Ներքին 3 տարի առաջ - 21:15 02-03-2023

Շատ էական կարող է լինել միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և ԼՂ. Փաշինյանը՝ Գերմանիայում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էական է համարում Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը՝ միջազգային հանրության համար իրավիճակի ավելի համապարփակ ծանոթացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում:

Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում նոր՝ ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու կապակցությամբ: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ այդ առաքելությունն էական դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման գործում:

Նա անձամբ կանցլեր Շոլցին շնորհակալություն է հայտնել, որովհետև այդ որոշման կայացման գործում նրա անձնական ներդրումը շատ մեծ է:

Փաշինյանի և Շոլցի քննարկումների առանցքային թեմաներից է եղել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակն ու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները:

«2020թ. նոյեմբերի 9-ին հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը հասնելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։ Ցավոք, ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, սպառնում է Հայաստանի ժողովրդավարությանը` խաթարելով մեր կառավարության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը: Այսօր ամենահրատապ խնդիրն այն է, որ Ադրբեջանի կողմից 2022թ. դեկտեմբերի 12-ից փակվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով 120 հազար բնակիչներ հայտնվել են փաստացի շրջափակման մեջ»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի այս գործողությունները 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում են, որը ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մասն է:

«Կարծում ենք՝ շատ էական կարող է լինել միջազգային փաստահավաք առաքելության առաքումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ` միջազգային հանրության համար իրավիճակի ավելի համապարփակ ծանոթացաման համար»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ, որով պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

«Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշման անհապաղ իրականացումը։ Կարևորում ենք Գերմանիայի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և համամարդկային արժեքների պահպանման երկրի հստակ դիրքորոշումը, որը կաջակցի Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին»,-ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»