copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:00 07-02-2023

«Երկիր Նաիրիի» պես Աննա Հակոբյանը նաև գրասենյակն ու աշխատակազմն է կորցրել

Oragir.News-ն օրեր առաջ անդրադարձել էր վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի համար պետական բյուջեի միջոցներով ձեռք է բերված Լexus LX մակնիշի ավտոմեքենային։ Ընդ որում՝ Լexus LX -ի գործարանային հավաքված մոդելային շարքի գները տատանվում են 90 000-ից մոտ 160 հազար դոլարի սահմաններում։ Բայց հայտնի է, որ հաճախորդն ըստ իր ցանկության կարող է ավելացնել բաղադրիչներ, սարքավորումներ կամ աքսեսուարներ, որոնք զգալի կարող են ազդել գնի վրա։

Մենք Աննա Հակոբյանի համար ձեռք բերված մեքենայի վերաբերյալ հարցում էինք ուղարկել Ֆինանսների նախարարություն, սակայն մեզ նախարարությունից պատասխանել էին, որ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Նույնաբովանդակ հարցում ուղարկել էինք նաև ԱԱԾ պետական պահպանության ծառայություն։ ԱԱԾ-ից նույնպես մեզ ներկայացրել էին օրենսդրական կարգավորումները, որոնց համաձայն՝ մեր կողմից հայցվող տեղեկատվությունը դասվում է պետական ծառայողական գաղտնիքի շարքին։ Միաժամանակ, մեզ հայտնում էին, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 6,1 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին։

Ըստ էությամբ, այս պատասխանով ո՛չ Ֆինանսների նախարարությունը, ո՛չ էլ ԱԱԾ-ն չէին հերքել Աննա Հակոբյանի համար նման թանկարժեք մեքենա ձեռք բերելու հանգամանքը։ Նկատենք, որ վարչապետի տիկինոջ՝ հետևաբար պահպանվող անձ լինելու հանգամանքը չի արդարացնում նման թանկարժեք ավտոմեքենայի ձեռք բերման համար պետական միջոցների մսխումը և ապօրինությունը։

Ի դեպ, նախկին ղեկավարների կանանցից որևէ մեկի դեպքում երբևէ նման «շռայլություն» թույլ չի տրվել՝ ո՛չ Բելլա Քոչարյանի, ո՛չ Ռիտա Սարգսյանի համար նման շքեղ ավտոմեքենա չի գնվել, նրանցից որևէ մեկը նման քանակությամբ թիկնապահներով չի շրջել։

Մեքենայի մասին տեղեկատվության մասին մենք հարցում էինք ուղարկել նաև Աննա Հակոբյանի գրասենյակ, սակայն ինչպես այս, այնպես էլ այլ թեմաներով մեր ուղարկած հարցումները մնում են անպատասխան։ Տպավորություն է, որ դրանք, «ցպահանջ», անհասցե նամակներ են։ Հատկանշական է, որ միակ հեռախոսահամարը, որ նշված է Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջում, անհասանելի է, արդեն բավական տևական ժամանակ։ Առհասարակ, Աննա Հակոբյանի գրասենյակի մասին պատերազմից հետո քիչ բան է հայտնի։ Մինչ պատերազմը՝ Աննա Հակոբյանը մամլո խոսնակ ուներ, պատերազմի օրերին խոսնակը դադարեցրեց աշխատանքը Հակոբյանի հետ, այնուհետև, տևական ժամանակ տիկինը խոսնակ էր փնտրում, անգամ մրցույթ հայտարարվեց, սակայն թափուր մնացած պաշտոնն այդպես էլ չհամալրվեց։ Արդյունքում, լրագրողները պարզապես չգիտեն հարցեր ունենալու դեպքում ուր դիմել։ Չնայած դրան՝ Հակոբյանի պաշտոնական կայքէջը շատ ակտիվ պատմում է առաջին տիկնոջ գործունեության, այցերի մասին։ Այդուհանդերձ, այդպես էլ անհասկանալի է՝ Աննա Հակոբյանը գրասենյակ ունի, թե ոչ, որտեղից է ֆինանսավորվում, ինչ օրենքով է կարգավորվում գրասենյակի գործունեությունը։

Ուստի մենք անհանգստացած ենք՝ չլինի թե կորած գրքի՝ «Երկիր Նաիրիի» պես Աննա Հակոբյանը նաև գրասենյակն ու աշխատակազմն է կորցրել։ Եթե քաղաքացիները որևէ տեղեկություն ունեն գրասենյակի առկայության կամ գործունեության մասին, ապա խնդրում ենք դիմել մեզ։

Ամենից շատ դիտված