Երբ ընտրությունից ընտրություն փոխվում է կուսակցական պատկանելությունը, ու նախորդից հեռանալը դառնում սկզբունքի հարց
copy image url

Երբ ընտրությունից ընտրություն փոխվում է կուսակցական պատկանելությունը, ու նախորդից հեռանալը դառնում սկզբունքի հարց

Ներքին 1 տարի առաջ - 19:45 09-06-2023
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ակտիվանում են ոչ միայն քաղաքապետի աթոռը զբաղեցնելու հավակնություն ունեցող ուժերի ներկայացուցիչները, այլև նրանք, ովքեր գոնե ավագանիում իրենց տեղը պահպանելու ցանկություն ունեն։ Մասնավորապես, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը լքած Թեհմինա Վարդանյանը օրերս ծավալուն անդրադարձ էր ունեցել, իր բնորոշմամբ՝ ոչ էական մի հարցի՝ իր քաղաքական կուսակցության պատկանելությանը։

«Ինձ թվում էր՝ բոլորին պարզից էլ պարզ էր, սակայն վերջերս, Երևանի ավագանու կամ, ինչպես բոլորս ենք ասում, քաղաքապետի գալիք ընտրություններով պայմանավորված, որոշ քաղաքացիներ, ինչպես նաև լրատվամիջոցներ ինձ կապում են Արթուր Վանեցյանի ու վերջինիս կուսակցության հետ: Երևի թե բացթողումն իմ կողմից է՝ չեմ հանրայնացրել ու դրա մասին ոչ բոլոր տեղերում եմ բարձրաձայնել, անկեղծ ասած՝ հարկ էլ չեմ համարել: Եթե դեռևս կան մարդիկ, որոնց համար այդ կետը մութ է մնացել, վերջին այցս այդ կուսակցության շենք եղել է 21.07.2021 թվականին: Խնդրում և պահանջում եմ՝ դադարեցնե՛լ այդ մասին հարցերն ու խոսակցությունները: Այսուհանդերձ, մեկընդմիշտ փակենք այդ թեման։

Հ.Գ. Գուցե ես մեծամիտ եմ, գուցե չափազանց սկզբունքային, գուցե, ի վերջո, քաղաքականության մասին այլ պատկերացում ունեմ և, ի վերջո, գուցե իմ պատկերացումներն ավելի բյուրեղյա են...»։

Հիշեցնենք՝ Վարդանյանը 2021 հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդգրկված է եղել «Պատիվ ունեմ» դաշինքում, առաջադրվել է հենց որպես Արթուր Վանեցյանի հիմնած «Հայրենիք» կուսակցության անդամ։ Թերևս խորհրդարանական ընտրություններում ձախողվելուց ու Ազգային ժողովում չհայտնվելուց հետո է Վարդանյանը սկզբունքային դարձել, այնքան սկզբունքային, որ ընտրությունից հետո՝ մեկ ամիս անց՝ վերջին անգամ այդ կուսակցության գրասենյակ այցի ժամանակ, մոռացել է հայտնել, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։

Բանականաբար, պատահական չէ, որ Վարդանյանը հենց այս փուլում է հիշել ու հիշեցրել, որ այլևս Վանեցյանի թիմում չէ։ Թերևս ընտրություններում հերթական կուսակցության շարքերում հայտնվելու ցանկությանը խանգարում է հենց «Հայրենիք» կուսակցության անդամատոմսը։

Oragir.News-ը փորձեց Վարդանյանից հստակեցնել, թե որտեղ է հանգրվանելու Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում, սակայն մեր զանգերն ու նամակները մնացին անպատասխան։

Ձեզ գուցե հետաքրքրի