Պարոն Սիմոնյան, սիրով:

Փոխնախարարը ընդունել է թատրոնի գրեթե ողջ աշխատակազմին մի քանի օր առաջ: Մենք, մեր դռները բաց են. կարող ենք էլի հանդիպել: Խնդիր չեմ տեսնում»:

Սիմոնյանի՝ Անդրեասյանին ուղղված խնդրանքին Արզումանյանը մեկնաբանեց այսպես.

«Մենք մի քանի անգամ առաջարկել ենք իրենց հանդիպում, որը չեն մերժել, և հանդիպել ենք: Բայց այդ հանդիպումը ունեցել է զրո տոկոս արդյունավետություն, որովհետև իրենք ոչ մի զիջման չեն գնացել: Իրենք անընդհատ իրենցն են ասում:

Ալեն Սիմոնյանի առաջարկը, թե հանդիպեք, բացատրեք, ուրիշ է, բայց հանդիպեք, լսեք, ուրիշ բան է: «Հանդիպեք, բացատրեք» տեքստի մեջ ես հասկանում եմ, որ մեզ պիտի նորից ասվի, որ իրենք լավ բան են անում:

Մեր դռներն էլ են բաց. քանի՜ անգամ ենք կանչել, ու ոչ ոք չի եկել: Բայց ձևն այդպես չէ:

Ես կարծում եմ, որ, գուցե, այսօրվա հայտարարությունը, իր արդյունքը կտա. այդ հանդիպումը տեղի կունենա, որովհետև շատ կարևոր բան է տեղի ունեցել: Հասկացել ենք, հասկացել են, որ պետք է նստել ընդհանուր սեղանի շուրջ ու գտնել լուծումներ: Ես լիահույս եմ, որ դա լավ տեղ կտանի:

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի՝ Oragir.News-ին չտված մեկնաբանության և դրանից որոշ ժամանակ անց՝ օրեր առաջ, թատրոնի տնօրենի Ժ.Պ. Կարեն Սիմոնյանին ուղարկված այն գրության անհամատեղելի լինելուն, համաձայն որի՝ «Գոյ» թատրոնը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն»-ին միացնելու պայմանագրի ստորագրումը ձախողվել է, Արզումանյանն ասաց.

«Սրանք ընդամենը ճղճիմ գործողություններ են Դանիել Դանիելյանի կողմից:

Ես անձամբ հանդիպել եմ իր հետ մոտ 2-3 անգամ, առանձին զրույց եմ ունեցել, բացատրել եմ, կարծես թե՝ հասկացել ենք իրար, բայց բանից պարզվում է՝ ոչ մի բան էլ չենք հասկացել: Մարդը ասել է՝ կա Կառավարության որոշում, ես այդ հրամանը պիտի անեմ՝ անկախ նրանից՝ կա իրավական վեճ»:

Զրույցի վերջում Oragir.News-ը փորձեց պարզել, թե արդյոք մայր թատրոնի թատերախմբից եղել են գործընթացին անդրադարձած և մտահոգություն հայտնած արտիստներ:

«Այս ընթացքում ոչ ոք հրապարակավ ոչինչ չի խոսել: Մինչ այս միայն խոսել են մարդիկ, որոնք, կարծես թե, պիտի խոսեին: Նույն բանի մասին, երևի, երկրորդ կամ երրորդ անգամ չեն ցանկացել խոսել:

Այսօր արդեն Արմեն Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում փոքրիկ գրառում է արել: Երևի իրեն այսօր շատ են հարցրել: Երևի իրենց վերադաս ԿԳՄՍՆ-ից ասել են, որ արդեն փորձեն խոսել:

Վարդան Մկրտչյանն էլ շատ գեղեցիկ հարցազրույց էր տվել այսօր, որ «Գոյ» թատրոնը եթե գա, ամեն ինչ շատ լավ է լինելու, որից անմիջապես րոպեներ հետո Արմեն Էլբակյանն էր գրել:

Փաստորեն, ըստ Էլբակյանի՝ մեր գործողությունները, պայքարը, պահանջը, մեր տունը պահելը փողոցային «ղալմաղալ» է: Ու մենք պիտի գնանք, աշխատենք մի թատրոնում, որի գեղղեկավարը խոսում է այս տոնայնությամբ, պատկերացնո՞ւմ եք: Մենք ասել ենք ու էլի ասում ենք, որ չենք աշ-խա-տե-լու:

Հիմա մենք կփորձենք հասկանալ՝ արդյոք ունե՞նք այդ հանդիպումը ու որն է այդ հանդիպման օրակարգը, ըստ այդմ՝ կհասկանանք մեր հետագա անելիքները»:

Ամենից շատ դիտված

09:46 Արարատի մարզում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը. shamshyan.com
12:47 Ադրբեջանցիները թալանում ու զվարճանում են օկուպացված Ստեփանակերտի տներում
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
15:42 Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
21:59 Տավուշյան պայքարը դժվար է լինելու, բայց պատվաբեր․ անհրաժեշտ է մասնակիցների առավելագույն քանակ