Oragir.News-ը մի քանի օր է՝ ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ տարբեր քաղաքներում հեղուկ գազի դեֆիցիտ է։ Մենք նկատել էինք, որ վերջին շրջանում հեղուկ գազը թանկացել է՝ հասնելով 140 դրամի, իսկ լավատեղյակ աղբյուրից մեզ հայտնի էր դարձել, որ հեղուկ գազի դեֆիցիտը պայմանավորված է Լարսով։ Մասնավորապես, Լարսը կրկին փակ է, ռուս սահմանապահները զանազան խոչընդոտներ են ստեղծում, ինչի հետևանքով արտահանման և ներկրման գործընթացներում դժվարություններ կան։
Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Էդուարդ Այվազյանն ասաց, որ Լարսը բաց է, ու որևէ խնդիր չկա, նույն հունով աշխատում է, ինչպես ամեն օր։ Չնայած մեր տեղեկություններով Լարսը փակ է, սակայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնեցին, որ բաց է։
Նախարարության մամլո խոսնակը հայտնեց, որ վերջին օրերին Լարսը միայն մեկ օր է փակ եղել՝ տեխնիկական պատճառներով։