Ջենիֆեր Լոպեսին սիրավեպ են վերագրում «Թեդ Լասսո»-ի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ։
Ջենիֆեր Լոպեսի և դերասան Բրեթ Գոլդշտեյնի հնարավոր սիրավեպի մասին լուրերը կրկին քննարկվում են։ Page Six-ի հաղորդմամբ՝ 57-ամյա երգչուհին և 46-ամյա «Թեդ Լասսո» սերիալի աստղը, որոնք միասին նկարահանվել են «Ծառայողական սիրավեպ» (Office Romance) ռոմանտիկ կատակերգությունում, մտերմացել են և, ըստ աղբյուրի, պատահական սիրավեպ են վայելում։ Սակայն նրանց հարաբերությունների մասին տեղեկությունները պաշտոնապես հաստատված չեն։
Պարբերականի աղբյուրի խոսքով՝ երկուսին էլ դուր է գալիս երեկույթների ու ռեստորանների հաճախելը։ Աղբյուրը նաև համեմատել է Գոլդշտեյնին Լոպեսի նախկին ամուսնու՝ Բեն Աֆլեքի հետ՝ պնդելով, որ վերջինս համատեղ երեկոների ժամանակ հաճախ խոժոռվում էր։
Հոկտեմբերի 16-ին Լոպեսին և Գոլդշտեյնին նկատել են Լոս Անջելեսում՝ տաղանդների մենեջերի կազմակերպած երեկույթի ճանապարհին։ Ըստ Page Six-ի՝ նրանք ժամանել են նույն մեքենայով, սակայն միջոցառման վայր են մտել առանձին։ Սա առաջին դեպքը չէ, երբ նրանց համատեղ հայտնվելը սիրավեպի մասին ենթադրությունների տեղիք է տալիս։ Ավելի վաղ դերասանները հերքել են նման լուրերը։
Մայիսին՝ «Ծառայողական սիրավեպ» ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերայի ժամանակ, աստղերը գրավել էին ուշադրությունը միմյանց հասցեին հնչեցրած հաճոյախոսություններով։
Լոպեսը Գոլդշտեյնին անվանել էր իր կարիերայի լավագույն համբույրի զուգընկերը։ Դերասանն էլ ET-ին տված հարցազրույցում փոխադարձաբար գովել էր երգչուհուն՝ նրա հետ համբույրը բնութագրելով որպես «լավագույնը»։
Լսելով նրա պատասխանը՝ Լոպեսը ժպտացել էր և կատակել. «Դե, ուրիշ ի՞նչ կարող էր նա ասել իմ առջև»։
Գոլդշտեյնը խոստովանել էր, որ այդպիսի գնահատականն իրեն ավելի երջանիկ էր դարձրել, քան «Էմմի» մրցանակ ստանալը։ Լոպեսն էլ կատակով նշել էր, որ հարցազրույցի ընթացքում իրեն անհարմար էր զգացել։
Չնայած նրանց մտերմության մասին լուրերին՝ այս պահին հայտնի չէ՝ արդյոք դերասաններին իսկապես սիրային հարաբերություններ են կապում, թե խոսակցությունները պայմանավորված են նրանց համատեղ աշխատանքով և միմյանց հասցեին հնչեցրած հաճոյախոսություններով։