Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի հիմնարար հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Հաղթանակի զբոսայգում այսօր այս մասին հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Որոշ հարցերում ինչ-որ առաջընթաց եղել է, բայց դրանք ամենահիմնարարը չեն»,- հայտարարեց նա։
ԱԽ քարտուղարը հիշեցրեց` բանակցություններում հայտնի սկզբունք կա. քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ` ոչ մի բան էլ համաձայնեցված չէ։
«Կիրակի օրը լինելու է հանդիպում Բրյուսելում, այնուհետև` Քիշնևում։ Հանդիպմանը մասնակցեն նաև Ֆրնասիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Կաշխատենք այն ուղղությամբ, որ հնարավորինս մոտարկենք մոտեցումները և առաջ շարժվենք»,- ասաց նա։
Անդրադառնալով Արցախի վերաբերյալ հարցին`ԱԽ քարտուղարը նշեց, որ իրենց մոտեցումները բազմաթիվ անգամներ հայտարարել են` պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ, Ստեփանակերտն ու Բաքուն նստեն բանակցությունների սեղանի շուրջ։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Գրիգորյանը նշեց, որ հարաբերությունների կարգավորումը պետք է առանց նախապայմանների լինի: «Մենք հույս ունենք, որ այդ հարաբերություններն առանց նախապայմանների էլ կկարգավորվի»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե «Նեմեսիսի» արձանը չհանվի, Թուրքիան պատասխան քայլեր կանի, արդյոք դա միջամտություն չէ ՀՀ ներքին գործերին Անկարայի կողմից, ԱԽ քարտուղարն ասաց. «Բնականաբար դա Հայաստանի ներքին հարցն է և որևէ մեկն իրավունք չունի այդ հարցերին խառնվելու»:
Հարցին՝ իշխանությունը կհանի՞ արձանը, նա հստակ պատասխան չտվեց՝ նշելով. «Այդ հարցերը գտնվում են ՏԻՄ դաշտում, ես որևէ բան չունեմ ասելու այդ հարցով»: