Ուղիղ եթեր
Ճամպրուկս դեռ չեմ բացել, որովհետև մեր երկիրը մեզ է սպասում
copy image url

Ճամպրուկս դեռ չեմ բացել, որովհետև մեր երկիրը մեզ է սպասում

Ներքին 1 տարի առաջ - 11:53 03-11-2023
«Ես իմ ճամպրուկը դեռ չեմ բացել, որովհետև ներքին ձայնս ասում է, որ մենք անպայման տուն ենք վերադառնալու. մեր երկիրը մեզ է սպասում..․»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ստեփանակերտից բռնի տեղահանված Նելլի Սահակյանը։

Նելլին մասնագիտությամբ մանկավարժ է, երկար տարիներ աշխատել է որպես դպրոցի տնօրեն։ Այսօր Երևանում խմորեղենի արտադրամասերից մեկում է աշխատում։ Երևանում ապրում է զինվորական որդու ընկերոջ՝ Գուրգենի տանը, ով 3 տարի Արցախում ապրել է իր տանը։
Շրջափակման օրերին ևս տիկին Նելլին Ստեփանակերտում իր հրուշակեղենի փոքրիկ արտադրամասում խմորեղեն էր պատրաստում: Վերջին օրերին էլ, երբ այլևս հաց հնարավոր չէր ճարել, իր ունեցած ալյուրի պաշարով՝ Նելլին հաց էր թխում և բաժանում։

«Աշխատում էի ուշ գիշերով գնալ տուն, որպեսզի ճանապարհին սովալլուկ քիչ մարդու հանդիպեմ։ Մի օր էլ, երբ գիշերով վերջին 2 հացը ձեռքիս շտապում էի տուն՝ որդուս կերակրելու, որպեսզի նա հերթական անգամ սոված չգնա հերթապահության, մի կին կտրեց դեմս ու աղաչեց․ «տյոծ Նելլի, խոխեքս քոն չըն ինում, սովածըն, ինձ հաց տո․․․»: Այդ օրը որդիս սոված գնաց ծառայության, այնտեղից էլ՝ պատերազմ․․․ որդիս ծանր վիրավորում ստացավ, բայց փրկվեց, միգուցե այդ և շատ այլ մայրերի աղոթքն է պահել որդուս»։

Տիկին Նելլի խոսքով, երբեք մոլեռանդ աղոթող չի եղել, բայց սիրել է ուխտագնացություններ՝ դեպի մեր սրբավայրեր, խնկարկել, խոսել Աստծո հետ՝ մեղմ ու քնքուշ.

«Մի քանի օր առաջ մի անսովոր դող իջավ մարմնիս, վեր կացա և մթության մեջ վերցրի Աստվածաշունչն ու առաջին անգամ դողալով աղոթեցի: Միայն Տե՜ր Աստված էի ասում, մոռացել էի Տերունական աղոթքի բառերը, ստիպված մեր բարբառով ինչ գլուխս էր գալիս ասում էի՝ Տե՜ր Աստված, հիվանդ ջանս քեզ մատաղ, լալկված լուզուս պեցվալա, ղաչանք պղատանքըմ անում, թողիսվեչ ստի անդար-ընդերու կորչինք քինանք, հսցրալչմ մամունց տոն քինամ, մամուս տեղերումը պառկիմ, ուրան համուհոտան ուժ ստանամ, Տե՜ր Աստված, լուխճիս ե՜տ տար մեր Տները, թա մռնլանում, թող մեր տանը մեռնիմ… և այդպիսի իրարամերժ բառերի շարան։

Առավոտ վաղ անծանոթ հեռախոսահամարից զանգ ստացա․

«Տյո'տ Նելյա, տյո՜տ Նելյա, տյո՜տ Նելյա…»:

Հուզմունքից անընդհատ նույն բառերն էր կրկնում։
Վախեցա, տղաս վիրավոր էր ու մի քիչ էլ արկածախնդիր, միշտ վատ լուրերը կապում էի նրա հետ.

«Չէ,՜ տյո՜տ Նելյա, քշերը յերըմ կացալ, վեր խոխին ճյուր տամ, կարդալում ծեր աղոթքը, և աչքերս ինքը ուրան փակվալա.․․»:

Այնուհետև պատմում է, թե ինչպես հանկարծ հայտնվում եմ իր սենյակում, և նա ձեռքից բռնած գնում Արցախ՝ իմ հայրենական տուն։

«Մեզ դիմավորեց մի տարեց կին՝ շալը գլուխը կապած, երկար շրջազգեստը հագին և գոգնոցը կապած: Նա գրկեց մեզ և ասաց՝ ժենգյալով հաց եմ թխում ձեզ համար։ Հետո Նելյա՜ տյոտ դու ասացիր,որ հիվանդ ու հոգնած ես և ուզում ես մամուտ տղերումը թքանաս։ Հետո մարդիկ ու խոխեքն կյամ, լհա ասիս կռեվ չի իլալ լոխ ուրախ ու երջանիկ, ժենգյալավ հաց ընք օտում, խոխեքն էլ ծառերին տակեն խաղն անում։ Էնքաաա՜ն լավա ինում։ Մինակ ասումն Աղդամա կոխկեն կռեվա քինամ։ Ասումնք՝ թող մին պատար պակաս ապրինք, բայց մեր տներումը ապրինք...»,- պատմում էր Նարան, իսկ ես լաց էի լինում։

Նարան՝ զանգողը, երբեք մեր տանը չէր եղել, բայց այնպիսի լուսանկարչական մանրամասնությամբ նկարագրեց, անգամ վերջին նորությունները ավերածություններից հետո, որ անգամ ես չգիտեի, փշաքաղվեցի...
Գուցե Աստված նախանշաններ էր տալիս, մի՞թե աղոթքս լսելի դարձավ, ինչպես անծանոթ աղջիկը, որը երբեք չէր էլ եղել մեր տանը և մորս էլ չէր տեսել (Մայրս մահացել էր 2016թ) անգամ մորս դիմագծերն էր նկարագրում, հագուստն ինչպես կար, կամ գուցե ես եմ խելագարվում՝ հայրենիքս, գերեզմաններս կորցնելու ցավից․․․ բայց մի բանում վստահ եմ․ որովհետև ներքին ձայնս ասում է, որ մենք անպայման տուն ենք վերադառնալու, մեր երկիրը մեզ է սպասում..․»:

Ամենից շատ դիտված

20:10 Աննա Հակոբյանը թող իրա դարդը քաշի. իրենով պետք է ԱԱԾ-ն զբաղվի. Էդգար Ղազարյան
20:45 Երբ չես կարողանում երկար ժամանակ խաղալ դերդ ու դիմակդ պատռվում է
13:03 Գյումրի-Կարս երկաթուղով հումք են տեղափոխել Թուրքիա, շատ ավելի քիչ՝ ուղևոր
21:50 Աննա Հակոբյանը «ոջիլ» է անվանել պատերազմում զոհված հերոսի քրոջը. Տաթևիկ Վիրաբյանի արձագանքը
19:00 Ռոք լուրեր․ Մենք լավագույն թուրքն ենք, որ տվել եք դուք
11:23 Իմ աղջկան չեն ձերբակալել, առևանգել են. Լիլիթ Աղեկյանի մայրն ու քույրը մանրամասներ են պատմում
13:55 Կիրթ սերունդ դրեցինք հողը, որ անդաստիարակ սերունդն աճի ու բազմանա․ հերոսի հայր
16:03 Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին
12:07 Կարծես Ալիևը Փաշինյանին ասեր՝ սուրճը դիր, մինչև ազատվեմ. խղճուկ տեսարան էր. Սուրենյանց
23:40 Բա դուք մա՞րդ եք․ տեսագրության մեջ երևացող տղամարդը «Սմոք Հաուս»-ի 4 տարբեր խանութներից գողություն է կատարում