Երևան +18°
copy image url
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 21:30 13-03-2023

Ադրբեջանը արցախցիներին հրավիրում է Բաքու. «շարունակել վերաինտեգրվելու հարցով շփումները»

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը Արցախի հայ բնակչության ներկայացուցիչներին հրավիրում է երկրորդ հանդիպման։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականի թվիթերյան պաշտոնական էջը։

Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմը Արցախի բնակչության ներկայացուցիչներին հրավիրում է հանդիպման՝ այսպես կոչված վերաինտեգրման հետ կապված շփումներ շարունակելու, ինչպես նաև Արցախում ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը քննարկելու համար։ Տարածված հաղորդագրության համաձայն՝ հանդիպումն առաջարկվում անցկացնել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ առաջիկա օրերին։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել էր այս տարվա մարտի 1-ին՝ Արցախի Իվանյան (Խոջալու-խմբ) բնակավայրում։

Հայկական կողմի հայտարարության համաձայն՝ հանդիպման ժամանակ քննարկվել էր Բերձորի միջանցքով մեքենաների անխափան երթևեկությունը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և գազի անխափան մատակարարման և Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգ իրականացնելու հնարավորութունը։ Հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ քննարկումներ են տեղի ունեցել Արցախի բնակիչների՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու վերաբերյալ։

Արցախի իշխանությունները բազմիցս հայտնել են, որ չեն հրաժարվում Բաքվի հետ բանակցություններից, սակայն շեշտում են, որ բանակցությունները հնարավոր են միայն իրավահավասարության պայմաններում և բացառում են Ադրբեջանի կազմ ինտեգրվելու հնարավորությունը։