Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:50 22-02-2023

ԿԳՄՍ նախարարն ու տեղակալն այցելել են և շնորհավորել Արտավազդ Փելեշյանի 85-ամյակը

Այսօր գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի ծննդյան 85-ամյա հոբելյանն է:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Վարպետին՝ շնորհավորելու և պատվելու նրա վաստակը:

«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունենք վայելելու Ձեր տաղանդն ու գործերը: Հույս ունեմ՝ դեռ երկար ժամանակ կշարունակեք ստեղծագործել ու հարստացնել հայ և համաշխարհային կինոարվեստը»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շնորհավորելով Վարպետին:

Ժաննա Անդրեասյանը Փելեշյանին է նվիրել «Համո Բեկնազարյան» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) պատկերագիրքը՝ կարևորելով կինոյի 2 հսկաների փոխառնչությունները: Վարպետը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և հույս հայտնել, որ Համո Բեկնազարյանի հիշատակը Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում ըստ արժանվույն կգնահատվի։

Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև վերջին տարիներին հրատարակված Արտավազդ Փելեշյանի հեղինակային գրքերին ու «Բնություն» ֆիլմին՝ ընդգծելով, որ նրա արվեստը մեզ համար արժանի տեղ է ապահովում համաշխարհային ասպարեզում։

Արտավազդ Փելեշյան արվեստագետին գնահատանքի խոսք է ասել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը. «Վարպետի վաստակը գնահատելն անհամեստ հավակնություն կլինի: Պարզապես պետք է վայելել նրա ներկայությունը, քանի որ նրա ժամանակակից լինելն արդեն իսկ երջանկություն է: Փելեշյանն այն անունն է, որն իմաստավորում է մեր միջավայրը, մեր գեղարվեստական և հոգևոր իրականությունը, անուն, առանց որի՝ անհնար է պատկերացնել հայ կինեմատոգրաֆիայի պատմությունն ու ընթացքը: Նա իր ուրույն տեղն ունի կինոկրթության մեջ, և նրա արվեստով ուսուցանում են արտասահմանյան հաստատություններում»:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նաև տեղեկացրել է, որ Արտավազդ Փելեշյանի վերջին՝ «Բնություն» ֆիլմը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ցուցադրվում է տարբեր երկրներում՝ ստանալով մեծ արձագանք:

«Արտավազդ Փելեշյանը բնապաշտ է, և նա ամեն ինչ գիտի բնության ուժի ու հավերժության մասին»,- եզրափակել է Ա․ Խզմալյանը:

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
11:21 Պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
11:36 Վաճառվում է Լևոն Տեր–Պետրոսյանի դռան ցուցանակը
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին