Ներքին 2 տարի առաջ - 16:29 25-12-2023

Հիասթափեցնող է «Ռադիո Sputnik»-ի և «Ռոսիա սեգոդնյա» ղեկավարության արձագանքը․ ՀՌՀ պարզաբանում

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը մեկնաբանություն է տարածել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի «Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակումը դադարեցնելու որոշման առնչությամբ, որում ափսոսանք է հայտնում կարգավորող մարմնի կայացրած վճռի վերաբերյալ, քանի որ սահմանափակվում է «հայ ունկնդրի` իր նախընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու բացարձակ իրավունքը»: Դեսպանությունը հանձնաժողովի որոշումը գնահատում է նաև որպես զիջում նրանց, ովքեր «գնալով ավելի բարձր են խոսում Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխշահավետ և փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»։

Դեսպանատան վերոնշյալ մեկնաբանության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում լրացուցիչ պարզաբանում ներկայացնել ՀՌՀ-ի որոշման վերաբերյալ։

Այս տարվա դեկտեմբերի 20-ի N111-Ա (https://tvradio.am/wp-content/uploads/2023/12/111-23.pdf) որոշմամբ հանձնաժողովը 30 օրով կասեցրել է «Ռադիո Տոսպա» ՓԲԸ-ի հեռարձակման լեցենզիան (ոչ «Sputnik Արմենիա» ռադիոյի, որի գործունեության կարգավորումները ՀՌՀ-ի գործառույթներից դուրս է, և որը շարունակում է իր գործունեությունը Հայաստանի բոլոր մեդիահարթակներում՝ բացառությամբ հանրային մուլտիպլեքսի): 2017 թվականին Հայաստանին պատկանող հաճախականությունների սահմանափակ տիրույթում հեռարձակման լիցենզիա ստանալով՝ «Ռադիո Տոսպա»-ն պարտավորվել է խստորեն պահպանել ինչպես Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, այնպես էլ լիցենզիայի պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Սակայն «Ռադիո Տոսպա»-ի կողմից վերահեռարձակվող «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի բովանդակությունը բազմիցս կոպտորեն խախտել է թե՛ Հայաստանի օրենսդրությունը և թե՛ ակնհայտ հակասություն ունեցել դեսպանատան հիշատակած «Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխհարգալից դաշնակցային հարաբերություններ» մեկնաբանության հետ:

Իր սահմանադրական լիազորությունների շրջանակում հանձնաժողովն ապահովել և ապահովում է «հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու բացարձակ իրավունքը»։ Սակայն «ատելության խոսքով», սպառնալիքներով, ապատեղեկատվությամբ, հազիվ քողարկված բռնության կոչերով, օրենքը բազմիցս խախտող «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարը վարողի մենախոսություններում բացակայում է տարրական հարգանքը դաշնակից երկրի, նրա ժողովրդի, ղեկավարության հանդեպ, և նույնիսկ մեծ երևակայության դեպքում դժվար է այն «տեղեկատվության աղբյուր» անվանելը։ Հատկապես անհանգստացնող է այն փաստը, որ այդպիսի բովանդակությունը հեռարձակում է ռուսական պետական ​​լրատվամիջոցը:

Հիասթափեցնող է նաև «Ռադիո Sputnik»-ի և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության ղեկավարության արձագանքը հայկական կարգավորիչ մարմնի որոշմանը։

Այդպիսի իրավիճակներում, եթե ոչ ներողություն խնդրելու, ապա գոնե կառուցողական երկխոսության միջոցով հետայսու նմանօրինակ միջադեպերը բացառելու պատրաստակամության փոխարեն «Ռադիո Sputnik»-ի խմբագրական քաղաքականության պատասխանատուները սահմանափակվեցին՝ «դաշնակից Հայաստանին» ուղղված ոչ բարեզուսպ հայտարարություններով և Հայաստանի իշխանություններին և կարգավորող մարմնին «ազատ խոսքի ճնշման» մեղադրանք ներկայացնելով:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
25 դեկտեմբեր, 2023 թ.

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել