Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը վճռական դիրքորոշում ունեն Իսրայելի նկատմամբ։
Նրա խոսքով՝ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը ևս բացառիկ կոշտ և վճռական դիրքորոշում է դրսևորել։
Ռեզային նշել է, որ կողմերը համատեղ քննարկել են Իսրայելից մահմեդականներին պաշտպանելու, իսրայելական զորքերը Լիբանանի հարավային և Սիրիայի հարավային շրջաններից դուրս բերելու, ինչպես նաև Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին տիրող իրավիճակի հարցերը։
«Եթե մեր չորս երկրները միավորեն իրենց ջանքերը, մեր ընդհանուր հզորությունը բազմապատիկ կաճի։ Սա տարածաշրջանային բոլորովին նոր կարգ է»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ հանդիպումները կշարունակվեն։
Ռեզային նաև հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը իրեն տեղեկացրել է՝ Իսրայելը Իրանից հետո նախ նախատեսում է հարվածել Թուրքիային, ապա՝ Սաուդյան Արաբիային։
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի բարձրաստիճան ներկայացուցիչներն իրեն հատուկ նախազգուշացրել են, որ Իսրայելը մտադիր է իր ագրեսիան տարածել նաև այլ մահմեդական երկրների վրա։