Արտաքին 3 տարի առաջ - 16:10 28-05-2023

Սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի Ադրբեջանի պայմաններով. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ իրենք երբեք չէին համաձայնվի, որ Բերձորն ու Քարվաճառը հավերժ մնար հայկական վերահսկողության տակ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Ալիևն ասել է այսօր՝ օկուպացված Բերձոր կատարած այցելության ժամանակ։

Ալիևը պնդել է, որ Հայաստանն իր կամքով չէր ուզում հեռանալ «ադրբեջանական տարածքներից»։ Նրա խոսքով՝ «Հայաստանը միջազգային հանրությանը մոլորեցնելու, միջնորդներին խաբելու համար հայտարարել է հինգ շրջան վերադարձնելու իր պատրաստակամության մասին՝ առաջարկելով, որ Բերձորն ու Քարվաճառը հավերժ մնան հայկական վերահսկողության տակ»։

«Մենք երբեք չէինք կարող համաձայնվել սրան։ Ես միշտ ասել եմ, որ մեր տարածքային ամբողջականությունը պետք է ամբողջությամբ վերականգնվի։ Այսօր հաղթանակած ադրբեջանական բանակի սխրանքների շնորհիվ մենք հասել ենք դրան։ Մենք մարտի դաշտում հաղթեցինք թշնամուն»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Արցախյան երկրորդ պատերազմն իրենց փառավոր պատմությունն է, իսկ Հայաստանը դեռևս չի կարողացել բուժել պարտության ցավն ու վերքերը։ Նա նշել է, որ ներկայումս առկա իրականությունը ձևավորվել է պատերազմից հետո ձեռք բերված արդյունքների հիման վրա։

Ալիևը հայտնել է, որ ներկայումս խաղաղության պայմանագրի ստորագրման համար գործնականում լուրջ խոչընդոտներ չեն մնացել, քանի որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նա վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում կարող է խաղաղության պայմանագիր կնքվել, եթե «Հայաստանը կրկին չխաբի ու նորից չփոխի իր դիրքորոշումը»։ «Եթե ստորագրվի, շատ լավ է, եթե չստորագրվի, ամեն դեպքում, ադրբեջանական պետությունը ոչ մի խնդրի առաջ չի կանգնի դրա համար, քանի որ մենք ուժեղ կողմն ենք, մենք ունենք ամուր դիրքեր բանակցային սեղանի շուրջ և մենք ամուր դիրքեր ունենք սահմանին։ Նույնիսկ առանց խաղաղության պայմանագրի ստորագրման մենք կապրենք խաղաղության և անվտանգության մեջ»,- կարծում է նա։

Վերջինս նաև հավելել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի Ադրբեջանի պայմաններով։ Նրա համոզմամբ՝ միջազգային պայմանների հիման վրա պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, Նախիջևան տանող ճանապարհը պետք է բացվի, իսկ «Հայաստանի զինված կազմավորումները պետք է հեռանան Արցախից»։

«Այս պայմանները ես բարձրաձայնում եմ այստեղ՝ Լաչին քաղաքում։ Թող բոլորը տեսնեն, որ մենք այսօր այստեղ ենք և միշտ այստեղ ենք լինելու։ Թող իմանան, որ այստեղից երևում են հայկական գյուղերը։ Թող չմոռանան այդ մասին»,- եզրափակել է նա։




Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ