Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 22:26 25-05-2023

Պետություն, որ մեկ շաբաթ է` չի կարողանում աղբավայրի հրդեհը հանգցնել, ու ոչ ոք պատասխանատու չէ

Գրեթե մեկ շաբաթ է, ինչ Նուբարաշենի աղբավայրը ծխի մեջ է, օրեր շարունակ չի հաջողվում մարել մայիսի 18-ից բռնկված հրդեհը։

Նուբարաշենի աղբավայրի ծուխը քամիների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներ է հասնում։ Հատկապես հրդեհի առաջին օրերին տհաճ հոտը զգալի էր աղբավայրից 2 կմ հեռու Նուբարաշենում, հարևան համայնքներում ու անգամ աղբավայրից 10 կմ հեռու գտնվող Կենտրոնում։

Օրեր շարունակ տարբեր բնապահպաններ ահազանգում են մարդկանց վրա ծխի բացասական ազդեցության մասին։

Հրդեհի 5-րդ օրը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ասաց, որ մեկ շաբաթ կպահանջվի Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մարելու և ծուխը դադարեցնելու համար։

Oragir.News-ն այսօր տեղում փորձեց ծանոթանալ խնդրին։ Աղբավայրից կիլոմետրերի հեռավորությունից էլ մեր տեսախցիկը ֆիքսեց թանձր ծուխը։ Երբ մոտեցանք, կարելի էր ասել, շնչահեղձ եղանք աղբավայրի գարշահոտի և ծխի միախառնումից։

ԱԻՆ-ի աշխատակիցները հրդեհը հողի շերտով են փորձում մարել։ Դիմացի բլրից հող փորող մեքենան հողը բարձում էր բեռնատարը և այն տանում էին լցնում այրվող տարածքում։