Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:44 05-05-2023

«Ռիո մոլը» բերել, բենզալցակայանին են կպցրել և ստիպում են, որ գործունեությունը դադարեցվի

ՔՏՀԱ տեսչական մարմինը «Տիտան Օիլ»-ի բենզալցակայանի գործունեության դադարեցման համար դիմել է ՀՀ ՆԳՆ։

«Տիտան Օիլ»- ՍՊԸ-ի տնօրեն Մարինե Աբելյանը Oragir.News-ի հետ զրույցում խոսելով տեղի ունեցածից՝ ասաց․ «Ոստիկանները ներկայացել են բենզալցակայան, իրենց հետ ունեցել են միայն արձանագրություն և տեսչական մարմնի ղեկավարի գրությունը, որտեղ աբսուրդայինը այն է եղել, որ կայացվել է վարչական ակտ 2 մլն դրամի չափով տուգանք են նշանակել, ինչպես նաև կասեցրել են բենզալցակայանի գործունեությունը»,- նշեց Աբելյանը։

Փաստաբանը ընդգծեց, որ կայացված ակտը բողոքարկվել է Վարչական դատարան, ընդունվել է վարույթ, իսկ վարչական ակտի գործողությունը կասեցվել է։

«Այդ հանգամանքը հաշվի չառնելով՝ ոստիկանները թաքուն իրականացրել են բենզալցակայանի փակում, սա առաջին դեպքը չէ, որ պետական մարմինների կողմից նման ակնհայտ, ուղղորդված քայլեր են կատարվում բենզալցակայանի ու աշխատակիցների նկատմամբ։ Ոստիկանությունը նույնիսկ չի սպասել, որ որևէ անձ ներկայանա։ Իրենք բենզալցակայան են մոտեցել մոտավորապես ժամը 9-ին, մենք կարողացել ենք հասնել 9։40-ի սահմանները և իրենք արդեն անհետացել էին և մենք ստիպված էինք գնալ Արաբկիրի ոստիկանության բաժին, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչ հիմքով են բենզալցակայանը փակել»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանը հավելեց, որ տեղում ծանոթացել է գործի նյութերին, գործում որևէ հանձնարարագիր չի եղել , եղել է որոշում՝ վարչական ակտ, տուգանք նշանակելու մասին, որի գործողությունը արդեն իսկ կասեցված էր եղել։

«Որևէ հիմք չկար բենզալցակայանի գործունեությունը կասեցնելու, եթե անգամ կար, ոստիկանները պարտավոր էին սպասել տնօրենի, լիազորված անձի կամ փաստաբանի ներկայանալուն, ինչը չեն արել։
Այսինքն, բենզալցակայանում եղել են երկու լիցքավորող անձ, այլ մարդ չի եղել»,- ասաց փաստաբանը և հավելեց, որ այս պահին բենզալցակայանի գործնեությունը կասեցված է, ժապավեններով փակել են։ Իրենք պատրաստվում են դատարան դիմել։

Խոսելով այն մասին, թե ինչ հիմնավորումներով են կասեցրել գործնեությունը՝ փաստաբանն ասաց. «Այդտեղից մի քանի մետր այն կողմ «Ռիո» մոլն է կառուցվել, ես կնշեմ, որ «Ռիո» մոլը կառուցվել է շատ ավելի ուշ, քան բենզալցակայանը։ Բենզալցակայանը այդ շրջանում կառուցվել է դեռևս 90-ականներին։ Այսինքն, կոպիտ ասած, մոլը բերել են, կպցրել բենզալցակայանին, չեն պահպանել տարածությունը, իսկ հիմա վարչական մարմիններին անընդմեջ գրություններով և այդպիսի գործողություններով ստիպում են բենզալցակայանի գործունեությունը կասեցնել»,- հավելեց «Տիտան Օիլ» ՍՊԸ-ի փաստաբան Նարինե Աբելյանը։