copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:53 15-12-2022

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի նկատմամբ կայացված դատավճիռը՝ միջազգային լրատվամիջոցների խորագրերում

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով 2023 թվականի ամռանը կայանալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցներից և վերջինիս հաղթելու բարձր շանսեր ունեցող թեկնածուներից մեկն է, նախօրեին դատապարտվել է 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման։ Միևնույն ժամանակ Իմամօղլուի նկատմամբ որոշում է կայացվել կիրառել Թուրքիայի քրեական օրենսգրքի 53-րդ հոդվածը, որը սահմանում է քաղաքական գործունեության արգելք՝ 5 տարի ժամկետով։

Միջազգային՝ հատկապես ամերիկյան և բրիտանական լրատվամիջոցներն անդրադարձել են Ստամբուլի քաղաքապետի նկատմամբ կայացված որոշմանը՝ հատկապես 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների համատեքստում։ Այս մասին տեղեկացնում է «Ermeni haber» գործակալությունը։

«The Guardian» պարբերականը «Ընդդիմությանը ճնշելու վերջին քայլը» վերնագրով հրապարակման մեջ նշել է, որ այս քայլը վերջինն էր ընտրություններից առաջ գլխավոր ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության առանցքային գործիչների վրա գործադրվող ճնշումը մեծացնելու ճանապարհին:

Գործակալությունը շեշտել է նաև, որ ՀԺԿ-ի կարևոր դեմքերից Ջանան Քաֆթանջըօղլուն էլ այս տարի Թուրքիայի Հանրապետությանը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատապարտվել է պատժաչափի ու քաղաքականությամբ զբաղվելու արգելքի:

«The Guardian»-ը հիշեցրել է նաև, որ այս ամենի ֆոնին հունվարին տեղի է ունենալու քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը փակելու պահանջով դատավարությունը:

Բրիտանական հեղինակավոր «Financial Times» պարբերականն էլ նշել է, որ սոցհարցումների համաձայն՝ Իմամօղլուն Էրդողանի ամենաուժեղ հակառակորդներից մեկն է առաջիկա նախագահական ընտրություններում։ «Ձգձգվող տնտեսական ճգնաժամը աննախադեպ աստիճանի նվազեցրել է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը եղած աջակցությունը, որը կառավարում է Թուրքիան 20 տարի: Բայց ԱԶԿ-ն դեռևս երկրի ամենամեծ կուսակցությունն է»,- գրել է թերթը:

Անգլիական «Independent»-ի հոդվածում էլ Իմամօղլուն որակվել է որպես Էրդողանի ամենապոպուլյար հակառակորդ: «Այն, որ Էրդողանի քաղաքական մրցակցին, որից նա ամենաշատն է վախենում, կարող են արգելել հաջորդ տարվա ընտրություններին մասնակցել, զայրույթ է առաջացրել»,- գրել է թերթը՝ հավելելով, որ Էրդողանի ընդդիմախոսները նրան մեղադրուում են դատական համակարգը իր կողմնակիցներով լցնելու և որպես քաղաքական զենք օգտագործելու մեջ:

Ամերիկյան «New York Times» օրաթերթն էլ «Էրդողանը Թուրքիան տարավ դեպի ավտորիտարիզմ» հոդվածում գրել է, որ էրդողանը երկրի ամբողջ տարածքում իր ազդեցությունն օգտագործում է իր իշխանությունն ամրապնդելու և ընդդիմադիրներին տորպեդահարելու նպատակով՝ մղելով երկիրը դեպի ավելի ավտորիտարիզմ: Թերթը հիշեցրել է նաև 2019-ին տասնյակ քուրդ քաղաքապետերի ձերբակալությունները և նրանց փոխարեն պետական կառավարիչների նշանակումները:


Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այդ պաշտոնում ընտրվել է 2019 թվականի հունիսի 23-ին կայացած կրկնակի ընտրությունների արդյունքում։ Առաջին ընտրությունները կայացել էին նույն թվականի մարտի 31-ին, որում կրկին նա հաղթել էր Էրդողանի կուսակցության ներկայացուցչին, սակայն ձայների չնչին տարբերությամբ։ Հունիսին կայացած կրկնակի ընտրություններում Իմամօղլուն գերազանցեց իր մրցակցին ձայների շուրջ 10 տոկոս առավելությամբ։

Ընտրություններում հաղթելուց հետո Իմամօղլուն, օգտագործելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այդ օրերի հայտարարություններից մեկում օգտագործած տխմար բառը, հայտարարել էր, որ մարտի 31-ի ընտրությունները չեղարկողները տխմար են: Տևական ժամանակ շարունակվող դատական գործընթացի ընթացքում Իմամօղլուն բազմիցս ասել է, որ այդ արտահայտությունն ուղղված է եղել հենց Սուլեյման Սոյլուին, այլ ոչ թե ընտրական հանձնաժողովի անդամներին, սակայն դատարանն այսօրվա պատժի հիմքում դրել է հենց պետական մի խումբ պաշտոնյաներին վիրավորելու մեղադրանքը: