Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 17:17 28-04-2023

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է կարողանա ապրել խաղաղության, անվտանգության մեջ

Տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը նշանակում է հրաժարվել ցանկացած ուժային գործողությունից։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ․

«Ես դա ասել եմ նաև Բաքվում։ Ադրբեջանական ուժերի առաջխաղացումներին հանդիման մենք չենք կարող թույլ տալ մի երկրի տարածքային ամբողջականությունը չհարգել։ Հակառակը կասեինք, եթե դուք առաջխաղացում ունենայիք Ադրբեջանի տարածքում։ Միջազգային իրավունքը պետք է հարգվի և դա միակ ճանապարհն է, որպեսզի երկու կողմերն էլ առաջ գնան»,- նշել է Կոլոննան։

Կոլոննան ընդգծել է, որ չեն կարող թույլ տալ այն միակողմանի քայլերը, որոնք կատարվում են Ադրբեջանի կողմից։ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարի համաձայնությանը։

«Եթե Ադրբեջանը մտահոգություններ ունի հոսքերի թափանցիկության վերաբերյալ, կան մի շարք այլ միջոցներ այդ հարցին մոտենալու համար, ոչ թե միակողմանի քայլեր ձեռնարկելը։ Արդար և կայուն խաղաղություն նշանակում է խաղաղություն, որը հարգում և պաշտպանում է մարդու իրավունքները։

Մենք գործում ենք մեր ժողովուրդների համար և ցանկանում ենք, որ մարդասիրական քայլերը նպաստեն բանակցությունների համար լավ մթնոլորտի ձևավորմանը, լինեն դրանք ռազմագերիների, անհետ կորածների հարցերը, թե մի շարք այլ դժվարին թեմաներ։ Մենք շարունակում ենք կոչ անել վերականգնել անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև համաձայն Արդարադատության միջազգային դատարանի վճռի։

Շրջափակումն արդեն մի քանի ամիս է տևում, դա ընդունելի չէ, դա չի համապատասխանում միջազգային իրավունքի հանձնառություններին և մարդասիրական ճգնաժամի ռիսկեր է ստեղծում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»,- ասաց Կոլոննան։

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծեց՝ ցանկանում են, որ բանակցություններ վարվեն ԼՂ բնակչության անվտանգության և իրավունքների շուրջ։ «Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է կարողանա շարունակել ապրել խաղաղության, անվտանգության մեջ՝ իր մշակույթի և ավանդույթների նկատմամբ հարգանքով»,- նշեց Կատրին Կոլոննան։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան