Երևան +14°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 18:09 21-03-2023

Ես եմ հիմա մի պոետ․ Արարատ Մկրտումյան

Անհետացող լեգենդների լույսի հետ
Եվ ոտաբաց հեքիաթների տենդի մեջ
Հենց այս երգն է միշտ քայլելու դեպի քեզ,
Որպես սկիզբ, որպես ընթացք, որպես վերջ։

Արարատ Մկրտումյան

Լոռվա բնաշխարհի գրկում ծնված ու մեծացած բանաստեղծի սիրտը մի օր ճակատագրի բերումով պետք է գետի պես վարարեր ու ներխուժեր Շիրակի դաշտավայր, սիրահարվեր ապագա կնոջը՝ Կարինեին, ու հանուն նրա տեղափոխվեր Լենինական։ Ահա այսպես՝ սրտի ու բառի մարդ էր Արարատ Մկրտումյանը։ Չափազանց հեշտ էր հաղորդակցման մեջ մտնում։ Շատ կարճ ժամանակահատվածում Լենինականի մշակութային բոլոր ոլորտներում կապեր ուներ։

«․․․․Հայրական տանից եկած օղիներով մրցույթ էր անցկացնում. բանաստեղծների, նկարիչների, արվեստի ընկերների դիմաց օղիներ էր շարում` որոշելու համար ծագումը: Ճիշտ որոշողներին գրքեր էր նվիրում»,- հիշում է Արարատի մտերիմ ընկեր, գրող Գագիկ Սարոյանը։



Այդ ժամանակ Արարատն արդեն Շիրակի գրքասերների ընկերության նախագահն էր։ Նրա առաջնորդությամբ 1980-ականների սկզբին Շիրակի մարզային բաժանմունքի գրողներից առանձնացավ երիտասարդական թև և ստեղծվեց «Շամանդաղ» ալտերնատիվ գրական խմբակը, որի քննարկումներին մասնակցում էր շուրջ 50-60 հոգի։ Հանդիպումների կենտրոնում ինքն էր՝ Արարատը: Կազմակերպվում էին նաև Գրական ուրբաթներ: Բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը հենց այստեղ է հանդիպել Արարատին։ Հիշում է, որ նա չափից ավելի պահանջկոտ էր և մի քիչ բռնկուն, նույնիսկ գրականության մասին խոսելիս դողում էր՝ ամբողջովին ապրելով այն, ինչի մասին խոսում էր։

Միառժամանակ անց Գրողների միության այն ժամանակվա պատասխանատուն փակել տվեց այդ խմբակը: Դա, կարելի է ասել, ոչինչ չփոխեց. հանդիպումները տեղափոխվեցին քաղաքի սրճարաններ, քննարկումները շարունակվեցին սրճարաններում, տնային հանդիպումներում. Արարատը այդ ամենի հոգին էր: Հենց նման հանդիպումների արդյունք է նրա ««Ռոզի կաֆեի» զավակները»։



Արարատն իր գրչակիցների հետ կազմակերպում էր նաև գրական-պոետական խաղեր։ Շատ հաճախ այդ ընթացքում ծնվում էին լավագույն բանաստեղծությունները։ Արարատը հանպատրաստից այնքան լավ էր գրում, որ այդ գործերը հետագայում գրեթե առանց խմբագրության տպագրվում էին «Գարուն»-ում կամ այլ գրական պարբերականներում։

Արարատի մանկության ընկեր Սերգո Երիցյանը հիշում է, որ դեռ Լոռիում, երբ միասին գնում էին «Լոռի» թերթի խմբագրություն նյութեր տրամադրելու, իր լրագրողական հաղորդագրությունը ընդունում էին մի անգամ ընթերցելուց հետո, իսկ երբ Արարատը խմբագրին ներկայացնում էր իր հերթական բանաստեղծությունները, խմբագիր Աբգարյանը կամ մյուսները ավելի էին լրջանում ու անմիջապես խորասուզվում բանաստեղծի տողերում։ Պատասխանը միշտ դրական էր․ «Գրական էջ կձևավորենք, քոնն էլ հետը»։



«Արարատը շատ ինտելեկտուալ, բայց միաժամանակ շատ զգայուն մարդ էր, ուներ սրտային ուղեղ կամ ուղեղային սիրտ»,- ահա բառային այսպիսի խաչաձևումով շատ կարճ, բայց դիպուկ նրան նկարագրեց գրող Ռոզա Հովհաննիսյանը։

Իր էությամբ և մտավոր ներուժի իմաստով առաջնորդ էր, ձևավորել էր ժամանակի գրական ճաշակը։ Իր գաղափարներով և խոսքով միշտ ստիպում էր, որ ձգտեին ավելիին։ Գործուն կերպով նպաստում էր բոլորի ինքնակրթությանը… «Մեկ տոմսեր կարող էր բերել բավականին թանկ համերգների ու ներկայացումների համար, կարող էր հատորներով գրքեր նվիրել, մեկ կարող էր արտագնա հանդիպումներ կազմակերպել` խնջույքը զուգորդելով բանաստեղծությունների ընթերցմանը… Մարդ էր…»,-եզրափակեց Գագիկ Սարոյանը։

Գրքասերների շրջանակում գրքեր բաժանելիս, Արարատը նվիրում էր նաև իր կազմած և տպագրած էջանշանները, որոնց վրա զետեղված էին տողեր Սևակից, Չարենցից և այլ հայ գրողներից։ Այդ ժամանակներում նման յուրօրինակ գաղափարը մեր մեծերի լավագույն հանրահռչակման միջոցներից էր։

Արարատ Մկրտումյանի թողած ժառանգությունը խոսում է մի բանի մասին, թե ինչքան լայն կարող էր նա բացել իր թևերը, եթե չարաբաստիկ երկրաշարժը չկտրեր նրա կյանքի թելը,միաժամանակ անհնար է չնկատել նրա թողած ժառանգության յուրահատկությունը։ Անգամ վաղ փուլում գրված գործերը մեծ խորհուրդ ունեն։ Նա իրեն փորձում էր պոեզիայի տարբեր դրսևորումներում՝ և՛ դասական, և՛ ազատ ոճի։ Ուներ հիանալի գազելներ ու պոեմներ։ Իր պոեմներում նա ամենաշատն է նման իրեն։ Լավագույններից կարելի է առանձնացնել «Չբնակեցված օր կամ Անահիտ» պոեմը։ Հենց այստեղ է, որ ակնհայտորեն երևում է բանաստեղծի անհատական ապրումներից դեպի ընդհանրական վիճակների անցումը։ Նա խոսեց այնպիսի բաներից, որի տակ շատերը կստորագրեին, բայց առաջին նա խիզախեց բարձրաձայնել։



Արարատը բառը զգում է երակով, նրա բանաստեղծություններում աչքի են զարնում բազմաթիվ նորաբանություններ։ Ընդամենը 31 տարում նա հասցրեց մնայուն մի ծավալ թողնել` թողած պոեզիան մաքուր է, կրքով, ազնիվ, գեղարվեստական սիրուն ձևի մեջ:

Դեռ կան Արարատ Մկրտումյանից անտիպ բանաստեղծություններ, որոնք մշակման փուլում են ու անպայման իրենց արժանի տեղը կգտնեն ընթերցողի սեղանին:

Ի հիշատակ, Արարատ Մկրտումյան բանաստեղծի Շիրակի ու Լոռու գրողների միությունները արդեն մի քանի տարի հերթափոխով կազմակերպում են «Արարատ Մկրտումյան» գրական մրցույթ, որի մտահղացումը Արարատի եղբորն է։ Այս տարի անցկացվում է թվով 7-րդ մրցանակաբաշխությունը։

Մեր օրերում Արարատ Մկրտումյանին ավելի ու ավելի շատ են ընթերցում և հենց դա է դասականության ու տաղանդի չափանիշը․ նա կարողացել է ճեղքել ժամանակն ու հասնել մեր օրեր՝ դառնալով սիրելի ու ճանաչելի պոետ։ Նրա երկու գրքերն էլ «Ծանրացող արյուն» (1993) և «Մի հայրենիք ավելի» (2007) տպագրվել են հետմահու։

Ի դեպ, Արարատը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 1988-ի հավաքներին։ «Շարժման ժամանակ Գյումրու մտավորականները առաջին իսկ օրերից հարթակների վրա էին, փորձում էին կառավարել շարժումը, որ այն դուրս չկա հսկողությունից: Կազմկոմիտեի անդամները Արարատի, Տանյայի, Արտուշի /քանդակագործ/ և էլի ուրիշների կարծիքների հետ հաշվի էր նստում: Մինչև եղերական մահն էլ ինքը շարժման առաջամարտիկների մեջ էր»,- վերհիշում է Գագիկ Սարոյանը, որ հետագայում պիտի գործուն մասնակցություն ունենար Արցախյան ազատամարտին։

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ