Երևան +11°
Ներքին Մշակույթ 1 տարի առաջ - 20:14 18-03-2023

ԿԳՄՍ-ն հատուկ այնպիսի դրության մեջ է դրել «Գոյ» թատրոնը, որ հետո լուծարի

ԿԳՄՍ նախարարությունում շրջանառվում է մի նախագիծ, համաձայն որի, «Գոյ» կենտրոնը պետք է լուծարվի, վարչական մասը կրճատվի, իսկ ստեղծագործական մասը միավորվի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

«Գոյ» կենտրոնի աշխատակիցները գրավոր դիմում եմ ուղարկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, թե արդյոք գիտի՞ այդ նախագծի մասին և եթե գիտի՝ ի՞նչ կարծիք ունի։

Կենտրոնի ռեժիսորներից Սարգիս Արզումանյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ մտավախություն ունեն, որ նախարարը գուցե և տեղյակ չէ, քանի որ որոշումը փոխնախարարի կողմից է ներկայացվել իրենց։

Հարցրինք Արզումանյանից, իսկ որն է միավորման պատճառը, Արզումանյանն ասաց, որ անհիմն պատճառներ են մատնանշում։ «Պատճառներ են մատնանշվում, որոնք անհիմն են կամ ունեն հստակ լուծումներ, որը իրենց կողմից չի առաջարկվել, բայց մեր կողմից առաջարկվել է ու չի մերժվել»։

Արզումանյանն ասաց, որ միավորման հիմնավորումները, որոնք ԿԳՄՍ-ն ներկայացրել է իրենց, ներկայացրած դիմումի մեջ մանրամասն տրված է. «Այնտեղ ներկայացվում է գումարի պարտք, իբր, որը որ իրենց համար հիմք է, այնպես չէ, որ մյուս թատրոնները չունեն, դա հիմնավոր բան չէ։ Որպես հիմնավորում տրվում է այն, որ չեք համապատասխանում ձեր Փորձարարական անվանը, բայց մենք հիմնավորում ենք, որ ամեն դեպքում դա սուտ է, նրանց կողմից բերվում է անհիմն հիմնավորումներ»,- ասաց Արզումանյանը։

Դիտարկմանը, որ ԿԳՄՍ-ի կողմից որպես հիմնավորում ներկայացվում է նաև այն, որ չեք համագործակցել նախարարության հետ, Արզումանյանն արձագանքեց. «Միանշանակ համագործակցել ենք, մենք ունենք ուղարկված փաստեր, թղթեր, որ մենք բազմիցս դիմել ենք իրենց և ստացել ենք մերժումներ, հիմա դա համագործակցություն է, թե՝ ոչ, մենք չենք համագործակցել, թե իրենք։ Մենք թ՛ե ներկայացումների համար ենք ուղարկել հայտեր, թե՛ տեխնիկական վերազինման»,- ասաց ռեժիսորը։

Ըստ ռեժիսորի, նախարարության կենտրոնին աջակցություն չցուցաբերելու միտումը այն է, որ իրավիճակը կենտրոնում վատանա և ունենային միավորման հիմքեր։ «Եթե իրենք համագործակցեին մեր հետ, վերազինեին, մեզ ներկայացումներ բեմադրելու համար տրամադրեին դրամաշնորհներ, իրենք չէին ունենա ինչ-որ հիմքեր, որ միավորեին, հիմա չեն արել և պատճառաբանում են դրանք»,- ասաց Արզումանյանը՝ հավելելով, որ ծրագիր ունեն թատրոնները կրճատելու և դա են իրագործում։

Թատրոնի ռեժիսորը նշեց, որ թատրոնը կազմված է 35 հոգուց և եթե նրանք միավորեն այն՝ ադմինիստրատիվ մասը կկրճատվի, իսկ ստեղծագործական մասը չի համակերպվելու այդ մտքի հետ և չի միավորվելու։

«Իրենք արհեստականորեն ստեղծում են բոլորի գործազրկությունը»,- ասաց Արզումանյանը։

Հարցին, թե ըստ ձեզ ինչի է տանելու այս շարունակական դարձած միավորման գործընթացը, քանի որ իշխանությունը ծրագիր ունի միավորել ոչ միայն թատրոն, այլ նաև բուհեր, Արզումանյանն ասաց. «Տանելու է կործանման, տանում է նրան, որ մեզ ոչ մի բան պետք չէ, ստիպում են, որ ժողովուրդը նեղության մեջ լինի և թողի այս երկիրը, գնա, այս երկիրը հայով պետք չէ»,- ասաց Արզումանյանը։

Արզումանյանը նաև նշեց, որ առաջիկայում թատրոնում կա տնօրենի ընտրություն, որի միակ թեկնածուն ինքն է և հույս ունի, որ այն չի չեղարկվի։ «Մենք հոկտեմբերին նորից ունեցել ենք տնօրենի ընտրություն, որտեղ ոչ նախարարության թեկնածուն կարողացավ անցնել, ոչ մեր, նշանակվեց երկրորդ փուլ, որում առաջադրվել եմ ես»,- ասաց Արզումանյանը։

Հարցին, թե ինչ եք կարծում, եթե տնօրենի ընտրության առաջին փուլում անցներ նախարարության կողմից առաջադրված թեկնածուն՝ միավորման գործընթացը առավել հեշտ կլինե՞ր իրենց համար, Արզումնայանն ասաց. «Չեմ կարող ասել, թե իրենց թեկնածուն ինչ ծրագրերով էր գալիս, բայց վստահաբար կարող եմ ասել, որ իրենց թեկնածուն կապեր ուներ Ֆրանսիայի դեսպանատան հետ, համագործակցությունը այդ կողմից էր գալիս, բայց թե հետագայում ինչ մտադրություններ ուներ, կդժվարանամ նշել»,- ասաց Արզումանյանը։

Ձեզ գուցե հետաքրքրի