Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:45 17-04-2023

Ստամբուլի քաղաքապետը համարվում է Թուրքիայի ընդդիմության հաջողության առանցքային դերակատարը. Le Monde

Ֆրանսիական Le Monde պարբերականն անդրադարձել է Թուրքիայում կայանալիք համապետական ընտրություններում և ընտրական գործընթացում Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ազդեցությանը։ Այս մասին տեղեկացնում է Gerceknews լրատվական գործակալությունը։

Պարբերականը ընդգծել է, որ Իմամօղլուն Թուրքիայում կայանալիք ընտրություններում ազդեցիկ գործիչ է, որի ժողովրդականությունը և քարոզարշավը կենտրոնացած է տարբեր հիմնական խնդիրների վրա։ Լրատվամիջոցը հայտնել է, որ Էքրեմ Իմամօղլուն դիտվում է որպես մայիսի 14-ին կայանալիք Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաջողության հասնելու հնարավորությունների առանցքային դերակատարը, քանի որ նրա ժողովրդականությունը, էներգիան, և երկրի քաղաքական լանդշաֆտում փոփոխություն մտցնելու վճռականությունը ուշադրություն է գրավել ոչ միայն ներքին, այլ նաև միջազգային մակարդակում։

Le Monde-ն «Ընտրություններ Թուրքիայում. Ստամբուլի կատակասեր Էքրեմ Իմամօղլուն» խորագրով իր հոդվածում պնդել է, որ առաջիկա ընտրությունների արդյունքը, անկասկած, էական ազդեցություն կունենա Թուրքիայի ապագայի և նրա քաղաքական դաշտի վրա, և այս համատեքտում Իմամօղլուն ընդդիմության շարքերում դարձել է նշանավոր գործիչ։

Ֆրանսիական պարբերականը հիշեցնում է, որ Էքրեմ Իմամօղլուն հայտնի դարձավ 2019 թվականին կայացած ՏԻՄ-ը ընտրություններում, որտեղ նա պարտության մատնեց իշխանության թեկնածու, Թուրքիայի նախկին վարչապետ և խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմին։ Բացի այդ Ստամբուլի քաղաքապետը 2022 թվականի դեկտեմբերին պետական պաշտոնյաներին վիրավորելու համար դատապարտվել է ավելի քան երկու տարվա կալանքի, և եթե դատարանի որոշումն ուժի մեջ մտնի, ապա նրան բացի ազատազրկումից սպառնում է նաև քաղաքական գործունեության արգելք։ Լրատվամիջոցը նաև նշել է, որ նախքան ընդդիմության նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածության առաջադրումը Իմամօղլուն համարվում էր հնարավոր միասնական թեկնածու։

Հոդվածում նաև անդրադարձ է կատարվել այն բանին, թե ինչպես է Իմամօղլուն կնոջ հետ միասին հայտնվել իր քարոզարշավի ավտոբուսի վերևում՝ դիմելով Թուրքիայի Քըրքլարելի քաղաքում հավաքված բազմությանը։ Նա իր խոսքերով աշխուժացրել է ամբոխին՝ ասելով. «Մենք որոշել ենք ձեզ հետ պատմություն կերտել»։

Պարբերականն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իմամօղլուի քարոզարշավը կենտրոնանում է տարբեր հարցերի վրա, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, գործազրկությունը, արդարությունը, կանանց իրավունքները, ինչպես նաև փետրվարյան ավերիչ երկրաշարժերը։ Հոդվածում նաև նշվել է, որ Իմամօղլուն շաբաթներ շարունակ ճանապարհորդում է երկրով մեկ, ինչպես վազորդը, հանդիպում է ընտրողների հետ և ստանում նրանց աջակցությունը։

Թուրքիայում իրականացված մի շարք սոցհարցումների արդյունքների՝ Ստամբուլի քաղաքապետը առաջիկա նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաղթելու ամենամեծ շանսեր ունեցող գործիչներից մեկն էր, սակայն վերջինս հրաժարվեց իր թեկնածությունը առաջադրելուց և աջակցություն հայտնեց իր կուսակցության ղեկավար, Թուրքիայի ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։

Իմամօղլուն Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է 2019 թվականի հունիսի 23-ին կայացած կրկնակի ընտրությունների արդյունքում։ Առաջին ընտրությունները կայացել էին նույն թվականի մարտի 31-ին, որում կրկին նա հաղթել էր Էրդողանի կուսակցության ներկայացուցչին, սակայն ձայների չնչին տարբերությամբ, որից հետո ընտրությունները չեղարկվել և կրկնակի ընտրություններ էին նշանակվել։ Հունիսին կայացած կրկնակի ընտրություններում Իմամօղլուն գերազանցեց իր մրցակցին ձայների շուրջ 10 տոկոս առավելությամբ։

Դեկտեմբերին Իմամօղլուն դատապարտվել էր 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման։ Միևնույն ժամանակ Իմամօղլուի նկատմամբ որոշում է կայացվել կիրառել Թուրքիայի քրեական օրենսգրքի 53-րդ հոդվածը, որը սահմանում է քաղաքական գործունեության արգելք՝ 5 տարի ժամկետով։