Ներքին 56 րոպե առաջ - 22:43 31-10-2026

Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից

Oragir.News-ը հերթական ահազանգն է ստացել Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի շահառու ծնողից։

Հ. Գաբրիելյանը պնդում է, որ հաստատությունում հոգեբանի փոփոխությունից հետո իր 11-ամյա դստեր վարքը կտրուկ փոխվել է․ երեխան դարձել է ագրեսիվ, իսկ նախկին մասնագետի հետ տարիների ընթացքում արձանագրված դրական արդյունքները, ծնողի խոսքով, փաստացի զրոյացվել են։

Ծնողի խոսքով՝ դուստրը խնամքի կենտրոն է հաճախում արդեն 4 տարի։ Այդ ընթացքում երեխայի հետ աշխատել է հոգեբան Հասմիկը, որի աշխատանքի արդյունքներից ընտանիքը գոհ է եղել։ Սակայն մասնագետին աշխատանքից հեռացնելուց հետո իրավիճակը փոխվել է։ «Երեխաս այդ հաստատությունում է արդեն 4 տարի։

Իր հետ աշխատել է հրաշալի հոգեբան, բայց ընկեր Հասմիկին հեռացրել են աշխատանքից, և իմ երեխան ավելի ագրեսիվ է դարձել։ Այն արդյունքը, որին հասել էինք, ջուրն է լցվել։ Տնօրենը ոչ ոքի չի լսում, ոչ ոքի կարծիքը չի հարցնում և պարտադրում է, որ երեխան հարմարվի այն մասնագետի հետ, որին իրենք ներկայացնում են։

Ասել են՝ հաստիքի կրճատում է եղել։ Ես՝ որպես ծնող, առաջարկում եմ, որ հետ բերեն այդ հոգեբանին։ Տնօրենն ասել է, որ երեխան պիտի հարմարվի։ Ես չեմ կարող երեխայիս այդ կենտրոնից հանել, որովհետև խնդիրներ ունի։ Երեխաս ասում է, որ նոր մասնագետը հեռախոսով է զբաղվում՝ իր հետ աշխատելու փոխարեն, և իր հետ աշխատանք չի տանում»,- պատմում է ծնողը։

Հ. Գաբրիելյանը դժգոհում է նաև հաստատության տնօրենի՝ ծնողների կարծիքի նկատմամբ վերաբերմունքից։ Նրա խոսքով՝ տնօրենի փոփոխությունից հետո կառույցում իրավիճակն էականորեն փոխվել է, իսկ ծնողների բարձրացրած խնդիրները պատշաճ ուշադրության չեն արժանանում։ «Ես դժգոհ եմ այս տնօրենից, որովհետև ինչ փոխվել է տնօրենը, այս կառույցը գլխիվայր շուռ է եկել։

Տնօրենն ինչպես հարմար է գտնում, այդպես էլ անում է և ստիպում, որ իրեն հարմարվեն։ Ինչպես հեռացրել են, թող այդպես էլ հետ բերեն, որովհետև երեխաս դեպի վատն է գնում։ Ընկեր Հասմիկի բացակայությունը բացասաբար է ազդում իմ երեխայի վրա։

Բարձիթողի վիճակ է։ Եթե ճիշտ մասնագետներ են ընտրված, ապա հոգեբանը երեխայի հետ զբաղվելու փոխարեն չի նստի ու հեռախոսով զբաղվի։ Երեխան տուն է գալիս ագրեսիվ, մեր տան անդորրը խախտվել է։ Մինչև մասնագետների փոփոխությունը ամեն ինչ լավ էր, երեխաս սիրով էր գնում։ Խնդիրներ ունեցող երեխաներ են այդտեղ, պետք է հաշվի նստեն այդ երեխաների հետ»,- ասում է ծնողը։

Ծնողը պահանջում է վերանայել հոգեբանի փոփոխության որոշումը և վերականգնել նախկին մասնագետի աշխատանքը՝ պնդելով, որ իր երեխայի վիճակի վատթարացումը չի կարող անտեսվել։ Oragir.News-ը զրուցել է նաև Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիդիա Մարտիրոսյանի հետ։

Տնօրենը, անդրադառնալով ծնողի ահազանգին, նշել է, որ հոգեբանի փոփոխությունը տեղի է ունեցել ընդամենը մեկ օր առաջ, և այս կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ երեխայի վարքային փոփոխությունները կապել նոր մասնագետի աշխատանքի հետ։ «Ես ինչ կարող եմ ասել...Այդ երեխայի հոգեբանը երեկ է փոխվել, և մեկ օրվա մեջ չի կարող վարքային դրսևորում լինել։ Թող սպասեն, հոգեբանն աշխատի, և եթե արդյունք չտեսան, այդ հարցը կքննարկենք»,- ասել է Լիդիա Մարտիրոսյանը։

Այսպիսով, ծնողը պնդում է, որ երեխայի վարքը վատթարացել է նախկին հոգեբանի հեռացումից հետո, իսկ հաստատության տնօրենը խնդիրը քննարկելու անհրաժեշտությունը պայմանավորում է նոր մասնագետի աշխատանքի արդյունքներով։

Հիշեցնենք, որ օրերս Oragir.News-ը նույն հաստատությունից դարձյալ ահազանգ էր ստացել։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
08:49 Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց․ «Հրապարակ»
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն