Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան անդրադարձել է Արցախում ադրբեջանական զինուժի կողմից իրականացված դիվերսիային, որի հետևանքով 3 ոստիկան է մահացել:
«Շատ մտահոգված եմ Ստեփանակերտի շրջակայքում մահացու միջադեպի մասին հաղորդումներով: Այս դեպքը ցույց է տալիս բանակցությունների սեղանի շուրջ չլուծված հարցերի համար լուծումներ գտնելու հրատապությունը։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է Կոլոմինան:
Հիշեցնենք՝ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 և վիրավորվել մեկ ծառայող:
Արցախում դիվերսիայի հետևանքով վիրավոր ոստիկանի վիճակը կայուն ծանր է։