Երևան +15°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:46 17-01-2023

Արցախում պետք է օջախային դիմադրություն իրականացվի․ քաղաքագետ

Ընդհանուր և Արցախի մնացորդի շուրջ առարկայորեն ստեղծված իրավիճակն արժեզրկում է ներքին իշխանական նշանակումների որևէ ազդեցություն՝ ժողովրդականության վրա։ Oragi.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով Արցախի ԱԱԾ և ԱԽՔ նոր նշանակումներին ու դրանց նախորդած փոխատեղումներին։

«Այսինքն, ստեղծված է ծանրագույն իրավիճակ։ Արցախի տեղական իշխանությունները ոչ միայն ունակ չեն, այլև չեն կամենում պատրաստվել վերջին դիմադրողական քայլերի։ Դրա փոխարեն, բնականաբար, աճում են նրանց միջի հակասությունները։ Իսկ գործընթացները դառնում են և՛ ավելի անկառավարելի, և՛ անբովանդակ։ Հետևաբար, այսօր ում էլ նշանակեն, ինչ էլ անեն՝ եթե դա կրկին լինելու է Արայիկ Հարությունյանի կամ, ինչու չէ, նաև հենց Ռուբեն Վարդանյանի նշանակումը, ապա դա որևէ կերպ դեպի դրական ընթացք իրավիճակ չի ուղղորդելու»,- ասաց նա։

Ընտրությունների մասին խոսելն, ըստ քաղաքագետի, այս շրջանում ավելորդ է։ Իր խոսքով՝ դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հասկանալի էր դարձել, որ այդ մասին առարկություններ են եղել ռուսական ու Ադրբեջանի կողմից։

«Այսինքն, ներքին կարգով դա ուղղակի ասվել է Արցախի իշխանություններին։ Ռուսաստանը և հատկապես Ադրբեջանը որևէ համապետական, համարցախյան իշխանական մարմնի ընտրություն չեն հանդուրժի։ Հետևաբար, որոշ շրջափուլերում, երբ Արցախում փորձ է արվում աշխուժացնել ընդդիմադիր գործընթացներ՝ ընդդիմադիր գործիչներին ուղիղ ձևով ասվում էր, որ ընտրությունները հնարավոր չեն։ Դրանք մեծագույն հավանականությամբ չեն թույլատրվի Ադրբեջանի և Ռուսատանի կողմից։ Այս իմաստով, ընտրությունների մասին խոսելը միանգամայն ավելորդ է»,- ասաց նա։

Իր խոսքով՝ այնուամենայնիվ, այս շրջանում Արցախում հնարավոր է իրականացնել օջախային դիմադրություն։ «Դրանք կարող են իրականացվել այն ակնկալիքով, որ այդ օջախային հուսահատ դիմադրությունն, այնուամենայնիվ, կստիպի արտաքին աշխարհաքաղաքական ուժի կենտրոններին միջամտել Արցախի մնացորդի փաստացի հայաթափությունն ու ցեղասպանությունը դադարեցնելու համար։

Նրանք պետք է վաղուց մտածեին՝ պարզապես անտեսելով Արցախյան արդի իշխանություննեին՝ սեփական պատասխանատու ցանկային մարմիններ ձևավորելու, այդ օջախային դիմադրության փորձը գոնե կազմակերպելու համար։

Որովհետև ակնհայտ է, որ Արցախի ներկայիս իշխանությունները, էական չէ, թե որ թևին են պատկանում, սակայն, հատկապես Արայիկ Հարությունյանի թևը, պարզապես որդեգրել են Ադրբեջանին անձնատուր լինելու, նրանց հրահանգների կատարածուն լինելու սկզբունքը։

Գործնականում դա վաղուց արդեն հատել է ազգային դավաճանության շեմը, և այսօր իրենք կարող են դիտվել ադրբեջանական կողմի կամակատարներ՝ Արցախի մնացորդը վերջնականապես հայաթափելու և վերացնելու համար»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ ստեղծված իրավիճակում միջազգային լուծումների պետք է հասնել քրտնաջան աշխատանքի միջոցով։ «Այդ լուծումներն օդից չեն ընկնում։ Հատկապես խառնակ ժամանակաշրջաններում, երբ աշխարհի ուշադրությունը սևեռված է ավելի լուրջ համարվող մեծածավալ խնդիրներին։ Ինչպես 2020 թվականին ամբողջ աշխարհը պատուհասված էր Քովիդով և շատ մեծ հնարավորությունների պատուհան բացվեց Ադրբեջանի համար՝ Ռուսաստանի բարեհաճությամբ՝ Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու, ճիշտ այնպես էլ այսօր ուկրաինական պատերազմն ու այդ պատերազմի հարուցած համաշխարհային մակարդակի մարտահրավերները շեղում են աշխարհի ուշադրությունը մեր տարածաշրջանից, որը, թերևս չորրորդական նշանակություն էլ չունի համաշխարհային համատեքստում։

Հետևաբար, եթե ՀՀ կառավարությունը լիներ պետականամետ, եթե լիներ նվազագույնը ընդունակ՝ իրականացնելու պետական կառավարում և արտաքին քաղաքական սուբյեկտայնություն, ապա նրանք պետք է գիշեր-ցերեկ բոլոր տարիներին կաշվից դուրս գային՝ որոշակի խոստումներ կամ գործողություններ ստանալու համար։

Բայց, ներկայիս կառավարությունը՝ լինելով ապիկարության ու ապաշնորհության բացարձակ օրինակ, բնականաբար, ոչինչ չի կարող անել։ Նրանք լվացել են ձեռքերը, և ո՛չ միայն Արցախի մնացորդում, այլև առհասարակ, Հայաստանի մնացորդում, բախտի քմահաճույքին ենք տրված, և, առհասարակ, հասկանալի չէ, թե այս կերպ դեռ որքան ժամանակ կգոյատևենք որպես ազգ և որպես ազգային ներկայություն՝ Հայաստանի վերջին հողակտորի վրա»,- ասաց նա։

Քաղաքագետը նաև բարձր գնահատեց այս ամսվա 30-31-ին, ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի հայցի նախատեսվող լսումները։

Հայտարարեց, որ այն առավելապես ուղղված է լինելու միջանցքը բացելու պահանջին։ «Դա Ադրբեջանի համար կարող է հավելյալ գլխացավանք ստեղծել։ Ադրբեջանը չի կամենում Արցախի մնացորդի հայաթափումը հետաձգել անորոշ ապագայի։ Իսկ մերձավոր ապագայում Արցախի վրա ադրբեջանական վերջնական իշխանության հաստատումը հնարավոր է միայն Պուտինի վարչակարգի առկայությամբ։

Քանի որ Հայաստանի հերթական մասնատման ու Ադրբեջանին Արցախի փուլային հանձնման բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել Էրդողանի, Պուտինի և երկրորդաբար, Ալիևի միջև։

Հետևաբար, Ալիևն իսկապես պետք է շտապի, քանի դեռ Ռուսաստանը վերջնականապես չի պարտվել Ուկրաինայում, քանի դեռ Պուտինն իշխանության է, քանի դեռ ռուսական ստորաբաժանումը կանգնած է Արցախում՝ դրանով իսկ հանդիսանալով գլխավոր խոչընդոտը՝ ինքնապաշտպանական վերջին կռիվները կազմակերպելու առումով»,- ասաց նա։