Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:10 27-10-2023

Կապանի պատվիրակությունը պաշտոնական այցով Իրանի Սպահան քաղաքում է

Սպահան քաղաքի քաղաքապետ Ալի Ղասեմզադեի հրավերով հոկտեմբերի 20-24-ը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությունը քառօրյա պաշտոնական այցով հյուրընկալվել էր Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաք: Պատվիրակությանն ուղեկցել են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոս Արթուր Սարգսյանը և Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը:

Հոկտեմբերի 21-ին համայնքի ղեկավարը հանդիպում է ունեցել Սպահանի քաղաքապետ Ալի Ղասեմզադեի և քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ, քննարկել երկու համայնքների ներկա հարաբերությունները և հետագա հնարավոր համագործակցության ուղիները։

Սպահանի քաղաքապետը ողջունելով պատվիրակությանը՝ իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու երկու քաղաքների միջև ամուր կապերի հաստատմանը և բազմակողմանի համագործակցության զարգացմանը։

«Հայաստանի և Իրանի հարաբերությունները իրար հետ կապված են դարերի խորքից եկող բազմաթիվ պատմական և մշակութային կապերով։ Հայերը մեզ համար հարգանքի արժանի ժողովուրդ են և մենք միշտ սիրել ու հարգել ենք նրանց՝ որպես համաքաղաքացիներ։ Մենք շահագրգռված ենք Կապան քաղաքի և Սպահանի 5-րդ շրջանի միջև գործընկերության հաստատմամբ, ինչն էլ ավելի կխորացնի մեր քաղաքների միջև առանց այն էլ դրական հարաբերությունները։ Իրականում առկա է լայն դաշտ՝ համատեղ ծրագրերի իրականացման համար, և ես իմ հերթին կանեմ հնարավորը, որ դրանք գործնականում հաջող ընթացք ստանան»,– ասել է Սպահանի քաղաքապետը։
Գևորգ Փարսյանը նախ շնորհակալություն է հայտնել Ալի Ղասեմզադեին՝ հրավերի և իր գլխավորած պաշտոնական պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար, ապա կիսվել քաղաքից ստացած իր տպավորություններով: Անդրադառնալով հայ-իրանական դարավոր բարեկամությանն ու համագործակցության ներկայիս բարձր մակարդակին, համայնքի ղեկավարը հաստատել է Կապանի և Սպահանի 5-րդ շրջանի միջև գործընկերային հարաբերություններ ձևավորելու իր պատրաստակամությունը, ընդ որում, հաշվի առնելով տեղի հայ համայնքի կարևոր դերակատարությունը։

«Սպահանի հետ երկկողմ ծրագրերի մշակումն ու ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը իսկապես կարևոր է մեզ համար։ Կապանը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաք է, քանի որ այստեղով է անցնում Հյուսիս–Հարավ ճանապարհը, որն ապահովում է ելք դեպի Սև ծով, և դեպի ԵԱՏՄ շուկա։ Այս առումով, կարծում եմ ունենք լայն հնարավորություն և կարող ենք համագործակցել տնտեսական ոլորտում, ինչպես նաև մշակույթի, կրթության, առողջապահության, սպորտի և այլ բնագավառներում»,– ասել է Գևորգ Փարսյանը։

Պաշտոնական հանդիպումից հետո պատվիրակության անդամները այցելել են Նաղշ-Է Ջահան հրապարակ, որը համարվում է քաղաքի կենտրոնական հրապարակը: Եղել են «Իմամի», «Շեյխ Լոթֆոլլահ» մզկիթներում, «Ալի Քապու» և «Չեհել Սոթուն» պալատներում՝ ծանոթացել իրանական հոգևոր և մշակութային կառույցների պատմությանը:

Հաջորդ այցը եղել է Սպահանի պետական համալսարան, որտեղ պատվիրակության անդամները ծանոթացել են համալսարանի և օտար լեզուների ֆակուլտետում գործող հայոց լեզվի և գրականության ամբիոնի գործունեությանը, որից հետո տեղի է ունեցել հանդիպում Հայագիտական ամբիոնի ակադեմիական կազմի հետ:

Շրջայցը շարունակվել է Սպահանի առողջապահական կարգավորման համալիրում, որտեղ տնօրենի ուղեկցությամբ համայնքի ղեկավարը շրջել է տարբեր բաժանմունքներով և հիվանդասենյակներով, ծանոթացել հաստատության պայմաններին, մատուցվող ծառայություններին և ժամանակակից բժշկության մեջ մեծ պահանջարկ ունեցող վերջին սերնդի լավագույն սարքավորումներին։
Հոկտեմբերի 21–ի օրակարգը եզրափակվել է Սպահանի շինարարական տեխնոլոգիաների ցուցահանդես այցելությամբ, որտեղ տեղի է ունեցել նաև հանդիպում Սպահան նահանգի արտաքին գործերի նախարարության, Առևտրի պալատի և Սպահանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ
22:19 Ամեն ինչ անում եմ, որ երեխաներս հպարտությամբ տան իրենց հոր անունը. Ջիվան Գասպարյան