copy image url
Ավելին 11 ամիս առաջ - 16:44 04-04-2023

Ֆեդերիկո Ֆելինի և Ջուլիետա Մազիանի․ 20-րդ դարի ամենահայտնի սիրավեպը

Ջուլիետա Մազինայի և Ֆեդերիկո Ֆելինիի պատմությունը, անշուշտ, 20-րդ դարի ամենաազդեցիկ սիրային պատմություններից մեկն է։

Նրանք կինոաշխարհի ամենանշանավոր զույգերից էին։ Նրանց սիրո պատմությունը տևեց ավելի քան հինգ տասնամյակ։ 1943-ի հոկտեմբերի 30-ին՝ իրենց առաջին հանդիպումից ընդամենը մեկ տարի անց, Ֆեդերիկո Ֆելինիին և Ջուլիա Աննա (հետագայում՝ Ջուլիետա) Մազինան գաղտնի ամուսնացան՝ հաշվի առնելով պատերազմը և համատարած աղքատությունը։

Նրանք հանդիպել էին այն ժամանակվա RAI-ում, որտեղ Ֆեդերիկոն ներկայացրել էր «Սիկոյի և Պալինայի արկածները» ռադիոկատակերգության սցենարը։ Ջուլիետային վարձել էին կին կերպարին հնչյունավորելու համար, և չնայած նրանց չափազանց տարբեր էությունների՝ այդ հանդիպումը շրջադարձային եղավ երկուսի համար։ Ֆելինին պնդում էր, որ ծնվեց այն օրը, երբ առաջին անգամ տեսավ Ջուլիետային:




Նրանք առաջին անգամ համագործակցեցին «Ճանապարհ» ֆիլմի ժամանակ։ Դա միջազգային հաջողություն բերեց Ֆելինիին։ Նա ստացավ իր առաջին Օսկարը որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ։ Դրան անմիջապես հաջորդեց երկրորդը՝ «Կաբիրիայի գիշերները» ֆիլմի համար։ Այս ֆիլմում Ջուլիետան մարմնավորեց գլխավոր հերոսուհուն:

Նրանք միասին աշխատել են ընդհանուր առմամբ 7 ֆիլմերի վրա։ Դրանցից շատերի համար Ջուլիետան, որպես դերասանուհի, մրցանակների է արժանացել միջազգային ասպարեզում։

​Նրանց մասնագիտական ​​համագործակցությունը միշտ պսակվում էր հաջողությամբ, իսկ ինչպե՞ս զարգացան նրանց հարաբերություններն իրական կյանքում։ Այստեղ գործն ավելի բարդ էր։ Ջուլիետայի առաջին հղիությունը ընդհատվեց, երբ նա աստիճաններից վայր ընկավ։ 1945-ի մարտի 22-ին նա ծնեց որդի՝ Պիերֆեդերիկո, սակայն 11 օր անց երեխան մահացավ։ Նրա մահը մեծ ցավ պատճառեց զույգին: Նրանք այլևս երեխաներ չունեցան։

Նրանց ամուսնությունը հեռու էր կատարյալ լինելուց։ Ֆելինին հայտնի էր իր դավաճանություններով, իսկ Մազինան, թեև տեղյակ էր դրանց մասին, սակայն նախընտրում էր լռել: Նա մի անգամ ասել է․ «Ես խանդոտ չեմ, բայց սեփականատեր եմ, չեմ սիրում կիսվել»:

Մազինան Ֆելինիի մուսան էր, նրա ամենասիրելի կերպարներից շատերի ոգեշնչումը: Մազինայի տաղանդն ու հմայքը կյանքի կոչեցին Ֆելինիի լավագույն կերպարները և օգնեցին ստեղծել կինոյի պատմության ամենահիշարժան պահերը:



Նրանց սիրո պատմությունն առանց մարտահրավերների չի անցել. Ֆելինին պայքարում էր դեպրեսիայի և կախվածության դեմ, և Մազինան հաճախ էր պայքարում ընտանիքը պահելու համար: Չնայած դրան՝ նրանք նվիրված մնացին և՛ միմյանց, և իրենց գործին։ Նրանք շարունակեցին համագործակցել, և երբեմն Մազինան, որպես ռեժիսոր, ինքն էր ղեկավարում ֆիլմի ընթացքը։

1993-ին՝ մահից մի քանի ամիս առաջ Ֆեդերիկո Ֆելինին ստացավ իր 5-րդ Օսկարը` «ի նշան իր՝ կինոյում ունեցած նվաճումների, որոնք հուզել և ուրախացրել են ողջ աշխարհի հանդիսատեսին»։ Բեմ բարձրանալով նա միայն հետևյալն ասաց․ «Թույլ տվեք ընդամենը մեկ անուն ասել՝ մի դերասանուհու անուն, որը նաև իմ կինն է, շնորհակալություն, սիրելի Ջուլիետա, և խնդրում եմ, մի՛ լացիր»:

Ֆելինիի և Մազինայի սիրո պատմությունն ավարտվեց 1993-ի հոկտեմբերի 31-ին։ Նրանց հարսանիքի 50-րդ տարեդարձից ընդամենը մեկ օր անց Ֆեդերիկոն մահացավ Ջուլիետան այդպես էլ խելքի չեկավ և ամուսնու մահվանից հինգ ամիս անց նա ևս մահացավ։

Ֆելինիի յուրահատուկ տեսլականը և Մազինայի տաղանդն ու հմայքը մինչ օրս շարունակում են ոգեշնչել կինոգործիչներին: Նրանց սիրո պատմությունը, թեև ոչ սովորական, բայց իսկական սիրո և նվիրվածության ուժի վկայություն էր: Նրանք չկան, բայց նրանց պատմությունը հավերժ կապրի։

Արմինե Մուրադյան