Հայտնի խոսքը՝ դու այն ես, ինչ ուտում ես, ինչ կարդում ես, ինչ խոսում եւ մտածում ես, կարելի է հանգիստ ձեւափոխել իշխանությունների վրա՝ դու այն ես, ինչ տոնում ես։
Այս իշխանության սիրելի տոներից մեկը Երեանում անցկացվող գինու փառատոնն է, երբ մի քանի օր շարունակ կենտրոնում երթեւեկությունը կաթվածահար է արվում եւ պատրաստվում են մայրաքաղաքային «ալկաշության», հետո էլ լուսանկարներ հրապարակում գինու բաժակների հետ։
Մի կողմից սյուռ է տեսնել, թե ինչպես համազգային ողբերգությունների ֆոնին նման բախտորոշ ժամանակաշրջանում Հայաստանի մայրաքաղաքում մարդիկ ուտում-խմում, ինչ-որ փառատոն են նշում։ Մյուս կողմից էլ՝ մասնագիտական հանրության համար տարակուսելի բազում հարցեր կան։
Նախ՝
Oragir.news-ի աղբյուրի փոխանցմամբ՝ փառատոնը ամենեին էլ գինու չէ, որովհետեւ խորոված-քյաբաբը ավելի շատ է գերակշռում, քան գինին։ Երկրորդ՝ մասնագիտական ոչինչ չկա ներկայացված, ընդամենը որկրամոլության եւ ցուցամոլության հերթական առիթն է։
Երրորդ խնդիրը՝ մեծից փոքր բոլորը հարբած են, ոչ ոք չի վերահսկում, անվտանգության կանոններ չեն պահում։
Օրինակ՝ ռեստորաններից մեկը փողոցի իր հատվածը փակել էր, լրիվ փակուղի էր դարձել այդ հատվածը, առհասարակ շատերն էլ բեմերով փակել շրջանցող ճանապարհները, ու Աստված մի արասցե,եթե որեւէ արտակարգ պատահար լիներ, ամբոխը կճխլեր բոլորին։
Այս անկազմակերպ վիճակը հիասթափեցրել է շատերին, եւ մի շարք լուրջ գինեգործներ քննարկում են հաջորդ տարի փառատոնը բոյկոտելու հարցը։