Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 09:00 30-11-2023

Ալեն Սիմոնյանը կասկածի տեղիք տվեց, որ Փաշինյանը կարող է կոտրվել 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մյուսներից շատ է իրարամերժ կարծիքներ հայտնում և հանրային հանդիմանանքի արժանանում։ Թերևս՝ սա հաշվի առնելով, նոյեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը փորձեց ուշագրավ տեղեկատվություն հաղորդել հայ-ադրբեջանական բանակցություններից։ Սակայն լրագրողների հասցեական հարցերը կրկին անհարմար վիճակում գցեցին նրան և առաջ բերեցին հանրային քննադատության ալիք։ Ինչու՞ են ՔՊ-ական պաշտոնյաներն իրարամերժ հայտարարություններ անում։

Եթե ՔՊ-ական պաշտոնյայի դիրքորոշման փոփոխությունների պատճառը 2018-2022 թվականների սխալ քաղաքականությունն է, որը հանգեցրել է մարդկային և տարածքային աղետալի կորուստների, ապա նա նախ պիտի ընդունի սխալը, ներողություն խնդրի պատճառած կորուստների համար, որից հետո այլ դիրքորոշում հայտնի, որպեսզի մարդկանց մոտ անհետևողական պոպուլիստի տպավորություն չթողնի։

Մասնավորապես՝ եթե ընդունեն, որ ռուսներին Արցախ բերելու որոշումը սխալ էր և ներողություն խնդրեն ժողովրդից դրա համար, ապա հասկանալի կլինի, թե ինչու են փոխում դիրքորոշումը ՌԴ-ի նկատմամբ։ Ամեն անգամ, երբ հայտարարում են Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին, պիտի ներողություն խնդրեն Արցախի ազատության համար պայքարածներից, նահատակներից և հիմնավորեն, թե ինչու են երեկ ասել մի բան, իսկ այսօր հակառակը։ Կամ եթե ՀԱՊԿ-ի ժողովը բոյկոտող Ալեն Սիմոնյանը ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը գնա Սանկտ Պետերբուրգ, մասնակցի ԵՏՄ նիստին, ապա պիտի պարզաբանի, որ ՌԴ-ի հետ առևտուր անող ՔՊ-ական գործարարների շահերն ավելի կարևոր են, քան ՀՀ ինքնիշխանությունը։ Այսինքն՝ եթե այսպես չեն վարվում, ապա հանրությունն իրավունք է ստանում նրանց հանդիմանել սկզբունքներ չունենալու, հետևողական չլինելու, քաղաքական բարոյականության նորմերը չպահպանելու մեջ։

ԱԺ նախագահը փորձեց նաև անհետևողականությունն արդարացնել ռեալպոլիտիկի մասին ակնարկով։ Նկատենք, որ ռեալպոլիտիկը ամենասկզբունքային ու պրագմատիկ ռազմավարությունն է։ Եթե ՔՊ-ն որդեգրում է Բիսմարկի ուղին, ապա նախ պիտի նրա նման սահմանի ազգային իդեալը, քաղաքակրթական ընտրանքը, ազգային շահերի շրջանակը, որից հետո ամեն քայլն ու որոշումը ուղիղ կապի դրանց հետ, ոչ թե իրարամերժ հայտարարություններ անի, առանց պարզաբանելու, թե ինչու է օրումեջ դիրքորոշում փոխում։

Ուշագրավ է նաև այն, որ ԱԺ նախագահը ձևացնում է, թե չի հասկանում։ «Չեմ հասկանում, թե ինչով է պայմանավորված Ադրբեջանի խուսափելը տարբեր ֆորմատներից: Սկզբում իրենք ֆրանսիացիներին մեղադրեցին, հետո Բրյուսելին մեղադրեցին, ինչ-որ ֆորմատից հրաժարվեցին, հետո Վաշինգտոնի ֆորմատից հրաժարվեցին: Ես անկեղծ չեմ հասկանում, թե այդ ժամանակ ձգելն ինչ է տալու Ադրբեջանին ու տարածաշրջանին, երբ մեկ ձեռքով իրենք խոսում են խաղաղության մասին, մյուս ձեռքով խուսափում են՝ կարելի է ասել արդեն իսկ իրականությանը շատ մոտ խաղաղության պայմանագրից»,- ասել է նա։ Եթե ԱԺ նախագահն իրոք չի հասկանում, և չկա մեկը, որ բացատրի, ապա պիտի հրաժարական տա, տեղը զիջի հասկացողին։ Իսկ եթե ձևացնում է, ապա ո՞ւմ համար է բեմադրվում թատրոնը։

Ալեն Սիմոնյանը հռետորական, միամիտ հարցադրումներ անելու փոխարեն, կարող էր առանց լրագրողների օգնության, կարճ ու պարզ հայտարարեր, որ ՀՀ իշխանությունը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, եթե երաշխավորը լինի Արևմուտքը։ Եվ այն, հավանաբար, կստորագրվի, երբ ՌԴ-ն զիջի իր դիրքերն ու հեռանա տարածաշրջանից։ Բայց պաշտոնյան որոշակի չասաց և կասկածի տեղիք տվեց, որ առաջիկա շաբաթներին ոչ թե ՌԴ-ն կհեռանա, այլ դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանը կարող է կոտրվել, որից հետո ՔՊ-ականները կփոխեն խոսույթն, իսկ ԱԺ նախագահը անհարմար հարցեր կստանա լրագրողից ու կքլնգվի մամուլի էջերում։

Թաթուլ Մկրտչյան