ՔՊ պատգամավորները համաձայնության են եկել Ադրբեջանի պատվիրակության հետ՝ ընդդեմ Արցախի. Լիլիթ Գալստյան
copy image url

ՔՊ պատգամավորները համաձայնության են եկել Ադրբեջանի պատվիրակության հետ՝ ընդդեմ Արցախի. Լիլիթ Գալստյան

Ներքին 4 ժամ առաջ - 19:54 01-07-2025
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ահազանգում է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանը ներկայացնող իշխանական-ՔՊ-ական 4 պատգամավոր՝ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյանը և Լիլիթ Մինասյանը, ոչ միայն չեն միացել իր առաջարկությանը, այլև պարզվել է, որ նշված խումբը Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության է եկել:

Ըստ պատգամավորի՝ խոսքը, մասնավորապես, վերաբերում է ԵԱՀԿ ԽՎ-ի վերջնական բանաձևում Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքական ղեկավարության դատավարությունները մշտադիտարկող միջազգային առաքելություն ուղարկելու վերաբերյալ պահանջի ձևակերպմանը, ինչպես նաև պահանջ՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ։ Ստորև ներկայացնում ենք պատգամավորի՝ այդ մասին արված հայտարարությունն ու նշված ելույթ-առաջարկն ամբողջությամբ.

«ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանը ներկայացնող իշխանական պատգամավորները չաջակցեցին իմ առաջարկությանը՝ վերջնական բանաձևում պահանջ ձևակերպելու Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքական ղեկավարության դատավարությունները մշտադիտարկող միջազգային առաքելություն ուղարկելու վերաբերյալ՝ մինչև նրանց անվերապահ ազատ արձակումը, ինչպես նաև պահանջ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ։ Ավելին՝ նրանք ոչ միայն չմիացան իմ առաջարկությանը, այլև պարզվեց, որ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել:

Ահա իմ ելույթը՝
Porto, OSCEPA annual session, July 1 Dear colleagues, My modification on the paragraph/52/ refers to the trials of Armenian POWs and preservation of cultural and religious heritage of Nagorno Kharagagh. Different reports reveal that Nagorno Kharabagh former leaders and Armenian prisoners of war remain in Azerbaijani custody under troubling conditions, they are subjected to torture and are denied basic legal protection, including international lawyers. Even Red Cross’s visits are banned. It’s recorded fact that Azerbaijan disregards human rights standards.
I urge my colleagues to advocate for the humane treatment of Armenian POWs and other detainees. This includes allowing international observers, such as those from the OSCE participating states to monitor their treatment until their unconditional release. Additionally, I call for deployment of a fact-finding mission to safeguard the region’s cultural heritage, which is under continuous destruction because of Azerbaijan’s state policy of elimination of Armenian traces. Dear colleagues, I raise the voice of thousands who expect a just decision from this assembly. My suggestions are not opposing the peace process and will only demonstrate Azerbaijan’s political will to positively affect the peaceful agreement.
Your voice is vital for fostering reconciliation.

Հարգելի գործընկերներ, իմ փոփոխության առաջարկը 52-րդ պարբերությունում վերաբերում է հայ ռազմագերիների դատավարություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգության պահպանությանը։ Տարբեր հավաստի զեկույցներ փաստում են, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները և հայ ռազմագերիները շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ՝ խիստ մտահոգիչ պայմաններում։

Նրանք ենթարկվում են խոշտանգումների, զրկված են տարրական իրավական պաշտպանությունից, այդ թվում՝ միջազգային փաստաբանների աջակցությունից։ Կարմիր խաչի այցերն անգամ արգելված են։ Ապացուցված փաստ է, որ Ադրբեջանը անտեսում է մարդու իրավունքների հիմնարար ստանդարտները։ Կոչ եմ անում իմ գործընկերներին հանդես գալ հայ ռազմագերիների և կալանավորված անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի երաշխավորման օգտին։

Սա ենթադրում է միջազգային դիտորդների, այդ թվում՝ ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչների մուտքն ու մշտական վերահսկողությունը՝ մինչև նրանց անվերապահ ազատ արձակումը։ Բացի այդ, կոչ եմ անում նախաձեռնել փաստահավաք առաքելություն՝ տարածաշրջանի մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար, որն այսօր շարունակական կերպով ենթարկվում է ոչնչացման՝ Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող հայկական հետքերի ջնջման քաղաքականության արդյունքում։

Հարգելի գործընկերներ, ես բարձրացնում եմ այն հազարավոր մարդկանց ձայնը, ովքեր սպասում են արդար որոշման այս վեհաժողովից։ Իմ առաջարկները որևէ կերպ չեն խաթարում խաղաղության գործընթացը և միայն հնարավորություն կտան Ադրբեջանին ցուցադրել իր քաղաքական կամքը՝ դրականորեն ազդելու խաղաղ կարգավորման վրա։ Ձեր ձայնը կարևոր նշանակություն ունի հաշտության հաստատման գործում»։