Երևան +12°
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:28 23-10-2023

Ադրբեջանցիներն ինձ շփոթել էին Արայիկ Հարությունյանի հետ, ուզում էին Բաքու տանել․ Դավիթ Մինասյան

«Այնքան եմ Արայիկ Հարությունյանին նմանակել, որ Հակարիի կամուրջն անցնելիս ադրբեջանցիներն ինձ շփոթել էին նրա հետ ու քիչ էր մնում՝ տանեին Բաքու»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց արցախցի Դավիթ Մինասյանը, որը հանրությանը հայտնի դարձավ հենց ԱՀ նախկին նախագահին նմանակելով։

Դավիթը, ինչպես 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ վերջին պատերազմի ժամանակ, կամավորագրվել և Ստեփանակերտի հիվանդանոցում օգնություն է ցուցաբերել վիրավորներին։ Ասում է՝ երբեք չէր պատկերացնի, որ մի օր կկորցնեն հայրենիքը․ «Շատ մարդիկ ասում էին՝ Արցախը տանք, լավ է լինելու, բայց այդպես չէ, լավ չի լինելու։ Կարևոր տեղն Արցախն էր, արմատն Արցախն է, որ Արցախը կորցրել ենք, ամեն ինչ ենք կորցնելու․․․ Մեզ պետք է բռունցք դառնալ»։

Դավիթը խոսեց նաև խնդիրներից, որոնց բախվում է Հայաստան տեղափոխվելիս․ «Անտուն, անհայրենիք ենք դարձել․․․Այստեղ տան վարձերն այնքան թանկ են՝ 400-500 հազար դրամ, ես էլ դեռ չեմ աշխատում, որտեղի՞ց այդքան վճարեմ։ Երևանի կենտրոնում մի տուն կուզեի ունենալ, դիմում եմ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, շատ ուրախ կլինեմ, որ Հյուսիսային պողոտայում ինձ մի տուն տա»։

Արցախցի տղան հարցազրույցի ընթացքում նաև կատակներ արեց, ասաց՝ սկսել է մորուք պահել, որպեսզի առաջիկայում նաև Նիկոլ Փաշինյանին նմանակի․ «Թրաշս աճեցնում եմ, որ Փաշինյանի հանգերն էլ անեմ․․․»։

Զրույցի վերջում էլ Դավիթը նմանակեց Արայիկ Հարությունյանին․ «Ես բոլորին սիրում եմ, ուզում եմ, որ մեկս մյուսին սիրի, լավությունից լավ բան չկա։ Պչպչորիմ ձեզ, ձեր ցավը տանիմ․․․ Որևէ մինը, եթե ես տեսնամ՝ ինձ ճանաչա ոչ, հավայի քոմմենթներ գրի էս տեսանյութի տակ, ձեռքիցս չի պրծնելու։ Հատե, ես ձեզ ասում եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։