Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են, իսկ ընտրությունների նախօրեին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում։
Oragir.News-ի տեղեկություններով՝ Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու թեկնածուներ։ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը ևս այս պահին գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Թե ինչ կարգավիճակով է նա այնտեղ, դեռևս հայտնի չէ։
Մեր աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ հնարավոր է՝ Աստոյանը հրավիրվել է որպես վկա։ Դեպքի հանգամանքների, բերման ենթարկվածների հստակ թվի և իրավապահների գործողությունների հիմքերի վերաբերյալ այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։ Ուշագրավ է, որ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների նկատմամբ իրավապահների գործողությունները տեղի են ունենում համայնքային ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ։ Քաղաքական պայքարի ամենաթեժ փուլում մրցակիցների բերման ենթարկումները հարցեր են առաջացնում՝ արդյո՞ք իրավապահների գործողությունները որևէ կերպ ազդելու են ընտրապայքարի ընթացքի վրա։
Oragir.News-ը պարբերաբար ահազանգեր է ստացել այն մասին, որ Արթիկում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների նկատմամբ ճնշումներ են իրականացվում։
Ընտրությունների նախօրեին տեղի ունեցող այս զարգացումները նոր հարցեր են առաջացնում ընտրապայքարի հավասար պայմանների և ընդդիմադիր թեկնածուների՝ քարոզարշավն առանց խոչընդոտների իրականացնելու հնարավորության վերաբերյալ։ Ընտրություններից առաջ քաղաքական մրցակիցների նկատմամբ ճնշումների մասին մեղադրանքները նոր չեն։ ՔՊ-ի իշխանության օրոք ընդդիմադիր շրջանակները պարբերաբար ահազանգում են, որ իրավապահ համակարգի գործողություններն օգտագործվում են քաղաքական նպատակներով։
Արթիկում ստեղծված իրավիճակն էլ կարող է հերթական անգամ նման կասկածների տեղիք տալ։ Միաժամանակ, բերման ենթարկումների իրավական հիմքերը դեռևս հայտնի չեն, ուստի դրանց քաղաքական շարժառիթների վերաբերյալ վերջնական պնդումներ անելու համար լրացուցիչ փաստեր են անհրաժեշտ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Արթիկ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում են չորս քաղաքական ուժեր։
Քաղաքական ուժերի շարքում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ համայնքապետի թեկնածու Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ընտրապայքարին մասնակցող ընդդիմադիր ուժերը։
Անահիտ Չալիկյան