Երևան +11°
Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:08 04-12-2023

Պարեկների կողմից հունվարին ծեծի ենթարկված քաղաքացուն ուզում են կալանավորել

Oragir.News-ի տեղեկություններով` Սպիտակ քաղաքի բնակիչ, 33-ամյա Ա. Յ-ի և Լոռու մարզային պարեկների միջև տարեսկզբին միջադեպ է եղել, ինչի հետևանքով քաղաքացուն 3․5 տարվա ազատազրկում է սպասվում։

Ծեծի ենթարկված քաղաքացին միջադեպից հետո 4 ամիս կալանավորված է եղել։ Նրա խափանման միջոցը փոխվել է՝ ստորագրությամբ չհեռանալու պայմանով:

Ա․Յ․-ն այս վճռի հետ չի համակերպվում, դիմել է Վերաքննիչ դատարան՝ վճիռը բեկանելու, սակայն առաջին նիստը չի կայացել, քանի որ տուժողները և դատախազը չեն ներկայացել։ Հաջորդ նիստը հունվարի 9-ին է, որից ևս քաղաքացին առանձնապես ակնկալիք չունի, սակայն ամեն գնով պայքարելու է արդարության հասնելու համար: Մեր աղբյուրի փոխանցմամբ` դեպքի օրը Ա.Յ․-ն եղբորը հիվանդանոց էր տանում։

«Անցած տարի հունվարին է դեպքը եղել, Սպիտակ-Երևան մայրուղում։ Պարեկները 2 մեքենայով կանգնեցրել են, իջեցրել են ավտոմեքենայից, ասել են, որ ուժեղացված ծառայություն է, մեքենան պիտի զննեն։ Ա.Յ․-ն ասել է՝ միայն արագ, որովհետև հիվանդանոց են գնում։ Մեքենան զննելուց հետո, ասել են, որ պիտի նույնականացում անցնեն, որ տեսնեն՝ ով ում ինչն է։ Դրանից հետո հայհոյանքներ են հնչել, որին էլ հաջորդել է ծեծկռտուքը։ 4-5 ավտո պարեկներ եղբայրներին ծեծել են, տարել բաժին, 2 օր պահել, ապա գործ հարուցել․․․ Հիմա դատախազն ասում է՝ 4 հոգի տուժող կա, 9-ը՝ վկա: Դատին իրենց մեծ մասը չի եկել, առերեսում չի արվել, իրենց գրավոր ցուցմունքների հիման վրա դատում են: 2 դատական նիստ են անում ու 3․5 տարի են տալիս Ա-Յ-ին: Սա Նիկոլի բարեփոխված ոստիկանությունն է, մի բան էլ ծեծվածն է մեղադրվում»,- ասում է ծեծի ենթարկված 33-ամյա քաղաքացու ազգականը։

Նա Oragir.News-ին տրամադրել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են պարեկները դաժան ծեծի ենթարկում այս քաղաքացիներին։

Նշենք, որ պարեկների մասնակցությամբ նման միջադեպերը մարզերում բազմաթիվ են, դրանց մի մասը հայտնվել է նաև լրատվամիջոցներում։

Մանրամասները` տեսանյութում