Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:34 28-04-2023

Մենք այսօր ունենք պետություն, բանակ, մեր ճանապարհը պետք է լինի հաղթանակը, ոչ թե վրիժառությունը․ Չալաբյան

Մեր հետևում գտնվում է Նեմեսիսի հերոսների նորակերտ հուշարձանը, որի վրա գրված են ազգային արժանապատվության ասպետների անունները։ Այս մասին այսօր Նեմեսիսի հուշարձանի մոտ «Համախմբում» շարժման հանրահավաքին լրագրողների հետ զրույցում ասաց շարժման անդամ Ավետիք Չալաբյանը։

Չալաբյանը նախ հիշեցրեց, թե երբ և ինչպես է կազմակերպվել ու իրականացվել «Նեմեսիս» գործողությունը, այնուհետև ընդգծեց, թե ինչ շոկային են եղել թուրքերի համար հայերի գործողությունները։

«Ցավոք, 2020 թվականին մենք նորից պարտություն ենք կրել, բայց մենք պետք է այդ պարտությանը վերաբերվենք որպես դաս, որը պետք է յուրացնել և շարժվել առաջ՝ դեպի նոր հաղթանակներ։ Պետք է հիշել՝ մարդկության պատմության մեջ հաղթանակները և պարտությունները հաջորդում են իրար։ Չկա որևէ ազգ, որը միշտ հաղթում է, և չկա որևէ ազգ, որը միշտ պարտվում է։ Միշտ պարտվող ազգը վերանում է»,- ասաց Չալաբյանը՝ նշելով, որ կարծում է՝ հարևանների հետ պետք է ի վերջո գալ հաշտության․ «Բայց այդ հաշտությունը չի լինելու մեզ ստրկացնելու, ոտնահարելու, ոչնչացնելու կամ տեղահանելու միջոցով։ Թուրքերն ու ադրբեջանցիները պետք է ընդունեն մեր բնական մարդկային ու ազգային իրավունքները, նրանք պետք է ընդունեն մեր իրավունքը մեր հայրենիքում արժանապատիվ ապրելու։ Որպեսզի դա տեղի ունենա, պետք է երկու բան․ նախ գիտակցենք թշնամական նկրտումները, բայց և հասկանանք, որ մենք մենակ չենք աշխարհում»,- ասաց Չալաբյանը՝ ընդգծելով, որ երբ մեր կարողությունները բազմապատիկ աճեն, թշնամիները ստիպված կլինեն մեզ հետ հաշվի նստել, և դա է միակ ճանապարհը։

Դիտարկմանը, որ Հայաստանի իշխանությունները ևս գնում են խաղաղության պայմանագրին, Չալաբյանը պատասխանեց․ «Մի էական տարբերություն կա, որ հայաստանյան իշխանություններին ոչ մեկ լուրջ չի ընդունում, չի հարգում և դա մեկ պարզ պատճառով, որ հաշտությունը կարող է լինել միայն ուժերի հաշվեկշռի բալանսի հաստատման հաշվին։ Թույլի հետ ոչ մեկը չի հաշտվում, թույլին շարունաում են ոչնչացնել։ Դա այն է ինչը, ցավոք, տեղի է ունենում հենց այս իշխանությունների հետ Դրա պատճառով այս իշխանություններին պետք է փոխել՝ որքան շուտ, այնքան լավ, որովհետև այս իշխանությունները երկիրը տանում են անհեռանկար ուղղությամբ»։

Քաղաքական գործիչը ևս մեկ անգամ ընդգծեց, որ պետք է ռազմականացնել երկիրը․ «Մենք մեր երկիրը պիտի սարքենք անառիկ ամրոց, որ թշնամին այլևս չհավակնի այդ ամրոցը գրավել։

Հարցին՝ նոր «Նեմեսիս»-ի կարիք կա՞, Չալաբյանը բացասական պատասխան տվեց․ «Նոր «Նեմեսիս»-ի կարիքչկա այն իմաստով, որ մենք չպետք է գնանք վրիժառության ճանապարհով, մենք պետք է գնանք թշնամիներին հաղթելու ճանապարհով։ Նեմեսիսը այն իրավիճակն էր, երբ մենք, ցավոք, հաղթանակն արդեն բաց էինք թողել մեր ձեռքից։ Մենք այսօր ունենք պետություն, մենք այսօր ունենք բանակ, մեր ճանապարհը պետք է լինի հաղթանակը, ոչ թե վրիժառությունը։ Կգնանք վրիժառության ճանապարհով այն ժամանակ, եթե պետություն կորցնենք»

Մանրամասները՝ տեսանյութում․