Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում հունիսի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը հրետանային և անօդաչու ավիացիայի հարվածներ են հասցրել ԼՂ Պաշտպանության բանակի Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ՊԲ 4 զինծառայող է զոհվել։ Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և ընկերներին՝ պիտի ընդգծեմ, որ այս ռազմական սադրանքին երկար ժամանակ նախապատրաստվում էր տեղեկատվական գրոհներով, թե, իբրև, Արցախի բանակն է շփման գծի տարբեր հատվածներում խախտում է հրադադարը։ Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանն իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում, այն քաղաքականությունը, որի վերաբերյալ մենք ահազանգում ենք։ Ադրբեջանի գործելակերպը հենց այդպես է ընկալվում միջազգային հանրության կողմից, ինչի ամենաթարմ ապացույցը նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ընդունված 22/56 բանաձևն է։ Այդ բանաձևի 15-րդ կետում ԵԽԽՎ-ն արձանագրում է.
«Վեհաժողովը չափազանց անհանգստացած է Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակում հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից և կոչ է անում Ադրբեջանին մերժել նման հռետորաբանությունը և քայլեր ձեռնարկել ինչպես ատելության խոսքի դեմ, այդ թվում՝ հանրային և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կիրառվող, այնպես էլ ատելության հանցագործությունների դեմ պայքարելու համար»։ Նույն բանաձևի 8-րդ կետում Վեհաժողովն արձանագրում է.«Ներկա անկայուն իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ ԼՂ-ի բնակչությունը ստիպված կլինի լքել իրենց տներն ու համայնքները։ Այս համատեքստում Վեհաժողովը հրատապ կոչ է անում լուծել ԼՂ-ի բնակչության իրավունքների և անվտանգության խնդիրները՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության, ինչպես նաև խաղաղության իրականացման ցանկացած մեխանիզմում՝ չեցոք միջազգային ներգրավվածության միջոցով»։ Վեհաժողովն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է, արձանագրել է ԼՂ-ին մատակարարվող էլեկտրաէներգիայի և բնական գազի արգելափակման փաստը, Ադրբեջանին կոչ է մարել անհապաղ վերականգնել այդ մատակարարումները և կատարել Լաչինի միջանցքի ապաարգելափակելու մասին Արդարադատության միջազգային դատարանի հրամանը», - բարձրացայնեց վարչապետը։
Փաշինյանը նաև կարևոր համարեց արձանագրել այն, որ ԵԽԽՎ-ի բանաձևում ԼՂ-ում իրավիճակը գնահատվում է հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամ.«ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը կարևորագույն փաստաթուղթ է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ժգնաժամի շուրջ միջազգային ուշադրությունը մեծացնելու առումով և ՀՀ ԱԳՆ-ն հետևողական կլինի բանաձևի դրույթները նախարարական կոմիտեի, այսինքն՝ ԵԽԽՎ-ի գործադիր մարմնի օրակարգում պահելու առումով»։
Վերադառնալով հունիսի 27-ի սադրանքին՝ վարչապետն ընդգծեց, որ դրանք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու ջանքերը չեզոքացնելու նպատակ ունեն։
«Այս օրերին Հայաստանի պատվիրակությունը Վաշինգտոնում շարունակում է բանակցություններն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ՝ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու ուղղությամբ»,- շեշտեց նա։
Փաշինյանը նաև հայտարարեց, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի և մեր կառավարությունը՝ առերեսվելով բոլոր դժվարությունների և բարդությունների հետ, շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը: