Նոյեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ ՌԴ-ում ձերբակալվել է ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Ենթադրելի է, որ նա այս անգամ կարտահանձնվի, ի տարբերություն 2019-ի, երբ նա ձերբակալվեց ՌԴ-ում, բայց չհանձնվեց Երևանին։ Այսօր Մոսկվան ձգտում է մեղմել հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը։ Եվ ենթադրելի է, որ ռուսական կողմը Միհրան Պողոսյանին «մատաղ» անելու դիմաց կարող է զիջումներ ակնկալել Հայաստանի կողմից, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ից դուրս չգալու հարցում։
Նոյեմբերի 20-ին, Մինսկում ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ պարզ երևաց, որ կազմակերպությունը ճգնաժամի մեջ է։ ՀԱՊԿ հնարավոր փլուզումն ամենաշատ մտահոգում է ՌԴ-ին, քանի որ նա կկորցնի երբեմնի ազդեցության գոտիները։ Կազմակերպության ամենաթույլ օղակը ներկայում Հայաստանն է, որտեղից հնչում են հիմնավոր քննադատություն և արդարացված դժգոհություն։ Ուստի՝ ՀԱՊԿ-ի հնարավոր փլուզումը կանխելու ռուսական ջանքերն առաջին հերթին ուղղվում են Երևանին հետ պահելու ուղղությամբ։ Մինչ օրս հղված նոտաներն ու հանդիմանանքները, նույնիսկ Մեդվեդևի թափանցիկ սպառնալիքներն անարդյունք են մնացել։ Հետևաբար՝ պետք է այլ բան մտածեին։
Օրինակ՝ կարող էին ենթադրել, որ եթե Երևանին տան ինչ-որ մեծ բան, ապա փոքր ինչ կհետաձգեն ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալն ու ՌԴ-ի՝ տարածաշրջանային ազդեցության զրոյացումը։ Հաշվի առնելով, որ հեղափոխական թիմին ու նրա հետևորդներին հետաքրքրում է նախկինների «թալանած փողերի» վերադարձը, ապա այդ մեծ բանը կարող է լինել ՌԴ-ում ապաստանած ՀՀ նախկին պաշտոնյայի, Հայաստանի երբեմնի ամենահարուստ գործարարի, ՀՀ-ում և աշխարհում մեծ կարողություններ ունեցող Միհրան Պողոսյանի «զոհաբերումը»։ Եթե առաջիկայում նա արտահանձնվի, ուրեմն կարելի է ենթադրել, որ կողմերը պայմանավորվել են։ ՌԴ-ն կարող է վստահ լինել, որ ՀԱՊԿ-ը չի փլուզվի՝ մինչև ՌԴ նախագահի 2024-ի ընտրությունները, իսկ Նիկոլ Փաշինյանն իր հռչակած անկախության պաշտպանության շարժումը կընդմիջի թալանը հետ վերադարձնելու հերոսական ներկայացմամբ, որի մանրամասներով կլցվեն իշխանամետ ԶԼՄ-ների էջերը։
Այս սցենարը պատկերացնելու համար ներկայացնենք երևակայական երկխոսության տեսարան Կրեմլի և Նիկոլ Փաշինյանի միջև՝
Կրեմլ- Նիկոլ Վովաևիչ, ի՞նչ եք ուզում տանք Ձեզ, որ ՀԱՊԿ-ից դուրս չգաք մինչև ՌԴ նախագահի՝ 2024-ի ընտրությունները։
Նիկոլ - Մեղրու միջանցքի թեման փակեք։
Կրեմլ - Չենք կարող։ Դա Ռուսաստանի համար կյանքի ճանապարհ է։
Նիկոլ - Տվեք այն սպառազինությունը, որի համար վճարել ենք։
Կրեմլ - Չկա։ Պատերազմի մեջ ենք։ Զենք չկա։
Նիկոլ - Զենքը չեք տալիս, գոնե դրա փողը վերադարձրեք։
Կրեմլ - Փող չկա։ Արևմուտքը սառեցրել է։ Բայց կարող ենք Միհրան Պողոսյանին հանձնենք։ Կարող եք ձեր արևմտյան գործընկերների աջակցությամբ առգրավել նրա արտերկրյա հարստությունը։ Իսկ ՌԴ-ում ներդրած նրա փողերն էլ մենք կխլենք։
Մոտավորապես այսպիսի պայմանավորվածության արդյունքում Միհրան Պողոսյանը կարող է հանձնվել Փաշինյանին։ Այն կներկայացվի որպես ժողովրդական ձեռքբերում, ժամանակավոր կհագեցնի նախկինների հարստությունը էքսպրոպրիացիայի ենթարկելու հեղափոխական ախորժակը և կցրի հանրության ուշադրությունը քաղաքական, սոցիալական, մշակութային կարևոր խնդիրներից։ Իսկ ընդդիմադիրներն առաջիկա ամիսներին կզբաղվեն նախկինների սեփականության անձեռնմխելիության իրավունքները պաշտպանելու գործով։
Թաթուլ Մկրտչյան