Երևան +22°
Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 7 ամիս առաջ - 19:00 27-09-2023

ՀՀ տարածքը կարող է բաժանվել մի քանի մասի․ ինչպես կանխել վերահաս աղետը

Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով ներկայումս մեր երկիրը հայտնվել է աշխարհաքաղաքական դերակատարների շահերի բախման կենտրոնում։

Նիկոլ Փաշինյանի կառավարման հինգ տարիների ընթացքում Հայաստանի ինքնիշխանության մակարդակն այնքան է գահավիժել, որ գործող վարչապետը պետության անկախության 32-րդ տարում խոսում է անկախության պահպանության շարժումն առաջնորդելու մասին, իսկ հասարակական-քաղաքական դիսկուրսում քննակվում է թուրքական վիլայեթ, կամ ռուսական գուբերնիա դառնալու հնարավորությունը։

Սակայն մի շարք փորձագետներ նախազգուշացնում են, որ Հայաստանը կարող է էլ ավելի վատ իրավիճակում հայտնվել, երբ ոչ միայն կկորցնի իր պետականությունը, այլ նաև իր տարածքը կբաժանվի փաստացի մի քանի հատվածի։ Մասնավորապես գաղտնիք չէ, որ Ռուսաստանը պարբերաբար հայտնում է, որ մտադիր չէ հեռանալ տարածշրջանից, Իրանը հայտարարում է, որ հայ-իրանական սահմանի պահպանումն իր համար հանդիսանում է կարմիր գիծ, իսկ Թուրքիան և Ադրբեջանը հետապնդում են իրենց շահերը։

Ստեղծված իրավիճակում չի բացառվում, որ եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն իրենց անհեռատես քաղաքականությունը, ապա մեր երկրի տարածքի նկատմամբ հավակնություններ ունեցող դերակատարները՝ արդեն առանց Հայաստանի մասնակցության, մեր երկրի տարածքների հաշվին կոնսենսուսի կգան։ Այս կոնսենսուսը կհանգեցնի Հայաստանի մասնատմանը, որտեղ Իրանը վերահսկողություն կհաստատի Սյունիքի նկատմամբ, իսկ մյուս Հայաստանի տարածքի մնացած հատվածը կկիսվի Ռուսաստանի, ինչպես նաև Թուրքիայի ու Ադրբեջանի միջև։ Փաստացի նման իրավիճակում աշխարհի քաղաքական քարտեզի վրա Հայաստան անունով պետություն այլևս գոյություն չի ունենա, իսկ մեր երկրի տարածքում կլինի և՜ թուրքական վիլայեթ, և՜ ռուսական գուբերնիա, և՜ իրանական որևէ վարչական միավոր։

Հայ հանրության շրջանում չափազանց մեծ ոգևորություն են առաջացնում Իրանից հնչող այն հայտարարությունները, որ հայ-իրանական սահմանի պահպանումը Թեհրանի համար հանդիսանում է կարմիր գիծ, և վերջինս երբեք թույլ չի տա, որ այն անցնի այլ երկրի վերահսկողության տակ։ Սակայն այս հայտարարություններն ամենևին չեն նշանակում, որ Իրանը Հայաստանի փոխարեն պայքարելու է վերջինիս տարածքի համար, եթե օրինակ Ադրբեջանը ագրեսիա իրականացնի։ Իրանական կողմի համար չափազանց կարևոր է, որ հայ-իրանական սահմանը չանցնի որևէ այլ երկրի վերահսկողության տակ, ինչը նշանակում է, որ հնարավոր ագրեսիայի դեպքում Իրանը կարող է սեփական զորքերը մտցնել Սյունիքի մարզ,և այն վերցնել իր վերահսկողության տակ։

Եթե Հայաստանը հայտնվի մի իրավիճակում, երբ իրանական զորքերը ներխուժեն Սյունիք, դա իր հերթին Թուրքիային հնարավորություն կընձեռնի որևէ պատրվակով ներխուժել ՀՀ տարածք՝ սեփական շահերը սպասարկելու նպատակով։ Հիշեցնենք, որ հայ-թուրքական սահմանը՝ Մարգարայի հատվածում Հայաստանի մայրաքաղաք Երևանից գտնվում է 40 կմ հեռավորության վրա, որն անցնելու համար թուրքական զորքերին անհրաժեշտ կլինի մեկ ժամ։ Նմանատիպ իրավիճակում Ռուսաստանը, որի ռազմաբազան գտնվում է Հայաստանում կփորձի «տորթի իր մասնաբաժինը ստանալ», որն էլ կհանգեցնի Հայաստանի տարածքի բաժանմանը՝ 3 երկրների միջև։

Հայաստանը ներկայումս գտնվում է, մի տարածաշրջանում, որտեղ եթե պետությունը չի պաշտպանում սեփական շահերը, ապա այդ շահերը դառնում են սակարկության առարկա՝ անգամ այն երկրների կողմից, որոնք համարվում էին տվյալ պետության դաշնակիցները։ Վերջիններիս կողմից էլ նման մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե իրենք հետամուտ չլինեն Հայաստանի հաշվին սեփական շահերի սպասարկամը, ապա դա կանեն այլ դերակատարներ, որն անընդունելի է։

Ներկայիս իրավիճակում մասնագիտական և փորձագիտական շրջանակները համոզված են, որ չնայած ստեղծված ծանր իրավիճակին, Հայաստանը դեռևս չի հատել անդառնալիության կետը, որից այն կողմ այլևս վերոհիշյալ զարգացումներն արդեն անխուսափելի կլինեն։ Այս իրավիճակում Հայաստանին անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ տարածաշրջանային դերակատարների հետ հարաբերությունները կարգավորելու, նրանց շահերի բախման կետում չհայտնվելու, առկա շահերը համադրելու, ինչպես նաև զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով։ Միայն այս ամենի իրականացման արդյունքում հնարավոր կլինի կասեցնել պետականության կործանման ընթացքը և չհայտնվել այն իրավիճակում, երբ ՀՀ տարածքում կհայտնվեն ռուսական, թուրքական և իրանական զորքերը, որի հետևանքներն անդառնալի կլինեն։

Ամենից շատ դիտված