Հայամետների ներկայությունը հուսադրող է․ Թրամփի 2-րդ պաշտոնավարումը կտարբերվի նախորդից
copy image url

Հայամետների ներկայությունը հուսադրող է․ Թրամփի 2-րդ պաշտոնավարումը կտարբերվի նախորդից

Արտաքին Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 13:00 16-11-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 5-ի նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակից հետո արդեն սկսել է իր ապագա վարչակազմի ձևավորման աշխատանքները, չնայած այն բանին, որ նրա պաշտոնամուտին ավելի քան 2 ամիս կա։

Ուշագրավ է, որ Թրամփը մտադիր է մի շարք առանցքային պաշտոններում այնպիսի գործիչների նշանակել, որոնք նախկինում աչքի են ընկել հայանպաստ գործունեությամբ, ինչը Հայաստանում որոշակի ոգևորություն է առաջացրել։ Մասնավորապես՝ Թրամփը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջադրել է սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությունը, ով 2023 թվականի աշնանը՝ Արցախի հայաթափումից հետո, միացել էր «Հայաստանի պաշտպանության ակտ» կոչվող փաստաթղթին, որը կոչ էր անում Սպիտակ տանը դադարեցնել ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին, Ազգային հետախուզության ծառայության տնօրենի պաշտոնում էլ՝ նախկին կոնգրեսական Թուլսի Գաբբարդի թեկնածությունը, ով 2017 թվականին այցելել էր Արցախ, հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանն ընդգծեց, որ առանցքային պաշտոններում պրոհայկական հայտարարություններով աչքի ընկած գործիչների նշանակումը որոշ չափով լավատեսական հույսեր է առաջացնում։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ ԱՄՆ պետքարտուղարի անձից շատ բան է կախված՝ երկրի արտաքին քաղաքականությունը իրականացնելիս, ուստի այս պաշտոնում Մարկո Ռուբիոյի նշանակումը դրական է գնահատում․

«Օրինակ՝ նախորդ վարչակազմում, Բայդենը գրեթե չէր զբաղվում արտաքին քաղաքականության հարցերով, շատ քիչ։ Իհարկե նախագահն ընդհանուր ուղղությունները տալիս է, բայց իրագործողը լինում է պետքարտուղարը։ Որոշ դեպքերում անգամ նախագահն էլ չի տալիս, հենց պետքարտուղարն է տալիս։ Նախորդ վարչակազմը որոշ բաներ արեց․ օրինակ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան սանձելու գործում պետքարտուղար Բլինքենը մեծ գործ արեց, ուղղակիորեն հենց նրա զանգից հետո Ադրբեջանը կանգ առավ, հայ-ամերիկյան հարաբերությունները մեկ աստիճանով բարձրացվեց՝ հասնելով ռազմավարական երկխոսության մակարդակի և այլն»։

Քաղաքագետը Թուլսի Գաբբարդի նշանակումը նույնպես դրական է գնահատում՝ հիշեցնելով, որ նա ժամանակին այցելել է Հայաստան ու Արցախ, հայտնվել Ադրբեջանի ԱԳՆ-ի սև ցուցակում։ Նա շեշտում է, որ այս ցուցակում ավտոմատ կերպով այն անձինք էին հայտնվում, ովքեր այցելում էին Արցախ։ «Հիմա Թուլսի Գաբբարդը հայտնի է իր հակաադրբեջանական ու հակաթուրթական ելույթներով և այս նշանակումն էլ կարելի է դրական գնահատել։ Բայց մյուս կողմից էլ չեմ կիսում այն ծայրահեղ գնահատականները, որ այս նշանակումներից հետո հայ-ամերիկյան հարաբերությունները պետք է կտրուկ փոխվեն, դառնան դաշնակցային, ԱՄՆ-ն մեր փոխարեն մեր բոլոր խնդիրները կլուծի և այլն։ Դրա համար մենք պետք է ունենանք ընդհանուր շահերը, այնպես անենք, որ ԱՄՆ-ն այս տարածաշրջանում շահ տեսնի, ոչ թե միայն գեղեցիկ խոսքերով ու հուզականությամբ փորձենք շահագրգռել ամերիկյան կողմին։ Պետք է շահեր ձևավորենք, որպեսզի արդեն ԱՄՆ-ն ինքը հետաքրքրվածություն ունենա՝ այդ հարաբերությունները զարգացնելու հարցում։ Այսինքն՝ շատ բան հենց մեզնից է կախված»,- կարծում է նա։

Վարդանյանը նշեց, որ նախևառաջ դիվանագիտական կորպուսը պետք է լուրջ աշխատանք կատարի, ինչպես նաև հենց Հայաստանի իշխանությունները՝ այնպես անելով, որ ԱՄՆ-ն այստեղ շահեր տեսնի։ Նրա խոսքով՝ Բայդենի վարչակազմը հետաքրքրված էր Հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնության դիրքերի թուլացմամբ, ու քանի որ Հայաստանն էլ այդ ուղղությամբ քայլեր էր ձեռնարկում դա ԱՄՆ-ում որոշակի հետաքրքրվածություն առաջացրեց․

«Ես ուզում եմ հիշեցնել այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը՝ Բլինքենի, Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, որտեղ որոշվեց ավելացնել Հայաստանին տրվող ֆինանսական հատկացումները։ Այդ հատկացումների մեծ մասն ուղղված էր Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդմանը․ այս տեսանկյունից Հայաստանը շահավետ առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին՝ առաջարկելով Մեծամորի ԱԷԿ-ը փոխարինել ամերիկյան տեխնոլոգիաներով գործող ատոմակայանի։ Սա բնականաբար հետաքրքրություն է առաջացրել ԱՄՆ-ում, Բայդենի վարչակազմի օրոք քննարկումներ էին ընթանում, քննարկվում է Հայաստանին 123 բանաձևի մեջ, որը ենթադրում է ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների տրամադրում և այլն։

Այսինքն՝ մենք այս հարցում կոնկրետ քայլեր արեցինք, ասեցինք՝ մենք ուզում ենք մեր ռուսական տեխնոլոգիայով աշխատող Մեծամորի ԱԷԿ-ը փոխարինել ամերիկյան տեխնոլոգիաներով գործող ԱԷԿ-ի, իրենք էլ մինչև այսօր լրջորեն քննարկում են։ Չգիտեմ՝ նոր վարչակազմը կշարունակի՞ դա, թե՞ ոչ, սակայն մինչ այս պահը բավականին լուրջ բանակցություններ են եղել, և Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ռուսական ատոմակայանն ամերիկյանով փոխարինելու հարցում ռազմավարական որոշում ունեն։ Այսինքն՝ շատ բան հենց մեզնից է կախված, և մենք՝ մեր առաջարկներով, ԱՄՆ-ի մոտ պիտի հետաքրքրություն ու շահ առաջացնենք»։

Oragir.News-ի հարցին՝ Թրամփի ապագա վարչակազմի վարած քաղաքականությունը կտարբերվի՞ իր առաջին պաշտոնավարման շրջանի քաղաքականությունից՝ Արմեն Վարդանյանը դրական պատասխանեց, ընդգծեց՝ Թրամփի կառավարման առաջին շրջանը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների համար կարելի է որակել որպես աղետ։

«Դա ձախողված շրջան էր հայ-ամերիկյան հարաբերությունների համար, ու Թրամփի կրավորական կեցվածքը և մեկուսացման քաղաքականությունը «նպաստեցին» դրան։ Հիմա այս վարչակազմում կան գործիչներ, որոնք իրենց դրսևորել են Հայաստանին ու հայ ժողովրդին բարեկամ, դրան գումարած հայերին Թրամփի նախընտրական ուղերձները՝ Կիլիկիո կաթողիկոսի հետ հեռախոսազրույցը և այլն, ու այս բոլոր գործոնները հույսեր են առաջացնում, որ Թրամփի 2-րդ ժամկետում հայ-ամերիկյան հարաբերություններն արմատական կերպով կտարբերվեն նախորդ՝ 1-ին ժամկետում եղած հարաբերություններից»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան