Երևան +14°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 22:59 22-03-2023

Մենք նստած էինք նրա դանդաղ սառչող մարմնի մոտ

1923 թվականի մարտի 23-ին՝ երեկոյան ժամը 9-ին, Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացավ Հովհաննես Թումանյանը։ Նա ընդամենը 54 տարեկան էր։

Ամենայն հայոց բանաստեղծի կյանքի վերջին օրերի մասին մանրամասն պատմել է նրա դուստրը` Աշխենը։ Ձեզ ենք ներկայացնում նրա ինքնագրից մի հատված.



«Հայրիկը սպասում էր աչքերը բաց, որ տեղս նստեմ։ Ձեռքս ուզեց, բռնեց ու նորից ննջեց։ Գիշերը հանգիստ էր, ես մի րոպե չհեռացա, չգիտեմ՝ քնած էր, թե ուղղակի աչքերը փակ պառկած էր։ Հանկարծ զգացի, որ հայրիկը ձեռքս բռնեց, ես սթափվեցի, գլխի շարժումով ինձ ցույց տվեց դեպի պատուհանը։ Ետ նայեցի տեսնեմ փաթիլ-փաթիլ ձյուն է գալիս։ Վերջին օրերը լավ եղանակ էր, արև էր։ Նայեցի ժամացույցին, ժամը 6-ն էր։ Ինչպես է եղել նստած տեղս քնել էի։ Քույրն էլ վեր կացավ և ասաց` սրսկելու ժամանակն է։ Ես մոտեցա հայրիկին պատրաստելու, ասավ` «դե մին ա էլի, ձեր խաթեր եմ անում»։ Քիչ հետո ասավ` «Ուտելու և խմելու լավ ախորժակ ունեմ»։ Ես առաջարկեցի գալետ` վրան կարագ ու պաշտետ քսած։ Ասաց` «դե ջուր տուր»։ Մի քիչ ջուր տվի չաշկով, միանգամից վեր քաշեց, խմեց։ Ասի` «Հայրիկ, մի քիչ դանդաղ` չէ որ վնաս է։ «Դարդակ բան ա»։ Մի քիչ հետո էլի ուզեց, բայց բաժակով և լիքը։ Խմեց ամբողջը։ Մի գալետ տվի կարագով և պաշտետով, կերավ և էլի խմել ուզեց։ Ասացի` «Սուրճ տա՞մ»։ «Դե մին ա էլի, դարդակ բան ա»։ Ասի` «սուրճը լավ ա, համ էլ սնունդ ա, համ էլ սիրտը կուժեղացնի»։ «Դարդակ բան ա»։

Մի թաս սուրճ խմեց և մի գալետ էլ կերավ կարագով ու պաշտետով։ Աչքերը շարունակ վազվզում էին, և կարծես բան էր փնտրում։ Քույրը բերավ թեյ։ Թեյ խմելիս ուշքը գնաց։ Արդեն ժամը 9-ն էր, շփում էի ճակատը, սրսկեցինք, ուշքի եկավ, բայց միանգամից թուլացավ։ Քրոջն ասացի, որ հեռախոսով բժիշկ Աբազովին կանչի։ Մի քիչ հետո եկան Արեգն ու Նվարդը։ Հայրիկը հազիվ էր խոսում։ Գթության քրոջից շատ էր գոհ, նա շարունակ փսփսում էր, մի բան էր անում, որ դրությունը թեթևացնի և հաճելի լինի հայրիկին, իսկ ես ոտքերն էի շփում, սառն էին։ Ժամը 11-ին եկավ բժիշկ Աբազովը, Նվարդը զբաղվեց ճաշի հարցով։ Հարցրեց բժշկին. «Բուլյոնը ինչպե՞ս տալ, դեղնուցո՞վ»։ Բժիշկն ասաց` «Իհարկե դեղնուցով, ստամոքսը հո չենք ողողելու»։ Հայրիկը շատ հեգնորեն նայեց բժշկին։ Կարգադրեց 2 ժամը մեկ կանֆորան շարունակել, բայց ամեն սրսկելիս ասում էր` «դարդակ բան ա, ձեր խաթեր եմ անում, դե մին ա էլի...»։ Էլի բժիշկներ եկան։ Շատ անտարբեր էր։ Ես արդեն նստած էի մահճակալի վրա և հաճախ էլ ոտքերը շփում էի։ Սոսկալի էր հայրիկի աչքերի արտահայտությունը, կարծես մեզ հետ չէր, այլ ներքին պայքար ուներ։ Ինչ-որ բան շշնջաց, ես չլսեցի, երկրորդ անգամ ասաց, և շրթունքների շարժումից հասկացա, որ ասաց. «Արի համբուրեմ»։ Ես գրկեցի, համբուրեցի։ Հայրիկը նայեց մյուսներին` Նվարդին ու Արեգին։ Նրանք մոտեցան և համբուրեցին։ Ես վեր կացա, անց գլխի վերևը, որ իմ լացը չտեսնի։ Ասաց. «Ղոչաղ կացեք»։

Մի քիչ հետո դեմքի սոսկալի ցնցումներ եղան մի երկու վայրկյան, աչքերի բիբերը մեծացան, նորից հանգստացավ, բայց այլևս չէր խոսում։ Մի 1/2 ժամ հետո նույնը նորից կրկնվեց։ Ես շարունակում էի ոտքերը շփել, որ տաքանան։ Էտ ժամանակ եկավ Կարենը և ասաց, որ չանեմ, թողնեմ հանգիստ։ Ես միայն էստեղ հասկացա, որ էլ անելիք չունենք։ Նստած էինք երեքով շուրջը և շարունակ հետևում էինք շնչառությանը, մարմնի սառնությանը։ Արեգը շարունակ պուլսն էր հաշվում, թվում էր, թե դեռ զգում է, լսում է, և մահից ոչինչ չէին խոսում։ Արդեն ռադիոյով ամեն կողմը հայտնել էին Թումանյանի մահվան մասին, իսկ մենք դեռ նստած էինք նրա դանդաղ սառչող մարմնի մոտ։ Ժամը 9.10 վերջին շունչն էր։ Ժամը 12-ն էր, որ ճակատը սառավ»։



Հովհաննես Թումանյանի դիահերձումը իրականացվել է Մոսկվայում, որտեղ նրա որդի Արեգը խնդրել է իրեն տրամադրել հոր սիրտը ու այն տարել է իրենց հայրենի գյուղը, պատճառաբանելով. «Իմ սուրբ հոր սիրտը պիտի մեր տանը լինի»։

Ամենայն հայոց բանաստեղծը թաղվել է Խոջիվանքի գերեզմանոցում։ Տարիներ շարունակ նրա սիրտը պահվել է Թումանյանի առանձնասենյակում։ Ավետիք Իսահակյանը այցելել է բարեկամներին ու համոզել՝ սիրտը տեղափոխել Երևանի բժշկական ինստիտուտի անատոմիկումի թանգարան, որտեղ պահվել է մինչև 1994 թվականինը։ Այնուհետև սիրտը նորից տեղափոխվել և թաղվել է Թումանյանի հայրենի տան բակում։



Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ