Տանն անգամ ցամաք հաց չկա, որ ուտեն՝ գնան․ արցախցի կինը 6 երեխաներին դպրոց չի ուղարկել
copy image url

Տանն անգամ ցամաք հաց չկա, որ ուտեն՝ գնան․ արցախցի կինը 6 երեխաներին դպրոց չի ուղարկել

Ներքին 1 տարի առաջ - 15:20 01-09-2023
Արցախցի դպրոցական 6 երեխաների մայր Անուշ Անդրիյանը երեխաներին այսօր դպրոց չի ուղարկել։ Oragir.News-ի հետ զրույցում նա ասաց, որ տանն անգամ ցամաք հաց չկա, որ երեխան ուտի՝ գնա։

«Հիմա տանն առհասարակ ուտելու բան չկա, որ երեխաներն ուտեն, նոր գնան դպրոց։ Այս տարի անգամ հագուստ չեմ կարողացել գնել, ոչ էլ կոշիկ ունեն։ Եղած փողը տալիս ենք կարտոշկա առնելուն, դա էլ էնքան թանկ են ծախում՝ 600 դրամ է մեկ կիլոն, հիմա միայն կարտոշկա եմ կարողանում առնել, որ երեխաներն ուտեն»։

Անուշը պատմեց որ իր նման շատերն այսօր չեն կարողացել երեխաների դպրոց ուղարկել, մարդիկ հնարավորություն չունեն։

«Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչքան կարևոր է երեխաների կրթությունը, բայց առավոտյան երեխան արթնանում է ո՛չ պեսոկ կա, որ երեխան առավոտյան չայ խմի, ո՛չ էլ ուտելու բան։ Էս արևի տակ երեխաները չեն էլ կարող դիմանալ, իմ երեխաներից մեկն էլ հիվանդ է, փոքրերն առհասարակ չեն կարողանա նստել առաջին դասարան։ Մեծերը 1-2 ժամ դեռ կարող են դիմանալ, բայց 2-3-րդ դասարանի երեխաներն առհասարակ չեմ կարողանա դիմանալ։ Եթե դրությունը մի քիչ լավանա, մի քիչ ուտելիք լինի, կարողանամ հագուստ առնել՝ կուղարկեմ։

Կարծում եմ՝ մի քանի օր գնալուց հետո ոչ մեկ էլ չի տանելու, որովհետև բոլորի տունն էլ նույն իրավիճակն է, անգամ ցամաք հաց չունեն, էդ երեխաները, անգամ տանը չեն դիմանում, դպրոցում ո՞նց կդիմանան, այն էլ բավական երկար պիտի քայլեն մինչև տանից դպրոց հասնեն։ Ուղեղներն էլ չի աշխատի, չեն էլ կարողանա մի բան սովորել»,- նշեց Անուշ Անդրիյանը։